«Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իրավական վեճ գոյություն չունի. վե՛րջ». Գ.Կոստանյան

Հարցազրույց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:

– ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս քննարկվում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի Մյունխենյան բանավեճը: Դուք՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական մասից ամենատեղեկացված մարդկանցից մեկը, ինչպիսի՞ տպավորություն ստացաք:

– Իհարկե, ուշադրությամբ հետեւել եմ բանավեճին, ինչպես, վստահ եմ՝ շատ շատերը Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Եվ դա բնական է, քանի որ բանավեճի ընթացքում քննարկվում էր Հայաստանի եւ, ինչու չէ, նաեւ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող թերեւս ամենակարեւոր հարցը` Արցախի հիմնախնդիրը: Տպավորություններս կգերադասեմ չբարձրաձայնել: Ինքս բազմաթիվ առիթներ եմ ունեցել բարդ եւ ցավալի հարցեր քննարկել ադրբեջանցի իմ պաշտոնակիցների հետ դեմ առ դեմ, ինչպես նաեւ միջազգային փորձագետների ներկայությամբ, եւ լավ եմ պատկերացնում դրա ամբողջ բարդությունը եւ պատասխանատվությունը:

Կասեմ միայն, որ նման ձեւաչափերում չափազանց կարեւոր է փաստարկների եւ հակափաստարկների կուռ համակարգ ունենալը եւ դրա արդյունավետ կիրառումը: Այս հարցով կարիք չեմ տեսնում ծավալվելու, կարծում եմ՝ բոլորը, ովքեր հետեւել են բանավեճին, ունեն իրենց տպավորությունները դրա վերաբերյալ: Ես իրավաբան եմ եւ կգերադասեի խոսել քննարկման ընթացքում հնչած իրավական հարցերի վերաբերյալ:

– Ադրբեջանի նախագահը եւ, ընդհանրապես, ադրբեջանցի պաշտոնյաները համարյա բոլոր ձեւաչափերում մշտապես խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերից՝ ներկայացնելով դրանք որպես Արցախյան հիմնախնդրին վերաբերող թերեւս ամենակարեւոր փաստաթղթերը, որոնք Հայաստանը չի իրագործում: Իսկապե՞ս այդպես է:

– ՄԱԿ-ի 4 բանաձեւերի հարցը բազմիցս քննարկվել է, եւ միջազգային իրավական առումով դրանք տարընթերցումների առիթ չեն տալիս: Դրանք միայն քաղաքական շրջանակներում կարելի է մանիպուլյացիայի ենթարկել, ինչը եւ փորձեց անել Ադրբեջանի նախագահը: Նման փորձերին մենք հաջողությամբ հստակ հակափաստարկներ ներկայացրել ենք, օրինակ, Եվրոպական դատարանում քննվող մի քանի գործերի շրջանակներում:

Իրական պատկերը հետեւյալն է. ՄԱԿ-ի՝ 1993 թվականի Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող 4 բանաձեւերում կոնկրետ Հայաստանին ուղղված կա 2 պահանջ 853-րդ բանաձեւի 9-րդ պարբերությունում եւ 884-րդ բանաձեւի 2-րդ պարբերությունում:

2 բանաձեւերում էլ Հայաստանին ուղղված պահանջները հստակ են՝ ԱԽ-ն պահանջում է Հայաստանից «օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա», որպեսզի ապահովվի ԱԽ բանաձեւերի կատարումը: Ինչպես Մինսկի Խմբի համանախագահ պետությունները, այնպես էլ Ղարաբաղյան հարցով հետաքրքրվող ցանկացած անձ հստակ գիտի, որ Հայաստանը մշտապես օգտագործել է իր ազդեցությունը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հասնելու եւ ցանկացած չլուծված հարց բանակցությունների միջոցով լուծելու համար:

Նշված 4 բանաձեւերի մնացած բոլոր պահանջները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բոլոր կողմերին (ի դեպ, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղին), իսկ որոշները՝ նաեւ տարածաշրջանի մյուս պետություններին:

Չորս բանաձեւերում, բացի մեկ պահանջից, որ շատ է մեջբերվում մեր հարեւանների կողմից, կան նաեւ այլ պահանջներ, օրինակ՝ ռազմական եւ այլ թշնամական գործողությունների դադարեցում, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կվնասի խաղաղ գործընթացը, հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, չիրականացնել հարձակումներ քաղաքացիական անձանց դեմ, չռմբակոծել բնակավայրեր, չշրջափակել տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ուղիները, չիրականացնել ռազմական գործողություններ, որոնք կարող են վնասել Մինսկի գործընթացը, իրականացնել ուղիղ բանակցություններ:

Հայաստանի դիրքորոշումը ինչպես ԱԽ չորս բանաձեւերի, այնպես էլ միջազգային ցանկացած պայմանագրի դեպքում միշտ եղել է հետեւյալը. կողմը, որ բողոքում է մյուս կողմի չկատարած պարտավորություններից, պետք է պատրաստ լինի ցույց տալու, թե ինքը հենց նույն փաստաթղթի որ պահանջներն է կատարել: Հստակ պետք է արձանագրել, որ իր միջազգային պարտավորությունների գերակշիռ մասը պարբերաբար արհամարհող ադրբեջանական կողմըկորցրել է իրավունքը խոսել մյուս կողմի պարտավորությունների չկատարման մասին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի կողմից շատ սիրված թեմային, այն է՝ թե, իբր, ԱԽ բանաձեւերը պահանջում են Հայաստանից, ինչպես իրենք են պնդում, դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքներից, ապա այստեղ հարկ է հստակ արձանագրել, որ բանաձեւերից ոչ մեկում չկա գոնե մեկ նշում, որ հնարավորություն կտար պնդելու, որ «օկուպացիոն ուժեր» ասելով՝ ԱԽ-ն նկատի է ունեցել հայկական բանակը, կամ այդ պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը:

– Մյունխենյան քննարկման ժամանակ հարց հնչեց՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Արցախյան հիմնահարցով Հաագայի արդարադատության միջազգային դատարան դիմելու հնարավորության վերաբերյալ. ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը՝ այս հարցի կապակցությամբ:

– Ընդհանրապես նախկինում բազմիցս հնչել են նման տեսակետներ, որ կարելի է Արցախյան հիմնախնդիրը ներկայացնել Հաագայի միջազգային դատարան եւ այս ճանապարհով հասնել հարցի իրավական եւ արդար կարգավորմանը: Ես նման մոտեցմանը մշտապես կտրուկ դեմ եմ եղել եւ հիմա էլ դեմ եմ:

Իմ խորին համոզմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իրավական վեճ գոնե մեզ համար գոյություն չունի: Ինչո՞ւ. Արցախի անկախության եւ պետության կառուցման ողջ գործընթացը իրավական առումով անխոցելի է եւ համապատասխանում է միջազգային իրավական բոլոր չափանիշներին:

Եթե կարճ ձեւակերպելու լինեմ, ապա իրավիճակը հետեւյալն է. Արցախը իր ինքնորոշման եւ անկախացման գործընթացը իրականացրել է այդ պահին գործող ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ, իսկ անկախ պետության կառուցման գործընթացը` միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Մոնտեվիդեոի կոնվենցիայի խստիվ պահպանմամբ: Հետեւաբար ես վստահ եմ, որ առկա չէ Հաագայի միջազգային դատարանի իրավազորությանը համապատասխանող իրավական վեճ, որը ենթակա է այդ դատարանի քննությանը:

– Ադրբեջանի նախագահը իրավական փաստարկներ էր անվերջ բերում: Մենք այս մասով անհանգստանալու առիթ ունե՞նք:

– Անհանգստանալու կամ, ավելի ճիշտ, զգոն լինելու կարիք մենք միշտ ունենք: Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի, այսպես կոչված, իրավական փաստարկները ամենալավը աշխատում են ոչ թե իրավական հարթությունում, այլ քաղաքական շրջանակներում եւ հատկապես այն պայմաններում, երբ չեն հանդիպում պատրաստված հակափաստարկների:

Բերեմ մեկ օրինակ. Մյունխենյան բանավեճի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Արցախի բանակի 80 տոկոսը կազմված է Հայաստանի քաղաքացիներից: Այս պնդմանը մենք առնչվում ենք դեռեւս 2006 թվականից, երբ Եվրոպական դատարանը սկսեց Չիրագովի գործի քննությունը:

Հայկական իրավական թիմի աշխատանքի շնորհիվ՝ նման մերկապարանոց պնդումները Ադրբեջանը ավելի քան տասը տարի տեւած դատաքննության ընթացքում այդպես էլ հնարավորություն չունեցավ ապացուցելու, եւ դա է պատճառը, որ Չիրագովի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի իրավազորությունը ճանաչել է՝ոչ թե զորքի առկայության, այլ Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող տնտեսական, քաղաքական եւ այլ տեսակի օգնության հիմքով:

Այսինքն` միջազգային դատարանով հաստատվեց փաստը, որ Արցախի բանակի 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներից չի կազմված: Ասածս հետեւյալն է. Արցախյան հիմնախնդրին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերին խորությամբ տիրապետելու եւ դրանք ճիշտ կիրառելու դեպքում հստակ է դառնում, որ Ադրբեջանի կողմից ներկայացվող իրավական փաստարկների գերակշիռ մեծամասնությունը ուղղակի սնանկ է:

– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Արցախյան հարցի կարգավորման գործընթացում:

– Միակ բանը, որ կուզենայի նշել, դա այն է, որ Արցախի խնդրի պես բարդության աստիճան ունեցող հարցերին չի կարելի մոտենալ առանց խորությամբ տիրապետելու խնդրի բոլոր շերտերին եւ նրբերանգներին: Ամփոփեմ. Հայաստանը չունի եւ երբեք չի ունեցել Ադրբեջանի դեմ իրավական ջախջախիչ փաստարկների պակաս:

Իմ համոզմամբ՝ խնդիրը այլ տեղ է. պետք է համապատասխան մասնագետների օգնությամբ տիրապետել Արցախյան խնդրի իրավական կողմին վերաբերող երբեմն բարդ եւ խճճված փաստարկներին եւ դրանց պատմությանը եւ կարողանալ դրանք ճիշտ օգտագործել քաղաքական բանակցությունների ընթացքում: Եվ սա չի վերաբերում միայն իրավաբանությանը: Վստահ եմ, որ եթե հարցնելու լինեք, օրինակ, պատմաբաններին, նրանք նույնը կասեն` պետք է խորությամբ տիրապետել պատմական փաստերին եւ կարողանալ դրանք ճիշտ օգտագործել քաղաքական բանակցություններում:

armlur.am

դիտվել է 570 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am