Կին է դանակահարողը
Երեկ՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Ոստիկանները պարզել են, որ 40-ամյա մի կին, նույն օրը ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:
Ինչպես ankakh.com-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ կինը ներգրավվել է, որպես կասկածյալ և ձերբակալվել է: Նա տվել է նաև խոստովանական ցուցմունք: - Կասկածյալը մշտական բնակության վայր չունի, ըստ իր ցուցմունքի ապրում է հարազատների, ընկերների տանը, մինչև դեպքն էլ անասնապահությամբ է զբաղվել այլ անձի մոտ, - ասում է Կարեն Գաբրիելյանը: Կինը Աշոցքի տարածաշրջանի բնակիչ է, հոգեկան խնդիրներ ունենալու կամ հոգեբուժարանում հաշվառված լինելու մասին տվյալներ հիմա չկան, բայց մարզի դատախազը նշեց՝ նախաքննության արդյունքում դա էլ կպարզվի, կնշանակվի նաև դատահոգեբուժական փորձաքննություն: Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: