Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին. Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին
«Թրենդը» փոխանցում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման մասին, ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետեւանքների վերացումը: Երեկ մոտ 3,5 ժամ է տեւել հանդիպումը իմ հայ գործընկերոջ հետ: Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Ցավոք, մեր առջեւ դեռեւս կան չլուծված խնդիրներ: Այն, ինչ մենք քննարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական մոտեցում է: Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, այսինքն՝ ղարաբաղյան տարածաշրջանից եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ եւ անվերապահ դուրսբերումը, ինչպես գրանցված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում»,- ասել է Մամեդյարովը: