6 կետ, թե ինչ ՉՊԵՏՔ Է անի Փաշինյանը․ Դավիթ Շահնազարյանը՝ «Համազգային 6 կոնսենսուսների» մասին

Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն Անկախ-ի խնդրանքով մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Համազգային 6 կոնսենսուսները»։

Շահնազարյանի խոսքով՝ բոլոր այս կետերը կարծես հենց իրեն՝ Փաշինյանին են վերաբերում և արձանագրում, թե ինչ ՉՊԵՏՔ Է անի Փաշինյանը, որն անում է և ծրագրում է անել։ Իսկ թե ինչո՞ւ այս կետերի մասին խոսվեց հիմա, Շահնազարյանի կարծիքով՝ կա մի քանի պատճառ․ գլխավոր պատճառն այն է, որ Արցախի բանակցային գործընթացը մտնում է վճռական փուլ, և Փաշինյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը։ Նրա համոզմամբ՝ ընթանում է իրավական համաձայնագրի ստորագրման գործընթաց, ինչը, սակայն, գաղտնի է պահվում։ Ըստ Շահնազարյանի՝ այս հայտարարությամբ Փաշինյանը փորձում է նաև ազդել Արցախի ընտրությունների վրա։

Անդրադառնալով «Կոնսենսուս 1»-ին, որտեղ Փաշինյանը խոսում է ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից բռնությունը բացառելու անհրաժեշտության մասին և ավելացնում, թե կա մի բացառություն՝ «օրինական ուժի կիրառումը», Դավիթ Շահնազարյանն ասում է․

-Բռնությունը Հայաստանում վերջին երկու տարում իրականացվում է բացառապես իշխանությունների կողմից։ Փաշինյանն ինքը հենց բռնությամբ է եկել իշխանության՝ խախտելով բազմաթիվ օրենքներ։ Իսկ վերջին օրերին մենք տեսնում ենք նաև, թե ինչ բռնություններ է կատարում ոստիկանությունը, և դա ունի հստակ քաղաքական նպատակներ։ Մենք տեսնում ենք բռնություն դատական համակարգի և Սահմանադրական դատարանի ու դատարանի նախագահի նկատմամբ: Նաև ուզում եմ նշել հոգեբանական բռնությունները, որ սանձազերծել է իշխանությունը հասարակության այն հատվածի վրա, որը չի ընդունում իր, այսպես կոչված, «մեսիա» լինելը, այն խուլիգանական, հայհոյանքով համեմված հոգեբանական բռնությունը, որը Փաշինյանն այսօր ավելի է ընդլայնում, քանի որ քաղաքական որևէ փաստարկ չունի բոլոր այն քննադատությունների դեմ, որ իր հասցեին հնչում են և դառնում արդեն համատարած։ Բռնությունը պետական կառույցների նկատմամբ, էլ չեմ խոսում ՀՀ անվտանգության կառույցների դեմ սանձազերծված բռնությունները։ Այնպես որ, այս կետն իրեն է վերաբերում, և որ ասում է՝ բացառություն է միայն «օրինական ուժի կիրառումը», ինքն այս բոլոր բռնություններն էլ համարում է օրինական։ Առհասարակ, ինքը կարծում է, որ օրենքն էլ է ինքը, Սահմանադրությունն էլ է ինքը, հայ ժողովուրդն էլ է ինքը։

«Կոնսենսուս 2»-ը, որտեղ Փաշինյանը խոսում է ժողովրդի և նրա ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման մասին և անդրադառնում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր, Դավիթ Շահնազարյանին հիշեցնում է 2018-ի արտահերթ ընտրությունները։

-Ես ասել եմ ու ասում եմ՝ այդ ընտրությունների արդյունքները չեմ ընդունում։ Դա ժողովրդի ընտրությունը չէր, դա ամբոխի հաղթանակն էր քաղաքացու նկատմամբ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մարդկության պատմության մեջ ամենադաժան հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից, հանուն ժողովրդի և ժողովրդի աջակցությամբ։ Այս կետում Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է նաև, որ շատ ավելի ակտիվ է շարունակելու խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին և այն ամբողջովին իր կառավարման տակ է վերցնելու։ Սա հերթական հարվածն է Արցախի սուբյեկտայնությանը և ըստ էության՝ միտքը հետևյալն է․ եթե իմ ուզած արդյունքը չեղավ, լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը ես եմ որոշելու։ Իսկ Արցախի ընտրություններն ունեն կենսական նշանակություն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Ընդհանրապես, այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, ուղղված է Արցախի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ադրբեջանական սցենարով լուծելու համար։ Հատկապես Ժնևը բացահայտումն էր այդ ամենի։ Բայց Փաշինյանը թող իմանա, որ Արցախում իրավիճակ է փոխվում և՝ ո՛չ հօգուտ իրեն։

«Կոնսենսուս 3» կետին, որտեղ Փաշինյանը հայտարարում է, թե բոլոր այն ուժերը, որոնք մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը, Դավիթ Շահնազարյանը կրկին հակադարձում է՝ հիշեցնելով, որ առաջինը հենց Փաշինյանն էր, որ Արցախ գործուղեց դրսից կառավարվող կազմակերպությունների։

-Այն բարքերը, որ Փաշինյանն իր հետ բերել է իշխանության, փորձում է նաև տեղափոխել Արցախ և տրոհել Արցախի հասարակությունը։ Թիվ մեկ օտար ուժ ներգրավողը հենց ինքն է։ Իրեն հենց օտար ուժերն են բերել իշխանության, և ինքն այդ ուժերի կամակատարն է։ Արևմուտքից և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող ուժերն այսօր իշխանության մեջ բաժնեմաս ունեն, և նրանց մեծ մասի գործունեությունն ուղղակիորեն ուղղված է մեր պետականությանը, մեր անվտանգությանն ու Արցախին։ Բայց այստեղ մի վտանգավոր միտք էլ է օգտագործում Փաշինյանը․ «հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարություն»։ Փաստորեն, նա արդեն խոսում է ողջ հայ ժողովրդի անունից, հասկանո՞ւմ եք, ողջ աշխարհի հայության անունից։

Անդրադառնալով «Կոնսենսուս 4»-ին, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախն ու Հայաստանը կոռուպցիայից զերծ պահելու և կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները վերականգնելու մասին՝ Շահնազարյանն ասում է․

-Այսպես կոչված կոռուպցիայի դեմ պայքարը, որը հռչակել է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդում իրականացնելն է և անձնական հարստացումը։ Կոռուպցիոն բոլոր նախկին սխեմաները գործում են, մենաշնորհները գործում են, և ավելացել են նոր սխեմաներ։ Մի քանիսը թվարկեմ․ օրինակ Հայաստանում երբևէ չէր եղել, որ «տենդեր» հայտարարվեր և հայտարարվելուց հետո պայմանները փոխվեին։ Կամ նրա տիկնոջ հիմնադրամները, որոնք ուղղակի «ռեկետ» են անում։ Այսպես կոչված պարգևավճարները, երբ մեր գումարներն անօրինական ձևով պետբյուջեից գողանում են իրենց թիմի անդամների բարեկեցությունը բարձրացնելու համար։ Հիմա կոռուպցիան մի այլ մակարդակի է հասել։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Կոնսենսուս 5» կետում խոսվում է իրավունքի և օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ինչպես նաև «արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների» մասին, որոնց գոյությունը, ըստ Փաշինյանի սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանը երբեք այնքան հեռու չի եղել իրավական պետություն լինելուց, որքան այսօր։

- Ինչ-որ անհասկանալի սահմանումով օրենք են ընդունում քրեական ենթամշակույթի վերաբերյալ, մյուս կողմից «փռել ասֆալտին», «ծեփել պատին», «կռուտիտ», այս ամենը՝ սկսած «դուխովից», Փաշինյանի բառապաշարն է։ Քրեական, փողոցային լեքսիկան ինքը բերել է քաղաքականություն ու լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ դա է պրոպագանդում։ Ինչ վերաբերում է այս կետում ակնարկվող «արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարաններին», կարծում եմ՝ Փաշինյանը մտահոգված է այն արձագանքներից, որոնք գալիս են Եվրոպայից։ Նա մտահոգված է նաև, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից ինչ որոշում կգա։ Բայց ես կարծում եմ, որ եթե անգամ ՄԻԵԴ-ից ամենախիստ որոշումն էլ գա, Փաշինյանը, օգտվելով դրսի որոշ ուժերի՝ իրեն պաշտպանելու հակվածությունից, որն ունի քաղաքական և Արցախի հարցում իր զիջումներն արդարացնելու պատճառներ, պարզապես կարող է այդ որոշումը հաշվի չառնել։

«Կոնսենսուս 6»-ը, որտեղ ասվում է, թե Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, և որ որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում, Դավիթ Շահնազարյանի համար ամենավտանգավորն է․

-Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկացել, թե Արցախի ազատամարտն ինչի համար է։ Փաշինյանի համար անընդունելի է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում իր իշխանության գալուց առաջ։ Փաշինյանը կենսաբանական ատելություն ունի բոլոր այն անձանց, այն կառույցների հանդեպ, որոնք ներդրում ունեն թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության կայացման գործում։ Դրա համար էլ անունը դրել է «նոր Հայաստան»։ Խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, բայց ամեն քայլափոխի ջախջախում է ինքնորոշման իրավունքը։ Այն, որ ասում է, թե կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար, սա արդեն ինքնորոշման իրավունքից ոտնահարում է։ Ասում է, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Ո՞վ է այդ ժողովուրդը։ Հայաստանում ասում է՝ ժողովուրդը ես եմ, վաղը, եթե Աստված չանի, Արցախում լինի իր դրածոն, նա կգնա, կհանդիպի «ադրբեջանական համայնքի» հետ (որին Փաշինյանն արդեն միջազգային ստատուս է տալիս) և կասի, որ ինչ-որ Փաշինյանն անում է, ճիշտ է անում, և ահա իրենց ուզած անհեթեթությունները հանրային կարծիքի ներքո, ժողովրդի անունից առաջ կտանեն։ Սա է այս ուղերձի նպատակը։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am