«Երբ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների ելույթները լսում ես, մազերդ բիզ-բիզ են կանգնում. չի կարելի, այ տղերք ջան, դուք թի՞մ եք, թե՞ փողոցից եկած մարդիկ». Բագրատ Ասատրյան

168 ժամի հարցազրույցը տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ

– Պարոն Ասատրյան, իշխանությունները հայտարարում են տնտեսական հեղափոխության մասին, Դուք տեսնո՞ւմ եք այդ տնտեսական հեղափոխությունը:

– Իմ պատկերացումները, իհարկե, շատ ավելի մեծ են, և, իհարկե, բավարարված չեմ արդյունքներով, բայց կարելի է տեսնել այն տարրերը, որոնք կարող ենք հեղափոխական անվանել: Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունն ուղղակի գլորվում էր. չարաշահումներ, ստվեր, բիզնես-իշխանություն սերտաճում, կոռուպցիա՝ այս երևույթները մեր տնտեսությունը խժռում էին:

Եվ առաջինը, որ կարելի է անվանել հեղափոխական և որը տնտեսությանը շնչելու հնարավորություն է տալիս՝ այս երևույթները կողմ քաշվեցին: Ես չեմ ասում, թե դրանք իսպառ վերացել են, որովհետև այդ վտանգները դեռ կան՝ կոռուպցիա, բիզնես-իշխանություն սերտաճում, այլ բացասական բաներ: Այսօր դեռ վաղ է խոսել զարգացման որակական ձեռքբերումների, ուղղությունների հստակեցման, ծրագրերի առկայության մասին: Այսօր, լավագույն դեպքում, կարելի է խոսել դրանց նախադրյալների մասին:

– Այսինքն՝ նորից ժամանա՞կ է պետք:

– Համենայնդեպս, այսօրվա եղածը բավարար չէ, որակական տեղաշարժեր չկան, և այդ ուղղությամբ շատ ու շատ գործեր պետք է արվեն: Համարյա բան չի արվել. թեթևակի փոփոխություններ հարկային օրենսդրության մեջ, որն այն ժամանակ էլ դրական էի համարում, ինչ-որ կառուցվածքային տեղաշարժեր կառավարման համակարգում, որոնք ևս ողջունելի են, բայց ոչ բավարար: Արդյունքները վատը չեն, բայց ասել՝ հեղափոխական, իհարկե, ճիշտ չէ:

– Հեղափոխությունից հետո հայտարարվում էր, որ աննախադեպ ծավալով ներդրումներ կլինեն, բայց կարծես թե դա չենք տեսնում:

– Միամտություն է դա և ճիշտ չէ: Մտածել, որ միայն իշխանափոխության հետևանքով կարող են ներդրումները հոսել, ճիշտ չէ, չի կարող նման բան լինել: Հայաստանի տնտեսությունը դեռ շարունակվում է իր հիմնական բնութագրերով՝ այնպես, ինչպես կա:

Հայաստանում դեռ իշխում են այն հարաբերությունները, որոնք նախկինում եղել են:

Ներդրումների պակասը վերջին տարիների խնդիրը չէ, տարիներ շարունակ այս գործընթացը գնում էր: Հայաստանի տնտեսությունը դեռ չի ձերբազատվել տնտեսությունը խեղդող, զարգացումը խոչընդոտող, այդ թվում՝ ներդրումները խոչընդոտող հարաբերություններից:

– Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ որոշակի շարժ չէի՞ք նկատում:

– էմոցիոնալ առումով միանշանակ շարժ կար, բայց էմոցիաներից այն կողմ չգնաց: Ես այն ժամանակ էլ եմ արտահայտվել՝ երկարաժամկետ խավար էր իշխում զուտ տնտեսական քաղաքականության մասով, այն աստիճան, որ տնտեսական քաղաքականություն տերմինն էր մոռացության մատնվել: Գալիս էր կիսագրագետ, անգրագետ մեկը, դառնում էր պաշտոնյա, և լենինյան սկզբունքն էր իշխում՝ «каждая кухарка может управлять государством»:

Բարձր պաշտոններում խորություն չունեցող մարդիկ էին:

Կարեն Կարապետյանը հուզական իմաստով այդ բեկումը մտցրեց, բայց ասել, որ հաջողեց՝ ճիշտ չէ, որովհետև նա չկարողացավ հետևողական լինել, շատ նվիրվեց այն ուժերին, որոնք իրեն առաջ էին քաշել, փոխանակ՝ ինքը հետևեր հասարակությանը, իսկ հասարակության մոտ սպասումներ էր առաջացրել: Գուցե դա նախկինից էր գալիս, երբ կարճաժամկետ եղավ քաղաքապետ, և շատ պոզիտիվ էր, բայց հետո միանգամից արգելեցին: Տպավորությունս այն էր, որ չթողեցին, ինքն էլ չգնաց այդ ճանապարհով: Մինչդեռ, եթե մտածում էր զարգացման մասին, առաջին քայլը, որ պետք է աներ, այդ հանցավոր ներքաղաքական միջավայրը պետք է կոտրեր:

– Քանի որ կադրերի մասին խոսեցիք՝ այս նոր կադրերին հավանո՞ւմ եք:

– Միշտ պահանջներն ավելի շատ են, և իմ հիմնական պահանջն այն է, որ սովորելու ձգտում ունենան: Ես բոլոր իրավիճակներում՝ այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ, իհարկե, չեմ բավարարվելու, որովհետև փոքր երկրներում շատ ավելի մեծ, խորը, գիտուն պետք է լինի իշխանությունը, քան զարգացած երկրներում:

Հայաստանն ունի որոշակի ներուժ, այս տասնամյակների ընթացքում, եթե մի բան հաջողվել է մեզ՝ մենք ունենք սերունդ, որը լավ կրթություն է ստացել՝ լավագույն համալսարաններում. ձև գտեք՝ այդ սերնդին գործի կանչեք:

Այստեղ էլ չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան լուծումները: Բայց ես լավ եմ տրամադրված, որովհետև հիմքում մի շատ պարզ սկզբունք է՝ այս մարդիկ ընտրված են, իսկ դա պատասխանատվություն է: Ի վերջո, ուզում եմ հիշեցնել, որ իմ սերունդն էլ է այդ ճանապարհով անցել. 90-ական թվականներին մենք ընտրված էինք, մենք ո՛չ փորձ ունեինք, ո՛չ այդքան գիտելիք, չունեինք էլ այդ հնարավորությունը, բայց իմ կարծիքով՝ մենք հաջողեցինք, որովհետև ընտրված էինք:

– Ներդրումների հետ կապված կարծիքներ կան, որ, եթե «Լիդիան Արմենիայի» հետ այդպես են վարվում, դա կվախեցնի մյուս ներդրողներին:

– Միանշանակ ընդունում եմ: Որևէ երկրում պետք է նախ և առաջ օրինականություն լինի: Այդ հույզերը, որ այսօր իշխող են դարձել, իսկ այդտեղ հուզականությունն ավելի շատ է, քան իրավական նորմերը, անգամ՝ բնապահպանական նորմերը լիարժեք չեն ներկայացվում, իսկ դա երբեք ոչ մի բանի չի կարող նպաստել, առավել ևս, եթե խոսքն այդպիսի բարդ երևույթի մասին է, ինչպես ներդրումները:

Այստեղ ես պահանջներ ունեմ կառավարությանը. տղերք ջան, չի կարելի այսքան ձգձգել, չի կարելի հենց այնպես զրուցել այս խնդիրների շուրջ, որովհետև յուրաքանչյուր ձգձգումը հույզերի նոր ալիք է: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների ելույթները երբ լսում ես, մազերդ բիզ-բիզ են կանգնում. չի կարելի, ա՛յ տղերք ջան, դուք թի՞մ եք, թե՞ փողոցից եկած մարդիկ:

– Իսկ Ամուլսարի հետ կապված մեկ տարի ձգձգելը ճի՞շտ եք համարում:

– Ոչ: Իհարկե, ես ընդունում եմ, որ փորձաքննություններ պետք է լինեն, բայց վճիռները պետք է կայացվեն ժամանակին: Մեկ տարի փորձաքննություն են անում, հետո ասում են՝ նոր փորձաքննություն: Կներեք, ես հարկատու եմ, դա իմ հանդեպ անարգանք է: Ես ընտրող եմ, ձայն եմ տվել՝ անկախ նրանից, թե ում, իմ հանդեպ դա անարգանք է: Ձեր գործն արեք, տղերք ջան, այդ էմոցիաները մի կողմ դրեք, դուք եք պատասխանատու, վճիռ կայացրեք: Կառավարությունը, իշխանությունը վճիռ կայացնելու համար է, ոչ թե ասեն՝ հանրաքվեի դնենք: Ձեռք եք առնո՞ւմ: Հանրաքվեն եղել է՝ ընտրվել է իշխանություն, եթե այս հարցը դրվի հանրաքվեի, ապա բոլոր հարցերը հետագայում դրվելու են:

– Իսկ այս ամբողջ պատմության մեջ ուղղորդում չե՞ք տեսնում:

– Բնականաբար, տեսնում եմ, որովհետև ես էլ եմ զարմացել, որ հենց «Լիդիանը», որը, բոլորս էլ գիտենք՝ ամենամաքուրն է աշխատում, թիրախավորվեց: Ուղղորդումը մի քանի ուղղությամբ եմ տեսնում՝ տեղական շահերից սկսած, հարաբերություններ կան՝ դուրս, ներս, չեմ ուզում պնդել, բայց միշտ զարմացել եմ, որ կան ավելի վտանգավոր հանքեր, բայց դրանց մասին այսօրվա բնապահպանները ծպտուն չեն հանում: Որ այստեղ կա ֆինանսավորում՝ դա էլ է կառավարության խնդիրը:

Տղերք ջան, ունեք իշխանություն, դրեք, ուսումնասիրեք, ասեք՝ էս ինչի հաշվին, ինչ միջոցներով են ցույցեր անում: Ես հո գիտե՞մ, թե ամենասովորական միջոցառում կազմակերպելն ինչ ռեսուրս է պահանջում: Իսկ խոսքը լեռներում հավաքվելու, ճանապարհներ փակելու մասին է. այդ ամենն ո՞վ է ֆինանսավորել:

– Գուցե ինքնաբո՞ւխ է:

– Եթե չկա ֆինանսավորում, շատ լավ է, բայց կասկածում եմ, որ չկա: Սա շատ ծանր խաղ է:

– Ի վերջո, ի՞նչ սպասենք Ամուլսարի հարցում:

– Կարծում եմ՝ այսօր-վաղը կառավարությունը վճիռը կհրապարակի, եթե խելամիտ լինեին, ավելի շուտ կանեին: Թող դնեն կառավարության բաց նիստ, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, թող իրենց դիրքորոշումներն արտահայտեն: Բայց որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Խնդիրն արդեն ոչ բնապահպանական է, ոչ տնտեսական, այլ քաղաքական է և հուզական: Ես համոզված եմ, որ հանրությունը կպաշտպանի այդ ձևով քննարկված և այդ տեսքով մատուցվող վճիռը, ինչպիսին էլ որ այն չլինի:

դիտվել է 1069 անգամ
Լրահոս
ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am