Թուրքական հարձակումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի. Կանաչ լույս՝ Անկարայի համար

Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիսից՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ ճանապարհ հարթելով թուրքական կողմի առաջխաղացման համար: Որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

«ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - ըստ «Ազատության» հայտարարել է Սպիտակ տունը:
Էրդողանն իր հերթին պնդել է, թե ներխուժումը Սիրիա կարող է սկսվել ցանկացած պահի՝ ընդգծելով, որ բանակի առջև խնդիր է դրված մաքրել Եփրատի ափը քրդական ուժերից․ - «Մեր զորքերը կարող են Եփրափի արևելյան ափը հասնել հենց այս գիշեր, առանց նախազգուշացման: Մենք այլևս չենք կարող հանդուրժել ահաբեկչական այդ խմբավորումներից եկող վտանգը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նախագահ Թրամփը երեկ խոստացավ, որ ամերիկյան կողմը դուրս կբերի իր զորքերը, և այդ գործընթացն արդեն սկսվել է»:

Ինչպես հայտնում է ռադիոկայանը՝ արևմտյան մամուլը փաստում է, որ այս քայլով Սպիտակ տան ղեկավարը արմատապես փոխում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը Սիրիայի քրդերի հարցում: «Քրդական ուժերը Միացյալ Նահանգների ամենահավատարիմ գործընկերն էին «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում», - գրել է «Նյու Յորք Թայմսը»՝ հավելելով․ - «Նախագահ Թրամփն այդ որոշմամբ հակառակվում է Պենտագոնի ու Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պնդում էին, թե Ամերիկան պետք է փոքրաթիվ զորքեր թողնի ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքներում»:

Թրամփի որոշումը քննադատել են նաև Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական զորամիավորումները, որոնք փաստացի ստիպված են հիմա միայնակ դիմակայել թուրքական բանակի առաջխաղացմանը: «Ամերիկյան կողմը հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից», - նշել է նրանց միավորող կառույցը՝ հիշեցնելով, որ անցած 5 տարում Սիրիայի դեմոկրատական ուժերը 11 հազար զինվոր են կորցրել ամերիկյան բանակի հետ ուս-ուսի՝ «Իսլամական պետության» դեմ մղած պայքարում:

Թուրքիան առաջին անգամը չէ ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի դեմ՝ պնդելով, թե դրանք ահաբեկչական խմբավորումներ են: Սեփական տարածքում քուրդ անջատականների հետ ավելի քան 40 տարի շարունակվող պայքարի ֆոնին Անկարան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի քրդերի ամրապնդումը անմիջապես իր սահմանների մոտ: «Թուրքական հարձակումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի և կործանել այն առաջընթացն ու կայունությունը, որը ձեռք է բերվել ջիհադիստների դեմ տարիներ շարունակված պայքարի արդյունքում», - զգուշացրել է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարությունը:

Թուրքական առաջխաղացումը դատապարտվել է նաև պաշտոնական Դամասկոսը՝ ընդգծելով, որ իր տարածքում «անվտանգության գոտի ստեղծելու» Անկարայի ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը:
Նախագահ Թրամփը ժամեր առաջ արձագանքել է այս քննադատությանը Թվիթերի իր էջում՝ պնդելով, թե Ամերիկան վարձահատույց է եղել քրդերին համագործակցության համար, և այժմ պետք է մտածի սեփական զինվորների մասին:

«Քրդերը կռվել են մեզ հետ, և խոշոր գումարներ ու զինտեխնիկա ստացել դրա համար: Նրանք Թուրքիայի դեմ կռվում են տասնամյակներով, ես զսպում էի այդ կռիվը երեք տարի շարունակ, բայց հիմա ժամանակն է, որ մենք դուրս գանք այս վերջ չունեցող պատերազմից: Մենք կպատերազմենք այն դեպքում, երբ դա կբխի մեր շահերից և՝ միայն հաղթելու նպատակով», - ընդգծել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով․ - «Մենք 7 հազար մղոն հեռու ենք ապրում, և կրկին կջախջախենք «Իսլամական պետությունը», եթե նրանք որևէ կերպ մեզ մոտենան»:

Թամփի՝ մեկը մյուսին հաջորդած գրառումները, սակայն, կարծես չեն համոզել ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատներին, այլև կուսակից հանրապետականներին: «Կանաչ լույս վառելով Թուրքիայի ճանապարհին՝ մենք ձեռնարկում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնող ամենավտանգավոր քայլերից մեկը», - Թվիթերում գրել է դեմոկրատ կոնգրեսական, նախկինում Իրաքյան պատերազմի մասնակից Ռուբեն Գալլեջիոն՝ ընդգծելով․ - «Քրդերն այլևս երբեք Ամերիկային չեն հավատա և նոր դաշնակիցներ կփնտրեն իրենք իրենց պաշտպանելու համար»:

Թրամփի մերձավոր դաշնակից, հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը պնդել է, թե այդ որոշումը սև բիծ կդառնա Ամերիկայի պատվին, կստիպի քրդերին այլ դաշնակիցներ գտնել և կերաշխավորի «Իսլամական պետության» վերադարձը:«Ես ամեն ինչ կանեմ Սենատում այդ որոշումը չեղարկելու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, եթե նրանք մեկ ոտնաչափ անգամ մտնեն Սիրիայի տարածք», - Fox News-ին ասել է հանրապետական սենատորը, ով, ի դեպ, ղեկավարում է օրենսդիր մարմնի ազդեցիկ կառույցներից մեկը՝ Արդարադատության հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում գերիշխող դիրք զբաղեցնող Ժողովրդական պաշտպանության զորամիավորումները որպես Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ, որին Թուրքիան և ԱՄՆ ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն Վաշինգտոնը տարանջատում է Սիրիայում գործող քրդական զորամիավորումները քրդական ահաբեկչական կառույցներից ՝ դաշնակցելով նրանց հետ ԴԱԵՇ-ի դեմ պայքարում:

Թուրքիան հայտարարել է, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կշարունակի նույն քաղաքականությունը հետագայում ևս: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի յուրաքանչյուր ներխուժում Սիրիայի տարածք անկայունություն է հրահրում ողջ տարածաշրջանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3651 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am