Հրայր Թովմասյանի և նրա գործընկերների տոկունության վրա չեմ կասկածում. Արմեն Աշոտյան
«ՍԴ-ի հանդեպ այս իշխանությունների անհանդուրժողականությունը բացառապես Հայաստանում ավտորիտար համակարգ հաստատելու և Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը վերջանականացնելու ցանկության հետևանք է։ Ակնհայտ էր, որ ամռանը նախաձեռնած հարձակումը սահմանադրական դատարանի և առհասարակ դատական համակարգի վրա տապալվեց: Այդ ընթացքում խրամատային պայքար էր գնում։ Այս անգամ գործող իշխանություններն օգտագործում են ԱԺ-ին սեփական նպատակներին հասնելու համար։ Շատ ցավալի է, որ ԱԺ-ն` որպես ինստիտուտ, շարունակում է ծառայել որպես դեկորացիա և խամաճիկ գործադիր իշխանության, բացառապես` Նիկոլ Փաշինյանի համար։ Փաստացի գործադիր ու օրենսդիր մարմինները միասին փորձում են ճնշել Հայաստանում ժողովրդավարության վերջին բաստիոնը` ՍԴ-ն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ խոսելով «Իմ Քայլը» խմբակցության կողմից Հրայր Թովմասյանի նկատմամբ նախաձեռնած նախագծի մասին:
«Այս իշխանության ապիկար, անշնորհք քաղաքականության հետևանքով ցավոք ունենալու ենք իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանին սաստելու են Վենետիկյան հանձնաժողովից և միջազգային կառույցներից: Ցավում եմ, որ իմ երկրի հեղինակության հետ, հենց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդն այսպիսի վտանգավոր խաղեր է տալիս»,-ասաց Աշոտյանը:
Վերադառնալով Հրայր Թովմասյանին Աշոտյանն ասել է, որ նրա և նրա գործընկերների տոկունության վրա չի կասկածում։