Հարձակման կանաչ լույս, հետո՝ պատժամիջոցներ. ԱՄՆ-ի տարօրինակ պահվածքը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է անել անհապաղ զինադադար հաստատել Սիրիայում։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խիստ է խոսել Էրդողանի հետ: ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ շուտով մեկնելու է տարածաշրջան՝ միջնորդելու ճգնաժամի հանգուցալուծման նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին է սկսել ռազմական գործողությունները Սիրիայի հարավ-արևելքում: Այդ տարածաշրջանում արդեն ավելի քան 160 հազար քաղաքացիական անձ լքել են իրենց տները: «Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չի պատրաստվում հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Մենք կոչ ենք անում Թուրքիային կանգ առնել, վերջ տալ բռնություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - Փենսի խոսքերն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։

«Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչությունները», - Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի խոսքով էլ՝ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել սիրիացի քրդերի և Թուրքիայի ղեկավարների հետ: «Նախ նա հեռախոսազրույց է ունեցել քուրդ գեներալ Մազլումի հետ, նրանից տեղեկացել ծավալվող իրադարձությունների մասին: Գեներալ Մազլումը զեկուցել է նախագահ Թրամփին, որ թուրքական բանակը առայժմ չի հատել 30-մղոնանոց բուֆերային գոտու սահմանը, սակայն լուրջ մտահոգություններ է հայտնել Քոբանի քաղաքում ստեղծված կացության վերաբերյալ: Դրանից հետո նախագահ Թրամփը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը նրան հստակորեն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դադարեցնի Սիրիայի հյուսիսում ծավալած հարձակումը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը: Մայք Փենսի խոսքով՝ ամենամոտ ապագայում իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ չնայած Ասադի զորքերի առաջխաղացմանը՝ Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում: Պաշտոնական Անկարան չի պատրաստվում դադարեցնել այդ երկրի հյուսիսում անցած շաբաթ մեկնարկած հարձակումը, այդ մասին նախօրեին Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Չնայած բոլոր ճնշումներին և սպառնալիքներին՝ [Սիրիայում] իրականացվող գործողությունն ավարտին հասցնելու հարցում մենք շատ հաստատակամ ենք: Ես ցանկանում եմ դա հստակորեն հայտարարել` մենք մեր գործը լիարժեքորեն ավարտին ենք հասցնելու», - հայտարարում էր Էրդողանը:

Երկուշաբթի օրը թուրքական բանակի գործողությունները հիմնականում կենտրոնացել էին Ռաս ալ-Այն քաղաքի մերձակայքում: Թուրքական հրետանին ժամեր շարունակ հրետակոծում էր քաղաքը: Մեկ այլ սահմանամերձ բնակավայր` Թել Աբյադը, երկուշաբթի օրը թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների հսկողության տակ անցավ: Թուրքամետ զինյալները քաղաքի կենտրոնում այրեցին քրդական դրոշը` փոխարենը բարձրացնելով սիրիական ընդդիմության եռագույնը:

Թուրքական հարձակման հետևանքով, ի դեպ, առավելապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ստիպված էին լայնածավալ զորահավաք կազմակերպել, որի արդյունքում ռազմաճակատ ուղարկվեցին նաև տարածաշրջանի խոշորագույն կալանավայրերի և ռազմագերիների ճամբարների պահակազորների անդամները: Որպես հետևանք՝ հանգստյան օրերին հարյուրավոր իսլամիստ զինյալներ, հիմնականում՝ «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալներ, հայտնվեցին ազատության մեջ:

Քրդերի հասցեին, սակայն, մեղադրանքներ են հնչում, որ նրանք դիտավորյալ են ազատ արձակել գերեվարված զինյալներին` առավել ակտիվ միջազգային արձագանք ակնկալելով: Առաջինն այդ մասին Twitter-ում գրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ենթադրելով, թե այդ քայլով քրդերը հույս ունեին, որ ամերիկացիները կմիջամտեն Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պնդմամբ էլ՝ առնվազն մեկ կալանավայրի պարագայում քրդական ուժերը «Իսլամական պետության» նախկին զինյալներին տարել են անհայտ ուղղությամբ: «Դուք գիտեք, որ ռազմական գործողությունների գոտում որոշակի խնդիրներ կան՝ կապված «Իսլամական պետության» զինյալների համար նախատեսված բանտերի հետ: Մեր վերահսկողության ներքո գտնվող շրջանում նման մեկ կալանավայր կար, և մենք պատրաստվում էին շատ լուրջ ջանքեր գործադրել այնտեղ խիստ հսկողություն սահմանելու նպատակով: Բայց երբ մեր զինվորականները մուտք գործեցին այդ բանտ, պարզվեց, որ [քրդական] Ժողովրդական պաշտպանության ուժերն արդեն լքել են տարածքը` տեղահանելով նաև բանտարկյալներին», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` չհստակեցնելով, այդուհանդերձ, թե քրդական ուժերն ուր են տեղափոխել իսլամիստ զինյալներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1071 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am