Mercedes-ը բախվել է պատին ու մխրճվել սյան մեջ․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Երեւանում, այսօր, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 25-ամյա Արազ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 OZ 247 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին և, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ուղևորը՝ վարորդի համագյուղացի 25-ամյա Գարիկ Մուրադյանը, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նշված կենտրոնից հայտնել են, որ ուղևորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։