Թուրքիան և ՌԴ-ն բանակցություններ են վարում C-400 համակարգերի նոր մատակարարումների շուրջ
Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցություններ են վարում C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը տեղեկացրել է, որ երկրների միջև քննարկվում է նաև համակարգերի տարրերի համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանակումը:
«Համաձայնագրի ստորագրումն արդեն սարերի ետևում չէ»,-հավելել է Դեմիրը:
Նա նշել է նաև, որ Թուրքիային չեն անհանգստացնում այս համակարգերի մատակարարման պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:
С-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:
C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը: