Թուրքական ASIMED ընկերությունը 7 լեզվով հակահայկական քարոզչություն է իրականացնում
Թուրքական, այսպես կոչված, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»՝ ASIMED-ը, հայտարարել է նոր կայքի գործարկման մասին: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Հայտարարության համաձայն՝ կայքը դիտարկումներ է անցկացնելու միջազգային մամուլում և հայտնաբերելու է Հայոց ցեղասպանության մասին նյութեր և «հակաթուրքական հոդվածներ», պահպանելու է դրանք իր բազայում, պատասխաններ է պատրաստելու դրանց համար և հրապարակելու է 7 լեզվով:
Tarihigercekler.net անվանումը ստացած կայքը թողարկվելու է թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն:
Կայքն ամուր կապեր է հաստատել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում և Բելգիայում գործունեություն ծավալող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ և աշխատում է նաև այս կառույցների հզորացման ուղղությամբ:
ASIMED-ի ղեկավար Սավաշ Էղիլմեզը նշել է, որ կարճ ժամանակում կայքն ունի ամսական 30 000-ից ավելի այցելու, որոնցից 70%-ն արտերկրից է:
tert.am