33-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:39-ի սահմաններում Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում, 33-ամյա Մելիք Խումարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 UQ համարանիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի հողաթմբին և մոտ 30 մետր մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Մ. Խումարյանը և նրա ուղևոր, 25-ամյա Կամսար Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազաբալոնի փականը, հոսանքազրկել մեքենան և սահմանազատել տարածքը, մինչ այդ էլ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Վիրավորներից մեկին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ անօգնական վիճակում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Չարչյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: