Ալեն Սիմոնյանը գաղտնիք բացեց
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կրկին հիշեց անցած տարվա հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունները եւ ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի հետ տխրահռչակ օրենքով «հեղափոխության ընթացքը կասեցնելու» փորձի մեջ։ Ինչպես ասաց` նշեց, որ նախկինում Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Հիշեցնելով նախորդ տարվա հոկտեմբերի 2-ի դեպքերը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մի գաղտնիք բացեմ, որ հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ-ում տոնակատարություն էր՝ խորհրդարանի 100-ամյակի հետ կապված։ Այդ ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից երկուսն ինձ ասացին, որ ոչինչ, քիչ մնաց, քանի որ մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնենք, թե ինչ կլինի։ Այդ ժամանակ չհասկացա` ինչի մասին է խոսքը, բայց եղավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ արվեց կանգնեցնել ՀՀ-ում սկսված շարժումը։ Հիմա կա դատական համակարգի խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները: Նույն ԲՀԿ-ն խոսում է այն մասին, որ ՍԴ դատավորներն իրենց աչքի լույսը չեն, դատավորներն էլ ասում են, որ կան խնդիրներ, բայց երբ քայլ է արվում որևէ հարցի լուծում տալ, չգիտեմ, թե ինչու՝ շահարկվում է հարց, թե իշխանությունը գնում է նման քայլի, որ իրենց համար շահեկան դատական համակարգ լինի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։