Անդրադարձել են Հյուսիս-Հարավ միջանցքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։
Նախարար Պապիկյանը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և ընդգրկուն համագործակցությունը և նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թևակոխելու պայմաններում Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն առավել հեռանկարային դրսևրումներ են ստանում։
Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական և նախագծման աշխատանքների իրականացմանը։
Ընդգծելով ՀՀ կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։
ԿԶԵՀ տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ կառավարության հանձնառությունը և հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։
Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։