Գևորգ Պետրոսյան․ Եթե պարգեւատրվում են ոչինչ չանող նախարարները, ինչո՞ւ պիտի պատգամավորները չպարգեւատրվեն

Հրապարակը գրում է. ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Սա կարելի է համարել դարի մեկենասությունը, մեր պատգամավորները, որոնք չգիտես թե ինչու են ամեն ամիս պարգեւավճար ստանում, որոշել են մեծ լավություն անել հանրությանը՝ իրենց պարգեւավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։ Դժվար է պատկերացնել՝ ինչպես են խեղճուկրակ պատգամավորներն այս մեկ ամիսը յոլա գնալու առանց այդ պարգեւավճարի։

Նկատենք, որ ԱԺ-ում պատգամավորներ կան, որոնք իրենց անգործության, անբանության, դիլետանտության եւ այդ ամենից բխող վնասակարության համար առհասարակ աշխատավարձ չպիտի ստանային, ուր մնաց՝ պարգեւավճար, բայց ամեն ամիս պարգեւատրվում են ու այս մի ամսվա պարգեւավճարն էլ փոխանցում ընդհանուր հաշվեհամարին՝ համարելով, որ մեծ հերոսություն են անում։ Իսկ թե ինչու, իրենց կատարած որ մի հերոսական աշխատանքի դիմաց են նրանք պարգեւատրվում, ոչ ոք չգիտի։ Իրենք՝ նույնպես։ Ու ցավալին այն է, որ անգամ ընդդիմադիրներն այս անհիմն պարգեւավճարների արատավոր պրակտիկային չեն ընդդիմանում, որովհետեւ իրենք էլ են օգտվում դրանից։ Իհարկե, հասկանալի է, որ ԱԺ ղեկավարությունն այս «ավանդույթը» ներդրել է հատուկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնց մեջ ամենաշատն են պորտաբույծի կյանք վարող անբան պատգամավորները, բայց քանի որ չէին կարող իմքայլականներին տալ, ընդդիմադիրներին՝ ոչ, բոլորի համար են այս կարգը սահմանել։ Ու հիմա բոլորը՝ իշխանական, թե ընդդիմադիր, շատ գոհ են ԱԺ ղեկավարության այս որոշումից։
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորներից Արթուր Դավթյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստանալիք պարգեւավճարն արդեն փոխանցել է հաշվեհամարին։ Իսկ ստացե՞լ է արդեն, որ փոխանցել է, պատգամավորն ասաց․ «Չէ, իսկ պարտադի՞ր է ստանալը»։ Իսկ ինչի՞ դիմաց է ինքը պարգեւավճար ստացել, պատգամավորը շատ «օրիգինալ» պատասխան տվեց՝ պատգամավորական աշխատանքի։ Բայց պատգամավորական աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում, այլ ոչ թե պարգեւավճար։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, դարձյալ իրավաբան ու ԱԺ-ում ամեն հարցով քարը քարին չթողնող, բայց այս հարցում զարմանալիորեն լուռ Գեւորգ Պետրոսյանն էլ դժվարացավ ասել, թե որ արդյունավետ աշխատանքի դիմաց են իրենք ամեն ամիս պարգեւավճար ստանում։ Բայց ինքն էլ է իր՝ դեռեւս չստացած պարգեւավճարը փոխանցել հաշվեհամարին։ Պարգեւավճարը կազմել է 152 հազար դրամ։ «Պարգեւավճարի ստացման վերաբերյալ ծանուցումը միշտ էդքան է եկել»,-ասաց նա։


- Պարոն Պետրոսյան, նախկինում է՞լ եք ամեն ամիս պարգեւավճար ստացել։

- Ոչ, նախկինում էդպիսի բան երբեք չի եղել․․․ եղել է, բայց դա օրենքով է, ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով պատգամավորն ամառային արձակուրդից օգտվելիս եւս մեկ անգամ՝ բացի արձակուրդային գումարը, ստանում է խրախուսում՝ մեկ ամսվա աշխատավարձի տեսքով։

- Հիմա ի՞նչ օրենքով են պատգամավորներն ամեն ամիս պարգեւավճար ստանում։

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորված է հարցը։

- Դա Դուք նորմա՞լ եք գնահատում։

- Ինչո՞ւ պիտի աննորմալ գնահատեմ, եթե պարգեւատրվում են ոչինչ չանող նախարարները, ինչո՞ւ պիտի պատգամավորները չպարգեւատրվեն։

- Դրա համար էլ նախարարներին պարգեւավճարների համար այդքան քննադատում են, որովհետեւ պարգեւավճար ստանում են լավ աշխատանքի, լրացուցիչ արդյունք ցույց տալու համար։ Հիմա նույնը պատգամավորների մասով կարող են ասել։

- Դրա համար Դուք ոչ թե պետք է կատեգորիան վերցնեք, այլ կոնկրետ պատգամավորի աշխատանքը, որպեսզի արդարության սկզբունքը պահվի, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի վերջին միտքն ավարտվում է նրանով, որ պետք է արդարության սկզբունքը պահել աշխատանքային հարաբերություններում։ Դուք մի՛ ասեք՝ պատգամավորը, Դուք ասեք՝ այ, էս պատգամավորը։

- Բայց խոսքը բոլոր պատգամավորների մասին է։

- Դե, հիմա, բոլոր պատգամավորները ստանում են խրախուսում, էդ մարդիկ որոշել են, որ․․․ էդ հարցի պատշաճ հասցեատերը ես չեմ։

- Առաջ, ասում են, ծրարով էին ստանում՝ չգիտես որտեղից, հիմա, ստացվում է, օրինական ձեւով են բյուջեն թալանում։

- Դուք դիմեք էն մարդուն, ով որ որոշում է պատգամավորներին խրախուսել, թող ինքն ապացուցի՝ որ պատգամավորն ինչ աշխատանքի համար է խրախուսվում։ Ես էսօր չեմ կարող, բարոյական առումով էլ կոռեկտ չէ, ճիշտ չէ, որ կարծիք հայտնեմ, ասեմ՝ էսինչ էսինչյանը չպետք է խրախուսվի։

- Դուք ամեն ամիս լա՞վ եք աշխատում եւ դրական արդյո՞ւնք եք ցուցաբերում։

- Ուրեմն ես ամեն ամիս կատարում եմ իմ աշխատանքային պարտականությունները։ Այսինքն՝ ես չպիտի գնահատեմ՝ լավ եմ կատարում, թե չէ, ժողովուրդը պետք է տեսնի, գնացեք ժողովրդին հարցրեք՝ Գեւորգ Պետրոսյանը լա՞վ է կատարում իր աշխատանքը, թե՞ չէ։

- Հիմա բարոյականության տեսանկյունից գուցե Դո՞ւք այդ հարցը բարձրացնեք՝ ասեք․ հարգելի՛ գործընկերներ, ենթադրենք, 10 պատգամավոր շատ լավ է աշխատում, ամեն ամիս 600 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս, բայց նաեւ կան պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, ինչի՞ հիման վրա են նրանք ամեն ամիս պարգեւավճար ստանում։

- Դա թող Ազգային ժողովի նախագահը որոշի, ինքը գնահատի՝ նայելով, թե որ պատգամավորն ինչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որպես պատգամավոր՝ ինչ է անում էս կյանքում, ոչ թե գնում է, ամբողջ օրը իրենց տանը նստում հեռուստացույցով հետեւում է քաղաքական կյանքին։

- Բայց տպավորություն է, որ ընդդիմադիր պատգամավորներն էլ են այդ պարգեւավճարները ստանում, դրա համար այլեւս ձայն չեն հանում, քանզի ձեռք չի տալիս այդ մասին խոսելը։

- Չէ, էստեղ ձեռք տալու խնդիրը չի, խնդիրն այն է, որ դու, եթե կատարում ես աշխատանք, պետք է դրա համար վարձատրվես։

- Ու վարձատրվում եք։

- Հասկացանք՝ վարձատրվում ենք, հիմա եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է, կոնկրետ գրված չէ՝ այսինչ պարտականության համար, գրված է, որ հանրային ծառայողը նաեւ պարգեւատրվում է տարվա մեջ չորս անգամ։

- Բայց Դուք ամեն ամիս եք պարգեւատրվում։

- Ես ամեն ամիս չեմ պարգեւատրվում, ասում եմ՝ առաջին անգամ է եկել, հիմա չգիտեմ՝ էս ամիս մենք ենք հրաժարվել, մյուս ամիս կգա՞, թե՞ չէ։

դիտվել է 1087 անգամ
Լրահոս
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am