2019. Հայաստան-հարևաններ-գործընկերներ. Ինչը «ջրվեց», ինչը մնաց

Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան 2019 թվականին:

Հունվարի վերջին Քյոլնից մեկնարկեց Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Մերկելն Հայաստանում էր անցած տարվա օգոստոսին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց: Փետրվար 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ակնկալում է առաջիկայում բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ:

Անգելա Մերկելը, պատասխանելով հարցին, թե արդյոք, հաշվի առնելով ԵՄ «Ավելին ավելիի դիմաց» բանաձևը և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, Բեռլինը մտադիր չէ ջանքեր գործադրել վիզաների ազատականացման ուղղությամբ և ընդհանրապես աջակցել, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրվելիք օժանդակությունը մեծանա, ասաց, որ այդ օժանդակությունը արդեն իսկ հայտնի է, որ շուտով կմեծանա, և այս տարի Հայաստանը Եվրոպական միությունից ավելի մեծ գումար կստանա։ «Այո, այդպես է, մենք արդեն աջակցում ենք։ ԵՄ պարոն Հանի միջոցով իր աջակցությունը հստակ արդեն արտահայտել է, և մենք չենք ցանկանում արգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել։ Հայաստանը իբրև անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրի հետ է աշխատում։ Մենք ունենք արդեն պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները», - նշեց Մերկելը։

Փաշինյանը հավելեց, որ, իր կարծիքով, Ընդլայնման և հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին. - «ԵՄ ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը, և նաև վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը»։
«Շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր զարգացումները, բարեփոխումների մեր օրակարգը կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում։ Մենք այս առումով շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և՛ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների, և՛ Եվրամիության մեր գործընկերների հետ հարաբերություններում։ Այնպես որ, կարծում եմ, որ իսկապես գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է, և պետք է մենք կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության մեր գործընկերներից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից», - ասաց Փաշինյանը։
Փետրվարի վերջին Թեհրանում կայացան հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունները: Իրանի թագավորական «Սաադաբադ» պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
Ռոհանին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը», ասել էր Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին համոզմունք էր հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել: Կողմերը համոզմունք էին հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն: Փաշինյանն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել էին նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլերը:
Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում:
Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել էին նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը: Զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Փաշինյանը և Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ:
Մարտի սկզբին Փաշինյանը Բրյուսելում էր: Նա հղեց իր ամենակարևոր ուղերձը Եվրամիությանը։ «Գիտեք՝ շատ կարևոր է իսկապես և ամբողջությամբ աջակցել բարեփոխումների օրակարգին Հայաստանում։ Ինչպես արդեն ասել եմ՝ աջակցությունը կարող է լինել բարոյական, տեխնիկական, ֆինանսական։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնություն ձեռք բերել CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ, և մենք, իհարկե, պատրաստ ենք լիարժեքորեն կյանքի կոչել Եվրոպական Միության հետ այս համաձայնագիրը», - մեզ հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է Բրյուսելում: Նա բանակցություններ վարեց Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Փաշինյանը ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
ԵՄ-ի հետ հարաբերությունների, շփումների առումով, թերևս, այսքանը: ԵՄ-ն հասկացնել է տալիս, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու հետո միայն կարող է ԵՄ-ի մեծ աջակցության շարունակություն:
Մարտի կեսին պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Կարևոր է, որպեսզի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք», - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շեշտելով․ - «Մեզ համար շատ կարևոր է, որ ծագումով հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում, և ինտեգրված լինեն Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին»:
Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկրներ են․ - «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական նշանակություն ունի կայունությունն ու խաղաղությունը: Սրանք պարտադիր նախապայմաններ են երկու երկրների տնտեսական զարգացման համար»:
Խոսելով տարածաշրջանի հակամարտությունների մասին՝ Վրաստանի նախագահն ասաց, թե դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Մինչդեռ անցած ամիս Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Բաքվում էր, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ադրբեջանի հետ միևնույն խնդիրների միջով են անցել: «Այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները», - Բաքվում ասել էր Սալոմե Զուրաբիշվիլին:
Ուշագրավ է, որ այսօր նախագահական նստավայրում համատեղ հայտարարության ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարածաշրջանային հակամարտությունները, համակարծիք են եղել, որ հիմնահարցերը և համակարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը․ - «Իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը՝ տեղեկացնելով, որ ուրախությամբ է ընդունում Վրաստան այցելելու Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերը:
Վրաստանի նախագահին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն: Փաշինյանը նաև շեշտել էր, որ այն փաստը, որ ինքը առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, ցույց է տալիս իր ղեկավարած կառավարության և անձամբ իր առանձնահատուկ ուշադրությունն ու կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:
Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք, ասել էր Փաշինյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ընթացքում։ «Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա, և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել», ասել էր Փաշինյանը:
Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն՝ լինելու զարգացած և հզոր երկրներ, ասել էր նույն օրը Զուրաբիշվիլին՝ իր պատվին նախագահականում տրված պաշտոնական ճաշի ժամանակ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում, մասնավորապես նշել է.- «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը, հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը: Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:
Չնայած այն բանին, որ Փաշինյանը կարևորում է հարևան Վրաստանի հետ հարաբերությունները, այնուամենայիվ հայ-վրացական հարաբերություններում եղածին առանձնապես մեծ նոր հաջողություններ նա չի ավելացրել: Այդ հարաբերություններն ինչպես կային նախկին ղեկավարների ժամանակ, բավական ակտիվ, այդպես էլ մնացել են: Իսկ նոր նախաձեռնությունների, ծրագրերի մասին այսօր ոչինչ առայժմ չի կարելի ասել:
Հայաստանի արտաքին քաղաքականության առումով կարևոր էր, հոկտեմբեր 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեցին 7 պետությունների առաջնորդներ: Երևան ժամանեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ Հայաստանում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որպես հրավիրյալներ այստեղ են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Վերջինը Երևան ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նույն օրը կայացավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Նիստին բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես կարևորեց Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարների ներկայությունը: «Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: Եվ ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում: Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել», - ասաց Փաշինյանը:
Ընդլայնված նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս գոհունակություն հայտնեց Միության ընդլայնման կապակցությամբ: «ԵվրազԷՍ-ը առաջանցիկ տեմպերով զարգանում է, ստեղծվել է մեծ ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները դրական ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսության աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: Լավ տեմպերով է ընթանում էներգետիկայի ոլորտում միության օրենսդրական կարգավորումների կատարելագործման պրոցեսը: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնեն ԵվրազԷՍ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման շուրջ պայմանավորվածությունները: Միասնական էլեկտրաէներգետիկական տարածքը պետք է ձևավորվի 2025 թվականին՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ձևավորմանը համընթաց: Այս առումով նախևառաջ անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել անդամ-երկրների օրենսդրության միասնականացումը գազի մատակարարման և տեղափոխման ոլորտում», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը։
ԵԱՏՄ նիստում ուշագրավ էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը, ով առիթն օգտագործեց Միացյալ Նահանգներին քննադատելու համար և նշեց, թե համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:
«Միջազգային կարգի հիմքում ընկած է միջազգային հանրության բոլոր անդամների միջև համագործակցությունը բազմակողմանի ձևաչափերով: Եվ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը և իրենց միջազգային պարտավորությունների շրջանակում աջակցել անվտանգությանը, խաղաղությանը և միջազգային կարգին: Որոշ երկրներ, այդ թվում Իսլամական Հանրապետությունը, ընդդիմանում են Միացյալ Նահանգների թշնամական և միակողմանի գործողություններին, ինչը հանգեցրել է դաժան և անմարդկային պատժամիջոցների», - ասաց Հասան Ռոհանին՝ շարունակելով. «Վերջին տարիներին ԱՄՆ-ի օրինակին հետևում են բազմաթիվ երկրներ, այդ թվում անգամ մեր որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ռուսաստանը, կիրառելով միակողմանի մոտեցում և անտեսելով միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը և խախտելով երկկողմ համաձայնությունները: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի մոտեցմանը և լուրջ որոշումներ ու արդյունավետ քայլեր ձեռնարկի դրա դեմ: ԱՄՆ-ի քայլերը՝ դոլարը որպես զենք օգտագործելու, կարող են հանգեցնել տնտեսական ահաբեկչության՝ հասարակ մարդկանց կյանքի դեմ»:
Հետաքրքրական էր, որ այդ օրը Երևանում հանդիպեցին Ռուսաստանի և Իրանի նախագահները: Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի բանակցությունների հիմնական հարցը Հորմուզի նեղուցի անվտանգությանն ուղղված Իրանի նախաձեռնությունն էր, ասված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Պուտինի հետ հանդիպմանը Ռոհանին քննարկել է պաշտոնական Թեհրանի՝ Նյու Յորքում անցած շաբաթ արդեն հնչեցրած՝ Հորմուզի նեղուցի անվտանգությանն ուղղված նախաձեռնությունը: Բացի այդ, Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիան, երկու երկրների երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռոհանիի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի առաջնորդը շեշտել է Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ՝ հույս հայտնելով, թե այդ համագործակցությունն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:
Իրանի նախագահը, իր հերթին, դրական էր գնահատել Ռուսաստանի ջանքերը իրանական միջուկային գործարքը փրկելու հարցում, թեև մինչ այդ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստին քննադատել էր Ռուսաստանին՝ ասելով, թե Ռուսաստանը ևս պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ: «Վերջին տարիներին Միացյալ Նահանգների օրինակին հետևում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ անգամ մեր որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ռուսաստանը, կիրառելով միակողմանի մոտեցում և անտեսելով միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը և խախտելով երկկողմ համաձայնությունները», - Երևանում հայտարարեց Հասան Ռոհանին:
Հոկտեմբերի կեսին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»։
Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:
Ընդլայնված կազմով հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ. «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»: Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել էին առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Նրանք առանձնակի շեշտել էին ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:
Հոկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին էր հարցազրույց տվել: Լրագրողը հիշատակել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական BBC-ի Hard talk հաղորդաշարի շրջանակներում՝ նշելով, որ խոսակցությունն այն մասին էր, թե որ ճանապարհն է ընտրում Հայաստանը՝ Եվրոպա՞ն՝ իր արժեքներով և սկզբունքներով, թե՞ Պուտինի ԵԱՏՄ-ն։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը նման ընտրության առաջ կանգնած չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ է, ունի համաձայնագիր Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը Եվրամիության հետ, և ԵՄ-ն էլ դեմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը ևս Փաշինյանը չէր մեկնաբանել՝ շեշտելով, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Նոյեմբերի կեսին Փարիզում ի պատիվ Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ տրված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության թեմաներով՝ ուշագրավ շեշտադրում անելով, թե՝ «Միացյալ Նահանգների հետ մեկնարկել է ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշանները արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններում շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»:
Վերջին մեկուկես տարում բազմիցս արձանագրվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում սայլը տեղից չի շարժվում:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ շոշափելի հաջողություններ կան․ - «Վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ Ռուսաստանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը: Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»: Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ կարևոր ճեղքման մասին է խոսքը:
Հավելենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մեկ ամիս առաջ հայտարարեց, որ 2019թ. Միացյալ Նահանգները 60 միլիոն դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչը 40 տոկոսով ավելի է, քան անցած տարի:
Փաշինյանը տեղեկացրեց, որ գալիք տարի Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետը գոհ էր Մակրոնի հետ բանակցություններից, և հայտարարեց, որ հույս ունի, որ արդեն այս տարի Եվրամիության հետ կսկսվեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները․ - «Վիզաների հետ կապված կա այսպիսի մի կարևոր վիճակագրություն, որ անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրամիության տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով: Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի»:
Նոյեմբեր 21-ին Միլանում ելույթ ունենալով Միջազգային քաղաքական հետազոտությունների իտալական ինստիտուտում՝ ISPI ուղեղային կենտրոնում Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Հատկանշական է, որ ՀԸԳՀ-ն բարեփոխումներ գեներացնող գործիք է, և դրա դրույթների կատարումը ենթադրում է որակական փոփոխություններ մեր հասարակության շատ ոլորտներում»:
Խոսելով հարևան Թուրքիայի քաղաքականության մասին՝ նա նկատեց. «Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով: Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության: Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ: Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման»: Նա հավելեց, որ՝ «Չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց: Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարներին, ապա դեկտեմբերի վերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է, որ գալիք տարի ԵՄ-ն կարող է աննախադեպ՝ 150 միլիոն եվրո աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ «Եվրամիությունը հաջորդ տարի արդեն 150 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրելու։ Սա աննախադեպ քայլ է և այս առումով մենք շատ կարևորում ենք մեր հարաբերությունների և՛ ներկա դինամիկան, և՛ հաջորդ տարվա սպասելիք զարգացումները։ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության պրոցեսին և զարգացումներին մեր միջազգային գործընկերները շատ դրական են արձագանքում, և սա նաև խոսում է հարաբերությունների մակարդակի մասին», - ասաց Գրիգորյանը։ Հարցին՝ այսինքն` մեկ տարվա ընթացքում 150 միլիոն եվրո օգնություն մյուս տարի Եվրամիությունը տրամադրելո՞ւ է Հայաստանին, ԱԽ քարտուղարը պատասխանել էր. «Բանակցություններ են ընթանում։ Ես համոզված եմ, որ արդեն մենք հասնելու են դրան»։
Այսպիսին էր Հայաստանի արտաքին քաղաքական տարին 2019-ին: Առայժմ Հայաստանի և գործընկերների հարաբերություններում նշանակալի առաջընթացի հույսերը մնում են հաջորդ տարվա վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am