Չորս պատերում բանտված երեխաները հետևում էին Շուշան Փաշինյանի ինստագրամին
Հրապարակը գրում է.
Արդեն երկու օր է, բազմաբնակարան շենքերում ապրող մեր երեխաները զրկված են մարքուր օդ շնչելու, բակում խաղալու հնարավորությունից: Իհարկե, սա անխուսափելի միջոց է և բխում է երեխաների առողջությունը պահպանելու, վարակի տարածումը կանխելու անհրաժեշտությունից:
Բայց պատկերացրեք, ինչքան դժվար է չորս պատերում բանտված, տարրական զբոսանքից զրկված երեխաների և նրանց ծնողների համար ինստագրամով դիտել, թե ինչպես է վարչապետի աղջիկը իր մամայի՝ Աննա Հակոբյանի հետ կառավարական առանձնատների տարածքում ազատ պտտվում ու ավտոմեքենա վարել սովորում:
Ոստիկանները Աննա Հակոբյանին տուգանել են 10 հազար դրամով: «Նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար», - գրում է Աննա Հակոբյանը հայտնի սոցցանցում, ուրախանալով, որ նոր Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են:
Ափսոս, որ Հայաստանում չկան բարոյականությունը հսկող ոստիկաններ: Եթե մի 10 հազարով էլ նրանք տուգանեին վարչապետի տիկնոջը համաքաղաքացիների վիճակի մեջ չմտնելու համար, նա, գուցե և ավելի համեստ դառնար, ավելի քիչ ցուցադրեր իր և իր երեխաների կառավարական արտոնություններից օգտվելու հանգամանքը: