2019. Կրեմլ-Արցախ. Պայթյուն՝ ո՞ւմ կողմից

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կարելի է խիստ ակտիվ համարել անցնող տարում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե դադար են վերցրել հասկանալու կարգավորման գործընթացում տեղի ունեցողը, ի հակառակ դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվեց ակտիվությամբ՝ կազմակերպել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջից Ադրբեջանի նախագահը 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս հայտնեց: Իլհամ Ալիևը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում՝ նշեց. «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում», - ասել էր Ադրբեջանի նախագահը` կրկին պնդելով․ - «Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»:
2019թ. ամանորյա ուղերձում Ալիևը նշել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել: «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ֊ նշել էր նա՝ հավելելով. «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը»: Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել»:
Հունվարի կեսին՝ Մոսկվան դրական գնահատեց ԼՂ խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները: Ամենամյա մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արձանագրեց. «Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները: Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն: Լավրովը նշել էր՝ «Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը»։
Բաքուն տարեսկզբից շարունակում էր ակտիվ հայտարարությունները՝ անվերջ կրկնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ կձեռնարկի հնարավոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ադրբեջանի նախագահը փետրվարի կեսին Real TV-ի հետ զրույցում նշել էր, որ «ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է», և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ: Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:
Հենց այս ելույթում Ալիևն անդրադարձավ Փաշինյանի՝ Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու ելույթներին: «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել»:
«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», - իր հերթին նկատել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Մարտին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկան հայտարարությամբ՝ արձանագրելով. «Համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները:
Եռանախագահները վերստին վկայակոչել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա. «Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն», - ասվում էր համանախագահների հայտարարության մեջ:
Այսպես, մի կողմից Ալիևն էր արձանագրում, որ Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը, մյուս կողմից էլ միջնորդները բանակցային ձևաչափի միակողմանի փոփոխությունն անընդունելի համարեցին՝ ըստ էության, Փաշինյանին հասկացնելով՝ Արցախի բանակցային գործընթացում ներգրավումն այս փուլում իրագործելի չէ:
Մարտի վերջին կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում կայացած բանակցություններին մասնակցում էին համանախագահները: Փաշինյանն ու Ալիևը հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակել էին առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև քննարկմանը նորից միացել էին համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել էր շուրջ 3 ժամ:
Հանդիպումից հետո համանախագահները արդյունավետ գնահատեցին բանակցությունները. «Դրական ենք գնահատում [հանդիպումը]: Երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն էր, որը հնարավորություն տվեց հստակեցնել առաջնորդների դիրքորոշումը, մենք հույս ունենք, որ առաջիկայում նոր հանդիպում տեղի կունենա»,- ասել էր ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Հայկական կողմը «կառուցողական» էր գնահատել Փաշինյան֊Ալիև հանդիպման մթնոլորտը: Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ, «դրական» գնահատեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում ավելի վաղ կայացած հանդիպումը։ «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում»։
Վիեննայում մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից երկու շաբաթ անց՝ ապրիլի կեսին Մոսկվայում կայացավ ԼՂ հարցով փակ բանակցություններ: Ռուսաստանի ԱԳՆ-ում նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետև կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, որին այնուհետև միացել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Վիեննայում կայացած բանակցություններից հետո Փաշինյանն էր զանգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ներկայացրել բանակցությունների ընթացքը, իսկ հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր զանգել Պուտինին։
Հաշվի առնելով Պուտինի ու Լավրովի ակտիվությունը, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանն այս տարին ղարաբաղյան բանակցություններում նորից ձգտում էր ստանձնել գլխավոր միջնորդի դերը:
Ահա մոսկովյան բանակցություններից հետո հրապարակ կրկին նետվեց ռուսական պլանի գոյության մասին թեման:
Մոսկվայում երեկ տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանցի լրագրողներին ասել էր, որ քննարկումները տեղի են ունեցել 2016թ. ռուսական կողմից արված պլանի հենքի վրա: «Հանդիպման օգտակարությունն այն է, որ մենք ավելի խորը հասկացանք, թե ինչ խնդիրներ կան և որոնք է անհրաժեշտ լուծել: Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները», նշել էր Մամեդյարովը:
Իսկ ահա ռուսական «Կոմերսանտ»-ը գրեց, թե կարգավորման գործընթացում երկար տարիների ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել լուծել գերիների հարազատների փոխադարձ այցելությունների հարցը, ինչպես նաև ակտիվացնել լրատվամիջոցների այցերը: Սկսեցին խոսակցությունները նաև այն մասին, որ կողմերը փաստացի որոշել են ուշադրությունը կենտրոնացնել հումանիտար խնդիրների լուծման վրա:
Մայիսի կեսին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել էին ընթացիկ իրավիճակի շուրջ։ «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշել էր Փաշինյանը։ Հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, նա պատասխանել էր. «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց ԼՂ-ի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։
Սակայն Բաքուն անմիջապես հակադարձում էր, որ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:
Գարնան վերջին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել: Մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հանդես եկան հայտարարությամբ: «Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ, և պատշաճ ժամկետներում այս մասին մանրամասներ կհրապարակեն»:
Հունիսին Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման նախաշեմին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն արձանագրեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այցելել էր Երևան և Բաքու:
Հունիսի վերջին առաջին անգամ Բաքուն հայտարարեց, որ կողմերի միջև պահպանվում են բավական լուրջ տարաձայնություններ: Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում՝ հումանիտար ոլորտում, ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո հայտարարեց, որ երկու կողմերի միջև պահպանվում են բավականին լուրջ տարաձայնություններ։ Նրա խոսքով՝ բանակցային սեղանին նույն առաջարկություններն են. «15 տարի շարունակ մենք տեսնում ենք նույն գաղափարները, խաղաղության նույն պլանը»։ Մամեդյարովի խոսքով՝ կայացել են բավականին խորը բանակցություններ և բանակցություններն ավելի բովանդակային դարձնելու համար համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել։ «Տարաձայնությունները դետալներում են», - հավելել էր Մամեդյարովը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ ամենակարևորը հենց այդ դետալներն են։
Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել էր իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարել է դիվերսիայի փորձը կասեցնելու մասին։ Ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ։ Նյույորքյան քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Մնացականյան - Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 20-ին Վաշինգտոնում: Այդ հանդիպումից հետո Մամեդյարովը կարծիք էր հայտնել, թե «անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել, մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք»:
Նկատենք, Երևանի ու Բաքվի խստացող հայտարարությունների ֆոնին Մոսկվան ստանձնել էր Հայաստանին ակտիվորեն քննադատելու դեր: Հոկտեմբերի սկզբին «Վալդայ» համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել: Լավրովը բողոքել էր, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Նա հիշատակել էր, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը: «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», Սոչիում ասել էր Լավրովը:
Այնուհետ, Բաքուն ոգևորված Լավրովի հայտարարություններից՝ արձագանքեց է Փաշինյանի մեկ ամիս առաջ արած հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում ասել էր Ալիևը։ Իր ելույթում նա հիշատակել էր նաև Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Ալիևը նաև անդրադարձել էր Փաշինյանի բազմիցս արած այն հայտարարությանը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար. «Չկա այդպիսի գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը կազմված էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք ունեին հավասար իրավունքներ»։ Նա ևս մեկ անգամ շեշտել էր, որ Բաքվի համար հակամարտության կարգավորումը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների վերադարձ իրենց բնակավայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։
Այս կոշտ հայտարարությունից երկու շաբաթ անց Բաքվում Թյուրքական խորհրդի նիստում արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր Հայաստանի տարածքների թեմայով, թե՝ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը...» «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար», - նույն նիստին նշել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով․ - «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:
Հոկտեմբերի կեսին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում կրկին հարկ համարեց շեշտել, որ «փոքր-ինչ հիասթափված է» սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած բանակցություններից: «Մենք դեռ արդյունքների ենք սպասում: Եթե մենք ուզում ենք շարժվել առաջ, պետք է սկսել այն, ինչը ես սիրում եմ անվանել սուբստանտիվ բանակցություններ, այսինքն` առարկայական բանակցություններ»: Վերջին տարում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են յոթ անգամ, սակայն այդ հանդիպումները, ըստ Մամեդյարովի, դեռ բանակցություններ չեն․ - «Այո, մենք բանակցում էինք: Սակայն մի պահ Մինսկի խմբի համանախագահներն ասացին՝ հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են ընթանում․․․»
Այս միտքը Մամեդյարովն անավարտ է թողել: Հակադարձելով համանախագահներին՝ նա ասում է, թե վերջին տարիներին իրավիճակը շփման գծում միշտ էլ լարված է եղել, ինչը սակայն «չէր խանգարում, որ կողմերը առարկայական բանակցություններ վարեն»․ - «Նախկինում մենք կարողանում էինք առաջ գնալ, և ընթանում էին բավականին լուրջ բանակցություններ: Կետ առ կետ առաջ էինք շարժվում, թե ինչպես կարգավորել ընթացիկ հարցերը»: «Ընթացիկ հարցերի կարգավորումը» Ադրբեջանի ԱԳ նախարարն այսպես է հասկանում․ - «Պետք է պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց խրամատները, իսկ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը: Սրանից հետո միայն կարելի կլինի կարգավորել մնացած հարցերը»:
Մամեդյարովը պնդում էր, թե այս սկզբունքները դրված են այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթում: «Մենք բանակցությունները սկսել ենք Պրահայում, հետո հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը փոքր-ինչ ձևափոխվել էր: Հետո ի հայտ եղավ կազանյան փաստաթուղթը: Մադրիդյան փաստաթուղթը պարբերաբար վերաձևավորվում է, սակայն մնում է այն հիմքը, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Եվ մենք պարբերաբար ասում ենք համանախագահներին, որ մեզ այլ բան չի մնում, քան բանակցել: Պետք է նստել և շարունակել բանակցությունները Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր սեղանին է»:
Հոկտեմբերի վերջին Մոսկվան՝ ի դեմս Լավրովի կրկին քննադատեց Հայաստանի իշխանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձևով պետք է կարգավորել չեն նպաստում խնդրի կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: «Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», - հարցրել է ադրբեջանցի լրագրողը: «Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», - պատասխանել էր Լավրովը:
Նոյեմբերին սկզբին Մոսկվան արձանագրեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում և շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը և որ ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է: ՌԴ ԱԳՆ-ից այս մասին փաստում էին՝ Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի նախօրեին:
Նոյեմբերի 11-ին «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություն արեց՝ «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», - հայտարարեց Լավրովը՝ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Ի դեպ, արձագանքելով հարցին, թե Մոսկվան ինչպես է վերաբերում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երևանի առաջարկին՝ Սերգեյ Լավրովը հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից:
Այս տարեվերջին արդեն, կարծես, Փաշինյանն էլ արձանագրում էր, որ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել և արդեն խոսում էր այն մասին, թե ինչի կհանգեցնի տարածաշրջանում ռազմական սրացումը: «Մեր տարածաշրջանում ռազմական սրացումը աղետալի հետևանքներ կունենա գլոբալ տեսանկյունից: Աշխարհագրական առումով Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ տարածաշրջանի չորս ուղղություններով ահաբեկիչների ներթափանցման համար», նշեց Փաշինյանը Միլանում, Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
«Արցախի հարցը մնում է չլուծված , նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, և միաժամանակ պնդում են, թե Արցախը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մաս: Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից»: Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի, հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, բորբոքում են հակահայկական տրամադրություններ․ - «Ցանկացած օտարերկրացի, որն այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան»:
Փաշինյանն արձանագրել էր. «Չնայած այս ամենին, Հայաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ», - հայտարարել է Փաշինյանը ՝ հավելելով, որ նման հայտարարություն ակնկալում է Ադրբեջանից․ - «Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ»: Փաշինյանը անօգուտ էր համարել Արցախի ու Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ժամանակին փորձել է ու բախվել լուրջ հետևանքների:
«Թանաքն արյունից լավ է»․ Հայաստանի վարչապետը խոսքը եզրափակել է քաղաքագիտության ինստիտուտի կայքում տեղադրված վերնագրերից մեկով: Փաշինյանը շեշտել է, որ այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել․ - «Անհրաժեշտ են թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար»:
Դեկտեմբերի սկզբին Լավրովը Բաքվում էր: Պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ իրագործվեն վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունները, ասել էր Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին. «Մենք շահագրգռված ենք, որ իրագործվեն Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված և Մոսկվայում նախարարների հանդիպմանը վերահաստատված վստահության ամրապնդման միջոցառումների մասին պայմանավորվածությունները»: Նա հավելել էր, որ այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են, և հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:
Իլհամ Ալիևն առիթը բաց չէր թողել ՀՀ իշխանություններին հերթական անգամ քննադատելու համար, դժգոհել է բանակցությունների դանդաղ ընթացքից:
Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը: Այս հանդիպումից հետո միջնորդները հերթական անգամ ընդգծեցին, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, ուստի կոչ են անում կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով: Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ, վերհիշելով 2009թ. Աթենքում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը հետագայում հաստատվել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդում»: «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների և պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել», - նշվել էր հայտարարությունում:
Դեկտեմբերի կեսին Մամեդյարովը մանրամասներ ներկայացրեց ղարաբաղյան գործընթացից: Նա հայտնեց, որ վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր: Նա հայտարարեց, թե վերջին փաստաթուղթը այսպես կոչված «Լավրովի պլանն» է, հավելելով, թե այն մշակվել է մոտ երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ:
Մամեդյարովը շեշտել էր, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Նա հղում էր արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»: Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:
Նա ասում է, թե հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում՝ ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար, նշել է Մամեդյարովը:
Մինչդեռ պաշտոնական Երևանը արձագանքելով Մամեդյարովին՝ փաստել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում «որևէ փաստաթուղթ չեն քննարկում»: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը Լավրովի պլանի մասին հարցին պատասխանելիս նշել էր. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։
Հունվարին Մնացականյանն ու Մամեդյարովը կրկին կհանդիպեն, սակայն ակնհայտ է, որ Երևանն ու Բաքուն գնում են բանակցությունների՝ իրարամերժ դիրքորոշումներով: Գոնե հրապարակային՝ նրանցից մեկը խոսում է առաջարկների մասին, մյուսը՝ հերքում դրանք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2797 անգամ
Լրահոս
Փաշինյանի մանիպուլացիան, Պուտինին ուղղված նամակի հետքերով Զախարովան Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի մասին Թուրքիայում նախատեսում են Bayraktar ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Նիկոլ Փաշինյանը` Al Arabiya-ին Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն խաղաղության․ լուսանկար՝ առաջնագծից Իրանի հատուկ բանագնացը մեկնել է Անկարա՝ ներկայացնելու ԼՂ խնդրի լուծման իրանական տարբերակը Վերջին ժամերին ԼՂ-ում ոչնչացվել է Թուրքիային ենթարկվող 14 սիրիացի վարձկան Անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը. առաջին անգամը չէ, որ նա ինքնասրբագրում է խոսքը.Ավետիքյան (video) Եթե ինչ-որ մեկին թվում է, որ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունները 21-րդ դարում էլ միայն յաթաղանով են իրագործվում, ապա չարաչար սխալվում է Հրանտ Բագրատյանը թշնամի է՞ր, որ ասում էր՝ Ալիևի տեղը լինեմ, կհարձակվեմ. Լևոն Ջավախյան (video) Ֆոսֆորային զենքի կիրառման փաստից հետո Ադրբեջանը ջիգեր է գործադրում՝ ջրից չոր դուրս գալու Դիպուկահար եմ եղել, 78 թուրք եմ խփել. դիպուկահար մայրը որդուն ճանապարհում է առաջնագիծ (video) Զոհվել է Հարութ Մնացականյանի եղբայրը Արցախի հողը մնալու է Էրդողանի կոկորդում. նա պետք է սատկի, նա մեր ձեռքով է գնալու. Լևոն Ջավախյան (video) Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին. Տիգրան Աբրահամյան Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն․ Արմեն Մուրադյան Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած հրթիռային կայանքների թիրախում Արցախի հարավ-արևելյան ճակատում Ադրբեջանը կիրառում է մարտական ավիացիա և տանկեր. Wargonzo «Տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին»․ Ուրիխանյանը՝ վարչապետի նամակի մասին Երևանը Մոսկվային է դիմել խորհրդատվության, ոչ թե ՀԱՊԿ ներգրավման հարցով. դեսպան Պատերազմը թևակոխում է մեկ այլ փուլ. այն նմանվում է 92-ականների պատերազմին.Ալեքսանդր Իսկանդարյան (video) Փաշինյան, եթե չես կարողանում ճիշտ գործել,գուցե տապալում ես ազգային անվտանգության խնդիրը. Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub