Արցախում լարման վտանգը մեծանում է. ԱՄՆ պատժամիջոցները կարող են հասնել մեզ

Պաշտոնական Երևանը համարում է, որ ամերիկա-իրանական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը դեէսկալացիայի է գնում, սակայն հայաստանյան պետական մարմինները լայնածավալ աշխատանք են կատարել՝ պատրաստվելով վատագույն սցենարին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մեր գնահատականներով՝ ընդհանուր առմամբ ավելի շատ դեէսկալացիայի է գնում: Հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու, իհարկե մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել, և՛ սիրիական ճգնաժամի, և՛ իրանական ճգնաժամի ընթացքում, կարելի է ասել, մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ, շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Որոշակի առումով այս 2 ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու: Այս առումով էլ մենք մեր դիմակայանությունը պարբերաբար բարձրացնում ենք կառավարման համակարգի և ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ մոտակա շրջանում ավելի շատ կայունություն է լինելու», - հայտարարել է նա:

Իրանի կողմից իրաքյան Այն Ալ-Ասադի ու Էրբիլի ռազմաբազաների երեկվա հրթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված են ամերիկյան և արևմտյան կոալիցիոն զինված ուժերը, երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության մասնակցությամբ։ Խորհրդակցությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, թե իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է, Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ, ինչպես նաև հույս էր հայտնել ու կոչ արել «բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»։

Անվտանգության խորհրդի քարտուղարին այսօր հարցրեցինք՝ հաշվի առնելով Հայաստանի լավ հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իրանի հետ՝ հնարավո՞ր է, որ Երևանը միջնորդ հանդիսանա այդ երկրների հարաբերությունների նորմալացման գործում, կամ Երևանը դառնա այն վայրը, ուր կարող են նման բանակցություններ անցկացվել։ «Նման տարբերակ դեռևս չի քննարկվել, իհարկե մենք ցանկություն ունենք, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը, և եթե դրա անհրաժեշտությունը լինի, ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որ կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի», - ի պատասխան ասել է Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի՝ միջնորդական հնարավորությունների մասին խոսակցությունները, մեղմ ասած՝ չափազանցություն է: Բայց որ պաշտոնական Երևանը պետք է իրավիճակը ամենայն լրջությամբ գնահատի՝ դա անխոս:

Հայ-իրանական սահմանը Հայաստանի բաց երկու սահմաններից մեկն է, և Իրանի հետ առևտուրն էլ Հայաստանի արտաքին առևտրի շոշափելի մասն է կազմում։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ անցած տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանի ու Իրանի միջև առևտուրը կազմել է 326.8 միլիոն դոլար, և այդ ցուցանիշով իսլամական հանրապետությունը Երևանի 5-րդ ամենամեծ գործընկեր-պետությունն է։

Լրագրողները հետաքրքրվել էին Անվտանգության խորհրդի քարտուղարից՝ Իրանի շուրջ անկայունության աճը հնարավո՞ր է՝ իր բացասական ազդեցությունն ունենա Հայաստանի տնտեսության վրա։ «Տնտեսական անվտանգության առումով այս պահին մենք խնդիր չունենք, մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից սկսած մինչև անվտանգության կարևոր ենթակառուցվածքների աշխատանք: Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծում արդեն գտել ենք. այն ապրանքները, որոնք եթե ճգնաժամ առաջանա, ինչպես ենք փոխարինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք: Եվ այս առումով կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Ավելի շատ մենք այս պահին ակնկալում ենք, որ, ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու: Տնտեսության առումով 2019թ. մեր գրանցած արդյունքները տնտեսության մեզ ինքնավստահություն են տալիս, և ավելի շատ կայունություն ենք կանխատեսում, ոչ միայն կայունություն, ավելի մեծ զարգացում ենք ակնկալում: Այս առումով կարող եմ ասել՝ ընդհանուր առմամբ դրական են ակնկալիքները», - եզրափակել է Արմեն Գրիգորյանը:

Անհասկանալի է, թե պաշտոնական Երևանի համար՝ «այս պահին ակնկալում ենք, որ, ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու» կանխատեսման հիմքերը որտեղից են գալիս... Հարաբերական անդորրը կարող է միայն թվացյալ լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանին արդեն մեղադրում են ուկրաինական օդանավը խոցելու մասին:

Միաժամանակ, փորձագետները արդեն գնահատում են Իրան-ԱՄՆ դիմակայունության ազդեցությունը՝ Արցախի շուրջ հնարավոր զարգացումներում: Ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետևանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում: Նրանց կարծիքները ներկայացրել է «Ամերիկայի ձայնը»:
Պաշտոնական Երևանը բացառել է իր ներքաշումը հակաիրանական կամ հակաամերիկյան որևէ զարգացման մեջ, սակայն, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հետագա լարվածությունը դժվարացնում է Երևանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը՝ սեղմելով Հայաստանը երկու հիմնաքարերի միջև: «Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը: Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքում տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության և այլ հնարավորություններով: Փոլ Սթնոսկին էլ կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին և Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում:

«Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադրբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- ասում է Սթրոնսկին: Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: «Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական հակամարտության հավանականությունը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, և կարևոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը,- ընդգծում է Կազլյարիչը:

Չնայած վերջին զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության միջև ուղիղ կապի բացակայությանը, վերլուծաբաններն ընդգծում են՝ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում ազդում է ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա: «Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- գտնում է Կազլյարիչը:

Անվտանգության խնդիրների հետ մեկտեղ փորձագետներն ընդգծում են, որ ամերիկա-իրանական լարվածության աճը կունենա նաև տնտեսական ծանր հետևանքներ, հատկապես Հայաստանի դեպքում: «Հայաստանի համար, որը սերտ տնտեսական կապեր ունի Իրանի հետ, վերջինիս տնտեսական կարողության վնասումն ու տնտեսական ակտիվության անկումը, մտահոգության լուրջ առարկա է»,- ասել է Մանկոֆը: Դրա հետ համակարծիք է Փոլ Սթրոնսկին: Հայաստանը կախված է Իրանի հետ տնտեսական կապերից, հատկապես զբոսաշրջության ու էներգետիկ ոլորտներում, նշում է փորձագետը:

Ամերիկացի վերլուծաբանները չեն բացառում՝ Իրանի հետ Հայաստանի սերտ տնտեսական կապերը կարող են հանգեցնել Երևանի նկատմամբ Վաշինգտոնի հավելյալ ճնշման բանեցմանը լարվածության աճի պարագայում, սակայն պարզ չէ, թե ինչպես այն կդրսևորվի և ինչ չափերով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5330 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am