«Սանիթեք»-ին փոխարինող հիմնարկին 600 մլն դրամ ավել գումար է տրվում, 1,3 մլրդ դրամ տեխնիկայի գումար, բայց անհրաժեշտ որակ չի ապահովվում․ Անի Խաչատրյան
Երևանի 2020 թվականի բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:
Խնդրի կապակցությամբ politik.am-ը զրուցեց Անի Խաչատրյանի հետ։ Ավագանու անդամը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» տարեկան տալիս էր մոտ 5 մլրդ 200 մլն դրամ, հիմա նոր հիմնարկին էլ տալիս է 4 մլրդ 600 մլն, բայց այստեղ կա խնդիր, «Սանիթեքը» ծառայության արժեքի 20 տոկոս հարկ էր վճարում, իսկ նոր հիմնարկն այդ հարկը չի վճարում: Այսինքն՝ մոտ 600 մլն-ով ավել է իր գումարը «Սանիթեքից» կազմում․«Եթե հիշում եք՝ «Սանիթեքն» ասում էր, որ իր գումարը չի բավարարում և այո, այստեղ վտանգ կա, և այս պահին ինձ թվում է՝ դրա ժամանակը չէր, ավելի քիչ գումար պետք է հատկացվեր: Հիմա նոր հիմնարկը «Սանիթեքի» առնվազն առաջին տարվա չափ աշխատանք պետք է իրականացներ, մանավանդ 600 մլն-ով ավել գումար: Մենք աղբաման դատարկելով՝ ասում ենք, թե աղբահանություն ենք իրականացնում, բայց ո´չ բունկերներն են լիարժեք դատարկվում, ո´չ էլ սանմաքրման աշխատանքներ կան, նորից կրկնում եմ՝ 600 մլն «Սանիթեքից» ավել գումար ծախսելով»,-ասաց Անի Խաչատրյանը։
Ավագանու անդամը նաև նկատում է, որ նոր հիմնարկին քաղաքապետարանը նաև տեխնիկայի գումար է տվել․«Իսկ «Սանիթեքը այդ 5 մլրդ-ով նաև իր աղբի մեքենաներն էր գնում, մնացած տեխնիկական հարցերն էր լուծում, մենք առանձին նրան գումար չէինք տալիս, իսկ այստեղ 1 մլրդ 130 մլն-ի չափով էլ առանձին գումար ենք տալիս»,- ասաց մեր զրուցակիցը:
Անի Խաչատրյանը ցավով է նկատում, որ տրված գումարին համահունչ որակ ընկերությունը չի ապահովում․«Ընկերությունը առնվազն պետք է ապահովեր «Սանիթեք» ընկերության գործունեության սկզբում մատուցած որակի ծառայություն՝ հիշում եք, երբ 2014-ին ընկերությունը մուտք գործեց Երևան, բայց ինչպես տեսնում ենք դա այդպես չէ»,-եզրափակեց իր խոսքը ավագանու անդամը։