Եթե կառավարությունն ընդառաջում է, ապա այլևս ոչ մի ցույց չպիտի լինի․ Նիկոլ Փաշինյան
«Կառավարությունը սպանդանոցային մորթի դեմ պայքարող ցուցարարներին պայման է առաջարկում։ Մինչև հուլիսի 1-ը պարտադիր է լինելու սպանդանոցային մորթը Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի օբյեկտների դեպքում, իսկ հանրապետության մյուս վայրերում իրավիճակը լինելու է այնպիսին, ինչպիսին փաստացի կար այս կարգավորումից առաջ: Հուլիսի 1-ից արդեն նոր կարգը գործելու է ամբողջ հանրապետությունում: Գործադիրի պայմանն այն է, որ եթե ընդառաջում են, ապա այլևս ոչ մի ցույց չպիտի լինի»:
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ նաև ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այդ փաթեթը, որ առավել արդյունավետ լինի: «Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին, և որևէ ցույց չի լինելու:
Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,-ասաց նա: