Ամենաստոր բաներն էին գրում ինձ. Նիկոլ Փաշինյան
Խոսելով երկրում առկա փոփոխություններից՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը. «Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի։ Այն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ։ 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին. գնում, խայտառակում է մեր երկիրը, գնում է Ryanair-ի պահակի հետ հանդիպում է, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, որ փոփոխությունները տեղի են ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների կյանքում փոփոխությունն այն է, որ հիմա կարող են 50 եվրոյով մեկնել Հռոմ եւ հետ վերադառնալ. «Ասում են՝ Հայաստանում մարդկանց կյանքը ե՞րբ է փոխվելու, շատերը դա ասելով, նկատի են ունենում, որ մարդն առավոտ վեր է կենալու, իր դուռը Կառավարությունը ծեծելու է, ասի՝ մարդ ջան, սուրճ կխմե՞ս, դա՞ռը, թե՞ շաքարով, հետը բուտերբրոտ՝ կարագով պե՞տք ա, մեղր քսե՞նք կարագի վրա… Մարդու կյանքի փոփոխությունն այն է, որ ճանապարհը կառուցված է, որ պետությունն ասում է՝ քաղաքացի ջան, դուք ձեռնարկեք էս գործողությունները մենք ծախսի 70 տոկոսը կվերադարձնենք, եւ դուք ձեր սուրճն ու բուտերբրոտը… ձեզ 0 տոկոսով վարկ կտանք կամ 3 տոկոսով»։