Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղի անտառում երիտասարդների ծառահատումն ավարտվել է ողբերգությամբ.
Նոյեմբերի 29-ին, արտայարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բանժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Սաշա Մարտիոսյանն էր:
Արդեն հիվանդանոց ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թամազյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը իր համագյուղացիներ՝ 32-ամյա Անդրանիկ Պետրոսյանի և 32-ամյա Կարեն Մատինյանի հետ, նույն օրը մեկնել են «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության թիվ 2 պահաբաժնի «Բդուլղանուտ» կոչվող տարածք, որտեղ Ս. Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել ու այդ ժամանակ հսկայական ծառ հարվածել է նրա գլխին, որն էլ ստացված վնասվածքից մահացել է: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև երկաթե ճոպաններ, տապալված հաստաբուն ծառ, որի վրա եղել են արնանման հետքեր: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: