Բագրատաշեն-Սադախլո անցակետում որոշ ժամանակով դադարեցվել էր բեռնատարների ելքը. ըստ ԱԳՆ-ի՝ բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Սադախլո անցակետից՝ նշելով, թե հայկական բեռնատարներին հետ են ուղարկում Հայաստանի Հանրապետություն՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել բեռները։
Tert.am-ը մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որտեղից տեղեկացրել են, որ որևէ խնդիր չկա, բեռնափոխադրումները կատարվում են սովորական ռեժիմով։
«Բեռնատարների վարորդները, անցնելով համապատասխան ստուգումները, հատում են սահմանը»,-Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեսանյութը՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա ընդգծեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երբեմն կանգնեցնում են բեռնատարների ընթացքը, որպեսզի սանիտարական գործուղություններ անեն։
Դիտարկմանը, թե բեռնատարների վարորդների խոսքով՝ ՌԴ-ից են հորդորել հետ ուղարկել բեռնատարները, Աննա Նաղդալյանն արձագանքեց, որ բեռնատարների ելքի խնդիր չկա։ «Երեկ նաև հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետները՝ նշելով, որ բեռնափոխադրումներն իրականացվելու են բնականոն կերպով»,-հավելեց Նաղդալյանը
Նշենք, որ տեսանյութի հեղինակն ավելի ուշ թարմացրել է գրառումը՝ հայտնելով, որ բեռնափոխադրումը կրկին թույլատրվել է։