Խայծը քցում եք, ռեսպուբլիկայով խայտառակում եք ինձ. Վարդան Ղուկասյան (video)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր ևս մեկ անգամ նշեց, որ չի սպառնացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ կապված քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագծի հետ, որի հիմնական զեկուցողը Բաղդասարյանն է. «Ես չեմ ճանաչում այդ աղջկան, չգիտեմ էլ` ով է»:
Լրագրողները հիշեցրին, որ Ղուկասյանը տարիներ առաջ հարցազրույց է տվել Բաղդասարյանին. «Հիմա դուք էլ եք հարցեր տալիս, բոլորիդ հո չեմ ճանաչում, հո չեմ հիշում: Ինքն ասում է, որ ես իրեն սպառնացել եմ, կամ մենք խոսել ենք: Էդ ստերը, որ տարածում եք, վերջում կզգաք, որ ես այդպիսի բան չեմ արել: Երեխեք, հիմա ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք: Ես զարմանում եմ, թե դուք ինչո՞ւ եք հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի, ինչո՞ւ եք խառնվո՞ւմ որ: Ձեր տերերին մի բան եմ ասում ՝ ինձնից հեռու մնացեք, ես շատ շնորքով մարդ եմ, հայրենասեր ու հավատացյալ, երկիր սիրող»:
Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքվեցին նաև իր որդու՝ բանակից ազատվելու պատճառների մասին: Պատգամավորը ներկայացրեց պատճառը, թե ինչո՞ ւ է նա ազատվել բանակից և հավելեց. «Ի՞նչ եք ընկել ստից բաների հետևից, մենք այնքան մաքուր ենք, որ խնդալս էլ է գալիս»: