«Լավրովին Վրաստան չթողնելով՝ կբարկացնենք եվրոպական գործընկերներին». Մարգվելաշվիլի
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Վրաստան չթողնելով վրացական կողմը կբարկացնի իր եվրոպական գործընկերներին: Սա շատ բարդ թեմա է: Նմանատիպ քաղաքական թեմաները միշտ ունենում են մի քանի կողմ: Առկա է էմոցիոնալ կողմ, որի մասին չեմ ծավալվի: Այս դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե Վրաստանի, այլ մեր եվրոպական գործընկերների հյուրն է: Եթե նայենք իրականության աչքերին, ո՞րն է մեզ համար որոշիչ գործոն: Այդ գործոնով էլ պետք է առաջնորդվենք»,- netgazeti.ge կայքի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի չորրորդ նախագահի խոսքերով, Լավրովին երկիր չթողնելով, իրենք իրենց արժանապատիվ կպահեն, բայց կվտանգեն Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Բացի այդ, ըստ նախկին նախագահի, Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վրաստան լավ հնարավորություն է, որպեսզի միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնանա Թբիլիսիի վրա:
Թբիլիսիում մայիսի 14-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: