Օր օրի ավելանում են մեզ աջակցողները . տուն չենք գնալու . ակտիվիստ
«Այսօր նպատակահարմար չգտանք երթ իրականացնելու: Նստացույցը շարունակում ենք: Ընկերները հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են, աջակցում են նստացույցին: Ավելի նպատակահարմար գտանք, որ մնանք նստացույցի վայրում, որ խոսենք, հասկանանք, ով ինչ առաջարկություններ ունի»- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:
«Կոչով դիմել ենք «Լուսավոր Հայաստան» և «ԲՀԿ» կուսակցություններին, և կարծում եմ, որ վաղը նրանցից արձագանքներ կլինեն: Չեմ ուզում ակնկալիքներից խոսել: Ես կարծում եմ, որ նրանք, որպես ընդիմադություն, պետք է մտնեն պրոցեսի մեջ, հետևեն մեր կոչին»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հետագա գործողություններին՝ ակտիվիստը նշեց, որ ուսանողները դարձյալ ակցիա են իրականացնելու: Նա հավելեց նաև, որ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու, որտեղ ավելի հստակ կներկայացնեն իրենց հետագա անելիքները:
«Օր օրի ավելանում են մեզ աջակցողների թիվը՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ: Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է, պարզապես կաշկանդվածություն կա, որը չի թողնում, որ մարդիկ ինչ-որ կերպ իրենց դրսևորեն»,- ասաց նա:
«Ակնհայտ է, որ ԿԳՄՍ-ի դեմ բողոքներ կան: Մենք Արայիկ Հարությունյանին ժետոն ենք փոխանցել, որպեսզի մետրոյով տուն գնա և տեսնի, թե ինչպիսի կարծիք կա իր վարած ԿԳՄՍՆ ոլորտում»,- նշեց նա:
Նա նշեց, որ երթերով պտտվել են գրեթե բոլոր համալսարանների մոտով, և չի եղել մեկ համալսարան, որտեղից երթին միացողներ չլինեին: Ակտիվիստի խոսքով՝ հստակ ազդանշան կա, որ մնացած համալսարաններում ևս բողոքի պահանջ կա:
«Նստացույցը երբեք չենք դադարեցնում, նստացույցը 24 ժամ է: Այո՛, այսօր էլ տուն չենք գնալու»,- ամփոփեց նա: