8 ժամ դեմ առ դեմ. Մնացականյանը՝ փաստի առա՞ջ

Ժնևում 22:00-ին ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Դատելով ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ այդ հանդիպումը սկսվել էր Երևանի ժամանակով 14:00-ին, ավարտվել՝ 22:00-ին:

Aysor.am-ին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև վաղը: «Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ասաց Նաղդալյանը։

Ասել է թե՝ համանախագահների, հնարավոր է նաև՝ արտգործնախարարների հայտարարությունը կարելի է ակնկալել միայն վաղը:

Փորձենք հասկանալ, ի՞նչ կարող էին քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը... Արդյոք միայն հումանիտար հարցեր, օրինակ՝ լրագրողների շփումներ, տարբեր այլ ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ և այլն:

8 ժամ բանակցելու համար ցանկացած մահկանացուներ, ինչպես ասում են՝ խոսակցության նյութ պետք է ունենան:

Հայկական կողմը մինչև հիմա փորձել է մեզ համոզել, որ որևէ կոնկրետ փաստաթուղթ բանակցություններում չի քննարկվում:

Այդ դեպքում ինչու՞ են հանդիպում ԱԳ նախարարները, առավելևս՝ ի՞նչ են նրանք քննարկում...

Ժամանակն է, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հստակ ու անկեղծ ասի՝ ինչ կա ի վերջո բանակցությունների սեղանին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն՝ ասաց. «Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանավորվածություններ ունենք, փորձում ենք համանախագահների և մյուս կողմի հետ միասին ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հայտարարում ենք համաձայնեցված ձևով: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասաց Մնացականյանը:

Նա հավելել էր, որ չափազանց կարևոր է համարում Արցախի Հանրապետության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- ասաց Մնացականյանը:
Հիշեցնենք, որ Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Մնացականյանին հիշեցրել էին, որ Ազգային ժողովում Փաշինյանը տարեվերջին հայտարարել էր, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, զրոյից ե՞ն սկսվելու բանակցությունները, հարցրել էին Մնացականյանին: «Ոչ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, իսկ 25 տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել բանակցային գործընթացի ամենագործուն և ամենաարդյունավետ, միջազգայնորեն ճանաչված շրջանակը, այդ գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ: Այդ ամենի մեջ մեզ համար չափազանց էական և սկզբունքային է՝ համադրել այդ բազմաթիվ պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային, գերակա դիրքորոշումները»: Մնացականյանը կրկին վստահեցրել էր, որ բանակցություններից չենք խուսափում: Իսկ արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է: «Դեռևս վաղ է խոսել նման բանի մասին: Մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», ասել է նա:

Այսպես, Մնացականյանը փաստում է, որ Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային: «Մեզ համար էական է ապահովել, որ ընտրված իշխանություն ունեցող սուբյեկտի մասնակցության հարցը կարևոր է», վստահեցնում էր նա:Վաղը կփորձենք հասկանալ՝ իսկապե՞ս Արցախի մասնակցության հարցը քննարկվել է:

Նկատենք, թե ինչ մթնոլորտում են Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել:

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը: Այս հանդիպումից հետո միջնորդները հերթական անգամ ընդգծեցին, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, ուստի կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով: Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ, վերհիշելով 2009թ. Աթենքում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը հետագայում հաստատվել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդում»: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների և պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել», - նշվել էր հայտարարությունում:

Դեկտեմբերի կեսին Մամեդյարովը մանրամասներ ներկայացրեց ղարաբաղյան գործընթացից: Նա հայտնեց, որ վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - ասել էր նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր: Նա հայտարարեց, թե վերջին փաստաթուղթը այսպես կոչված «Լավրովի պլանն» է, հավելելով, թե այն մշակվել է մոտ երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ:

Մամեդյարովը շեշտել էր, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Նա հղում էր արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»: Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:

Մինչդեռ պաշտոնական Երևանը արձագանքելով Մամեդյարովին՝ փաստել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում «որևէ փաստաթուղթ չեն քննարկում»: Հայաստանի ԱԳՆ-ն Լավրովի պլանի մասին հարցին պատասխանելիս նշել էր. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4257 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am