Քաոս, զորքերի տեղակայում և գազի պաշարներ. Էրդողանի ու Պուտինի շահերը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովում բանակցող կողմերը քննարկել են հրադադարը, որը կստեղծի երկիրը քաոսային վիճակից դուրս հանելու պայմաններ: Հաջողությունը կընձեռի նավթարդյունահանող կենտրոնների աշխատանքը վերականգնելու հնարավորություն:

«Բանակցություններին մասնակցում են գրեթե բոլոր այն ուժերը, որոնք կարող են նպաստել Լիբիայի ժողովրդի կյանքի բարելավմանը, արձանագրվել է առաջխաղացում համապարփակ հրադադարի հասնելու ուղղությամբ, դեռ կա անելիք, շատ խճճված ռազմադաշտ է, բայց նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը, կանցլեր Անգելա Մերկելը, բոլորը ջանք են գործադրում վտանգները նվազեցնելու, կրակի դադարեցումը երաշխավորելու համար», - ասել է պետքարտուղար Փոմփեոն:

Առանցքային նպատակն է ավարտել քաղաքացիական պատերազմը, որը երկիշխանություն է ստեղծել Լիբիայում: Պառակտված և արյունահոսող երկրի մի հատվածը՝ մայրաքաղաք Տրիպոլին ներառյալ, ենթարկվում է ՄԱԿ-ի և մի շարք պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչված վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի կառավարությանը: Մյուս հատվածն էլ գտնվում է ըմբոստ գեներալ Խալիֆա Հաֆթարի զորքի հսկողության տակ:

Արևմտյան երկրների պնդմամբ՝ Մոսկվան անուղղակի սատարում է Հաֆթարին: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը: «Լիբիայում ազդեցություն ունեցող երկրները խոստացել են չդիմել այնպիսի քայլերի, որոնք հակամարտող կողմերին կդրդեն շարունակել պատերազմը: Ստեղծվում է կոմիտե, որում ներկայացված կլինեն վարչապետի և Հաֆթարի հնգական ներկայացուցիչներ, կոմիտեն ՄԱԿ-ի հսկողությամբ կիրականացնի կայուն հրադադար երաշխավորելու միջոցներ», - ասել է ՌԴ գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Լավրովը:

«Մենք կարող ենք հայտնել, որ բոլոր մասնակիցները համաձայն են հարգել Լիբիային զենք չտրամադրելու էմբարգոն, այն կլինի նախկինի համեմատությամբ առավել խիստ հսկողության տակ», - հավաստիացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներից զատ, բեռլինյան հավաքին մասնակցել է նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները, հորդորում ենք արտաքին դերակատարներին վերջ տալ միջամտությանը, որն աճել է վերջին օրերին: Լիբիան Եվրամիության համար առաջնահերթություն է, և մենք ակտիվ գործողություններ ենք ձեռնարկում հակամարտությունը կարգավորելու և քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար»,- ասել է Բորելը:

Բեռլինյան համաժողովին ներկա են եղել Լիբիայի հակամարտող կողմերի առաջնորդները, ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նաև Բրիտանիայի և Իտալիայի վարչապետեր Ջուզեպե Կոնտեն, Բորիս Ջոնսոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրամիության, Աֆրիկյան միության և Արաբական լիգայի բարձրաստիճան պատվիրակները:

Այս հավաքից նախաշեմին Բեռլինում հանդիպեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Պուտինն ասել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն բարդ երկխոսություն են ունենում, սակայն գործնականում սովորել են փնտրել և գտնել կողմերի համար ընդունելի փոխզիջումներ, որը նա համարել է կառուցողական համագործակցության լավ օրինակ:

Այսպես, Էրդողանը Եվրոպային կոչ է անում աջակցել Թուրքիայի ռազմական ջանքերին Լիբիայում, եթե ցանկանում են այդ երկրում վերջ տալ հակամարտությանը: «Politico» կայքում հրապարակված իր հոդվածում Էրդողանը գրել է, թե հաշվի առնելով, որ Եվրոպան Լիբիային ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ հետաքրքրված չէ, ակնհայտ ընտրությունը Թուրքիային աջակցելն է, որն արդեն խոստացել է ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի կառավարությանը:

Լիբիա զորքեր ուղարկելու Անկարայի որոշման մասին Էրդողանն ասել է. «Մենք վարժեցնելու ենք Լիբիայի անվտանգության ուժերին և նրանց օգնելու պայքարելու ահաբեկչության, մարդկային թրաֆիքինգի և միջազգային անվտանգության այլ լուրջ սպառնալիքների դեմ»: Մինչդեռ Լիբիայում ուրբաթ օրը հակադիր կողմերում՝ մայրաքաղաք Տրիպոլիում և արևելյան շրջանի կենտրոն Բենգազիում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բեռլինի համաժողովի դեմ:

Գեներալ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող Բենգազիում ցուցարարները դեմ են Թուրքիայի միջամտությանը, նրանք Բեռլինի համաժողովից ակնկալիքներ չունեն: Տրիպոլիի ցուցարարները բողոքել են, որ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը համաձայնել է հանդիպել գեներալին, որի զորքերի հարձակումների հետևանքով կառավարության պաշտպաններ են զոհվել: Նրանք հայտարարել են, թե նման բանակցությունները դավաճանություն է ռազմական գործողություններում զոհվածների հանդեպ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարեց Լիբիա զորքեր ուղարկելու որոշման մասին: «Մենք զորքեր ենք ուղարկում Լիբիա պաշտպանելու օրինական կառավարությանը և ապահովելու կայունություն»։ Զորքեր ուղարկելու որոշումը նա կապել է նաև իր երկրի անվտանգության հետ՝ ասելով, թե Թուրքիան կշարունակի օգտագործել դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցները իր հարավում կայունություն ապահովելու համար՝ ներառյալ Լիբիան։ Ավելի վաղ նա սպառնացել էր դաս տալ Լիբիայի ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆթարին, եթե վերջինս շարունակի հարձակումները օրինական կառավարության վրա:

Երկու օր առաջ Մոսկվայում Լիաբայի առաջնորդների, Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, անարդյունք էին ավարտվել: Գեներալ Հաֆթարը Լիբիա էր վերադարձել առանց հրադադարի համաձայնագիր ստորագրելու։

Լիբիայի հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունները պայմանավորած են նաև այդ շրջանի էներգակիրների պաշարներով: Լիբիայի արևելյան շրջանը Միջերկրականին հարող տարածքը հարուստ է գազի էներգակիրներով: Թուրքիան մտադիր է հետազոտել Միջերկրականի այդ շրջանում բնական գազի պաշարները: «Որոնողական աշխատանքներն ու հորատումները մենք սկսելու ենք որքան հնարավոր է շուտ, 2020-ին, այդ տարածքում աշխատելու արտոնագիր ստանալուց հետո», նշել է Էրդողանը՝ հավելելով, թե սեյսմիկ հետազոտություններ կատարող թուրքական նավը շուտով ուղարկվելու է գազի հանքավայրի շրջան: «Միջերկրականում Թուրքիայի ու Լիբիայի միջև ընկած շրջանում իրավական առումով հիմա հնարավոր չէ հետազոտական կամ հորատման աշխատանքներ իրականացնել, խողովակաշարեր անցկացնել, առանց երկու կողմերի թույլտվության», - պարզաբանել է նա:

Անցած նոյեմբերին Անկարան ռազմական և ծովային գործարքների հետ կապված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջի հետ: Էրդողանը գոհունակությամբ հայտարարել է Միջերկրական ծովում էներգակիրների աղբյուրներին հասնելու Թուրքիայի հաջողությունների մասին՝ ասելով, թե «նրանք ցանկանում էին Միջերկրական ծովում բանտարկել Թուրքիային, բայց այդ խաղը մենք ավարտեցինք թուրքական Կիպրոսի ու Լիբիայի հետ կնքած երկու համաձայնագրով: Թուրքիան նոր բարձունքների կհասնի 2020 թվականին՝ պաշտպանելով իր իրավունքները, մասնավորապես, արևելյան Միջերկրականում՝ նոր դուռ բացելով զարգացման համար»։

Էրդողանը ելույթ է ունեցել անցած տարվա արդունքները ամփոփելու կապակցությամբ: Նրա խոսքերով՝ կառավարության 2019-ի գործողությունների պլանով նախատեսված 1451 ծրագրերից 1161-ը իրականացվել է: Նա նաև տնտեսական մի քանի ցուցանիշներ է ներկայացրել՝ խոստանալով, որ 2020 թվականին Թուրքիայի Համախառն ներքին արդյունքը 5 տոկոս աճ կունենա:

Ինչ վերաբերում է Լիբիայի իրավիճակին, ապա 2011 թվականից ի վեր, երբ սպանվեց այդ երկրի երկարամյա ղեկավար Մուամար Քադաֆին, Լիբիայում, ըստ էության, երկիշխանություն է։ Արևելյան շրջանում հաստատվել է գեներալ Խալիֆա Հավթարի վարչակազմը: Նրա ստորաբաժանումների ու Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջև բախումները չեն դադարում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1732 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am