«Իսկ ինչո՞ւ վաղ թոշակի չեք ուղարկում Գլխավոր դատախազին և Հաշվեքննիչ պալատի նախագահին». Անի Սամսոնյան
Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ այս նախագծի նպատակն է հեռացնել Սահմանադրական դատարանի հին անդամներին և նրանց տեղը լրացնել այս իշխանության համար նոր և վստահելի անդամներով:
«Այս տրամաբանությամբ ժողովրդի գրպանից ձեր և ժողովրդի կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է և սրանով դուք լուծելու եք միայն քաղաքական խնդիր, քանի որ սա չի նշանակում, որ մենք բարեփոխելու ենք համակարգը, կամ այդ ՍԴ-ն լինելու է անաչառ»,- ասաց Սամսոնյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե դատավորները կատարել են իրավախախտումներ, ապա նրանց պետք է հեռացնել, իսկ իշխանությունը անում է հակառակը, խրախուսում է և դարձնում «էլիտար կենսաթոշակառու»՝ դեռ կենսաթոշակի տարիքը չլրացած։
Այնուհետև նա հարց բարձրացրեց. «Իսկ ինչո՞ւ նման նախագիծ չի բերվում Հաշվեքննիչ պալատի նախագահի և Գլխավոր դատախազի համար»: