Թուրքիայում առաջարկվել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի վտանգները
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազն իր կուսակցության անունից առաջարկ է ներկայացրել խորհրդարանին՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վտանգներն ուսումնասիրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը՝ tert.am-ի փոխանցմամբ:
Մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Իգդիր քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, և այդ ատոմակայանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար:
«Որպեսզի պարզենք, թե ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ Մեծամորի ատոմակայանը մեր և մեր հարևան երկրների համար, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք, մեր կուսակցության անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական ուսումնասիրության առաջարկ ենք արել»,- ասել է Յավուզյըլմազը:
Թուրք պատգամավորը, խոսելով ատոմակայանի վտանգից, բերել է Չեռնոբիլի ատոմակայանի օրինակը, որի «վթարի հետևանքով առաջացած ճառագայթումը 200 անգամ ավելի մեծ էր, քան Ճապոնիայի վրա նետված ատոմային ռումբերինը»: Թուրք պատգամավորը նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ Չեռնոբիլի պատմության կրկնությունը: