Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին ևս մեկ հնարավորություն կտա
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց,որ որոշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին չզրկել խորհրդարանում ձայնի իրավունքից՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն:
Նա այդ մասին ասաց, անդրադառնալով օրենքի նախագծերից մեկի քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնից Պետրոսյանի կողմից հնչեցված խոսքերին իր արձագանքին, երբ Միրզոյանը խնդրեց իրեն տրամադրել պատգամավորին ձայնից զրկելու վերաբերյալ իրավական կարգավորման հոդվածը:
«Որևէ քննարկում այդ մասին չեմ ունեցել այդ միջադեպից հետո ո՛չ Գևորգ Պետրոսյանի, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ անդամների հետ: Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ, հետո որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետև ես միշտ ցանկանում եմ նորից մարդուն հնարավորություն տալ մնալ էթիկայի նորմերի շրջանակներում, լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Եթե չլինի, այդ նորմը կա»,- ասաց Միրզոյանը: