«Տնտեսական հեղափոխության» միֆը. ի՞նչ էր խոստանում Փաշինյանը և ի՞նչ ունենք այսօր.tert.am

2019-ի փետրվարին էր, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Թե ինչը կարող էր ստիպել Նիկոլ Փաշինյանին ԱԺ բարձր ամբիոնից նման հակագիտական հայտարարությամբ հանդես գալ, իհարկե, պարզ է. նա, ինչպես միշտ, լուծում էր տպավորիչ լինելու խնդիր:


Ի՞նչ ունենք այդ ելույթից երկար ամիսներ անց:

Առաջին հերթին ունենք ճչացող դիսոնանս` իրական կյանքի ու, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուքում» հաճախակի արվող գրառումների միջև, որոնցով պատմվում են Հայաստանի «ծաղկուն» ներկայի ու ապագայի մասին:

Երբեմն-երբեմն էլ նրա ենթականերն են ֆեյսբուքյան գրառումների կամ հայտարարությունների միջոցով ավետում «ծաղկող Հայաստանի» տնտեսական ձեռբերումների մասին՝ երկրորդելով վերադասին: Օրինակ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հյութեղ գրառմանն, ուր Փաշինյանը խոսել էր 2019 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունեցած 7.6% տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին՝ միաժամանակ մեջբերելով օգոստոսի արդյունքներով 2019-ի տարեկան ցուցանիշները՝ գայթակղիչ թվերով համեմված, հաջորդել էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ օրերս արած այն հուսադրող հայտարարությունը, թե ձգտում են ունենալ երկնիշ տնտեսական աճ, իսկ ահա կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ապահովել առնվազը 7-8%-անոց ցուցանիշ:

Այնինչ, իրական կյանքը հուշում է, որ Կառավարության ու դրա ղեկավարի կողմից պարբերաբար հասարակությանը նմանօրինակ մեթոդաբանությամբ կերակրելը հետզհետե վերածվում է սովորական աուտոթրենինգի՝ «ես հանգիստ եմ, ինձ ոչինչ չի անհանգստացնում» սերիայից:

Իհարկե, այնպես չէ, որ տնտեսությունը տեղում դոփում է: Օրինակ՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՆԱ-հարկեր հարաբերությունում առկա է ասենք 1%-ից քիչ ավել բարձրացում: Կամ այս տարվա նախատեսված 6,9%-ի դիմաց մակրոտնտեսական ցուցանիշներով նախատեսված է ընդամենը 4,3% տնտեսական աճ: Սա նշանակում է, որ եթե տեղաշարժ էլ կա, ապա իներցիոն և, ակնհայտորեն, ոչ հեղափոխական, և դեռ ավելին՝ միանգամայն հիասթափեցնող է հատկապես Փաշինյանի տված խոստումների ֆոնին:

Ակնհայտ խնդիրներ են առկա, օրինակ` արտահանման հարցում. 2019-ի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիսին՝ աճել ընդամենը 3%-ով` մի դեպքում, երբ նախորդ 2-3 տարիներին արտահանման զգալի աճ էր գրանցվել:

Արտաքին առևտրի շրջանառությունն էլ հունվար-հուլիսին 2018–ի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է ընդամենը 2.3%-ով: Իհարկե, այս ամենը մենք երբեք չենք տեսնի 100 փաստերի մեջ, որոնք ավելի շատ մանիպուլիատիվ են, քան ինֆորմացիոն:

Մյուս կողմից՝ լրջագույն հարցերի տեղիք է շարունակում տալ ազգային դրամի անընդհատ կայունացմանը միտված հստակ քաղաքականությունը, որը բարենպաստ մթնոլորտ չի ստեղծում արտահանման ու ներդրումների ներգրավման համար: Ակնհայտ է, որ դրամի արժևորումն այս դեպքում ուղղակի կրում է արհեստական բնույթ, որը վանող հանգամանք է Հայաստան դոլար բերող ու դրանով ներդումներ անող գործարարի համար: Գումարած սրան՝ ահագնացող ծավալներ է ընդունում կապիտալի արտահոսքը: Օտարերկրյա բազմաթիվ կազմակերպություններ, որոնք գործունեություն էին ծավալում Հայաստանում, իրենց դիվիդենտները հանում են երկրից. մոտ 30 մլրդ դրամի չափով դիվիդենտներ են դուրս բերվել Հայաստանից, իսկ նախորդ տարի էլ 1, 3 միլիարդ դոլարի չափով արտահոսք է տեղի ունեցել պետությունից: Հայաստանի ներդրումային գրավչության մասին պատմող իշխանական առասպելները հօդս ցնդեցրեց հատկապես «Քեմբրիջ անալիտիքսի»՝ ամիսներ առաջ հրապարակած վերլուծությունը, համաձայն որի՝ Հայաստանը բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկրների շարքին է դասվում, և ցանկացած մեկն, ով մտադիր է ՀՀ-ում ներդումներ անել, պետք է հաշվի առնի այստեղ ստեղծված անկայուն, փոփոխական վիճակը: Խնդիրների ու չհուսադրող վիճակագրության մասին, իհարկե, կարելի է երկար խոսել ու բազմաթիվ այլ թվեր վկայակոչել՝ երկրում ստեղծված իրական տնտեսական մթնոլորտը քողազերծող:

Կարևոր է հասկանալ, թե այս ամենով հանդերձ ի՞նչն է ստիպում իշխանություններին դրական ակնկալիքներ առաջ բերել մարդկանց մոտ: Ակնհայտորեն սա հստակ քաղաքականություն է, որ բանեցվում է մարդկանց մանիպուլացնելու համար: Նույնիսկ հիմարին էլ է պարզ, որ մի երկրում, որի իշխանությունները խոսում են անցումային արդարադատության, «վնգստացող» դատավորների մասին, ուր դատական իշխանության բարձրագույն մարմին համարվող Սահմանադրական դատարանի նախագահը փաստացի վերածվել է գործադիրի կողմից հետապնդվող համար մեկ թշնամական սուբյեկտի՝ միայն այն բանի համար, որ փորձում է թույլ չտալ ժողովրդավարության վերջնական ու անդառնալի կործանում, ուր «օրենք» ասվածն, ըստ էության, փոխարինվել է միայն մեկ ազգանունով՝ Փաշինյան, տնտեսական աճ ակնկալելը պարզապես աններելի պարզամտություն կլինի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, որոնք իբր հանգեցնելու էին տնտեսական թռիչքի (հարթակներից հեղափոխական Նիկոլը խոստանում էր գրչի մեկ հարվածով բյուջե լցնել 800 մլն դոլարը գերազանցող գումար, հետ բերել «կերած» միլիարդները, Հայաստանը դարձնել Սինգապուր…), ապա այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք ինչպես նախկինում,այնպես էլ ներկայում ու ապագայում, ոչ մի շանս չունեն ի կատար ածվելու, քանզի սովորական պոպուլիզմի ծնունդ էին, շառլատանություն, որի նպատակն էր մասսաներին գրգռելն ու երկրում սահմանադրական կարգի տապալմանը հասնելը, ինչն էլ, ըստ էության, հաջողվեց անել:

Տնտեսական հաջողություններ գրանցելու համար նախ պետք է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, ստեղծել ինստիտուտներ ու պետական կառույցներ, որոնց միակ բանուգործը պետք է լինի ասենք պոտենցիալ ներդրողով զբաղվելը, նրա խնդիրներին տեղում լուծում տալը: Այդ ինստիտուտներին չեն կարող փոխարինել ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ, ասենք, Ավինյանը: Երկրի տնտեսության կառուցվածքն է նախ անհրաժեշտ փոխել, իսկապես վերացնել շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողների օլիգարխիկ նկրտումները (նկատենք, որ գործնականում այս ուղղությամբ ևս ոչինչ չի արվել, և ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո օլիգարխիան՝ Փաշինյանի տերմինաբանությամբ՝ խոշոր սեփականատերերը, շարունակում են համառորեն գերիշխել շուկայում՝ հարված հասցնելով երկրի ներդրումային գրավչությանը), լրջորեն զբաղվել դրամավարկային քաղաքականությամբ, էժանացնել վարկերը, առաջին հերթին բանկային համակարգը դարձնել մարդակենտրոն և այլն: Անելիքներն, իսկապես, հսկակայական են, և այն տնտեսական իներցիան, որը Փաշիյնանն ու իր քաղաքական թիմը համառորեն ծախում են բնակչութան վրա, վաղ թե ուշ սպառվելու է: Ի՞նչ է լինելու դրանից հետո՝ ահա գլխավոր հարցը:

Մինչդեռ Փաշինյանը, իհարկե, շատ լավ իմանալով թե՛ իր, թե՛ իր թիմի իրական հնարավորությունները, մեղքը բարդում է շարքային քաղաքացու վրա՝ կոչ անելով նրան՝ ասենք փոխել սեփական ուղեղի աշխատանքի ռիթմը: «Աղքատությունը ձեր ուղեղներում է»,- հայտարարում է նա՝ կոչ անելով, ասենք, Ռոդշիլդներից հետ չմնալու համար ընդամենը բարեփոխել մտածելակերպը, ուղեղի վարժանքներ անել և այլն՝ մի բան, որ ոչ այլ ինչ է, քան սովորական ծաղր՝ ուղղված հասարակությանը. տարբեր ֆորումներում ու խոստումնալից խորագրեր կրող խորհրդաժողովներում բարձրագոչ ելույթներ ունենալու արդյունքում չէ, որ շարքային քաղաքացու նյութական հնարավորությունները մեծանալու են, քանի որ դրան հասնելու համար իրական աշխատանք է հարկավոր, այլ ոչ թե գեղեցիկ շարադրված նախադասություններ:

Արմեն Կարեյան

tert.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am