«Սատանան» հեռացավ. Արցախյան բանալին դարպասից այն կողմ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ազատվեց պաշտոնից: Հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն է պահանջել, դա պատճառաբանելով քաղաքականության շուրջ մի շարք սուր տարաձայնություններով, և նշել է, որ համաձայն չէր նրա շատ առաջարկների հետ:

Դեռ անցյալ աշնանը Բոլթոնը ժամանեց Հարավային Կովկաս։ Երևանում Բոլթոնը Արցախի թեմայով որոշ հայտարարություններ արեց։ Նա հստակ նշեց, որ Փաշինյանից կոնկրետ քայլեր է ակնկալում ղարաբաղյան հարցում․ «Եթե ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է՝ նաև Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Եթե պատրաստակամություն լինի, մենք էլ, որպես համանախագահող-երկիր, կաշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ արձագանք լինի»:

Ավելին՝ Բոլթոնը շատ հասկանալի լեզվով խոսեց ամերիկյանի զենքի առավելության մասին՝ ի համեմատություն ռուսական զենքի։ Բոլթոնի խոսքով՝ ՀՀ-ին և Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաև, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:

Բանը հասավ նրան, որ պաշտոնական Մոսկվան արձագանքեց Բոլթոնի այդ հայտարարությանը, այն այսպես ասած՝ հանդուգն համարելելով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում արած հայտարարությունները: Մոսկվան համեմատել էր Բոլթոնի խոսքերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ավելի վաղ արած հայտարարության հետ, ըստ որի` ԱՄՆ-ը ՀՀ-ում աջակցել է որոշ խմբերի:
«Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Նշվում էր նաև, որ «Բոլթոնը պահանջել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից (չէր թաքցվում, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին է)»: «Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- նշվել էր հաղորդագրությունում:

Հայաստանում Բոլթոնը նաև Իրանի հանդեպ օղակը սեղմելու անհրաժեշտության մասին էր խոսել։ Այսինքն, Բոլթոնն իր այցով կոնկրետ Հայաստանից դիրքորոշման փոփոխություններ էր ակնկալում՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ:
Այսօր Ռուսաստանն ու Իրանը մեկնաբանել են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողությունը:

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Թեման այն չէ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների և դրանց բարելավման տեսակետից այն ինչ արդյունք կարող է ունենալ»,- նշել է դիվանագետը: «Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ: Այն, ինչը կարող է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»,-նշել է նա:

Բոլթոնի պաշտոնաթողությունը մեկնաբանել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին: «Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան»,- ասել է Ռոհանին:

Այսպես, ինչու՞ հեռացրեցին Բոլթոնին...

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Բոլթոնի հեռանալու փաստը տեղի ունեցավ Քեմփ Դեյվիդում Թալիբանի հետ նախատեսված խաղաղության բանակցությունները չեղյալ հայտարարվելուց անմիջապես հետո, բանակցություններ, որտեղ պիտի քննարկվեին Աֆղանստանից ամերիկյան հազարավոր թվակազմով ուժեր դուրս բերելու հետ կապված հարցեր։ Իսկ Բոլթոնը միշտ էլ դեմ է եղել նման գործարքի։ Ինչպես վերլուծաբան Թոդ Բելթն է ասում, ամենամեծ խնդիրը Բոլթոնի շուրջ գոյացավ, երբ վերջինս որոշեց չմասնակցել թալիբների հետ հանդիպմանը։ Բոլթոնի հետ կապված այս պատմությունը զարգացավ այն ժամանակահատվածում, երբ նախագահը փորձում է դիվանագիտական եղանակով խոսել թշնամական համարվող երկրների ղեկավարների, այդ թվում Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ։

Մերձավոր Արևելքի հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքս Վաթանկան հիշեցնում է, որ Բոլթոնն Իրանի հարցում, օրինակ, եղել է այստեղ իշխանափոխություն իրականացնելու ջատագով։ Ու հիմա, ասում է նա, երբ Բոլթոնն այլևս հեռացված է, Իրանում իշխանափոխություն իրականացնելու հարցը հանվում է օրակարգից, ինչը, նրա խոսքերով, երկխոսության տեղ է բացում Վաշինգտոնի ու Թեհրանի համար։
Ջոն Բոլթոնը միշտ էլ համարվել է , ամերիկյան լեզվով ասած «բազե», այսինքն՝ գործիչ, որը քաղաքականությունը փորձում է հենել ԱՄՆ-ի ռազմական կարողության վրա։ Այս հարցում հաճախ են եղել բախումներ Թրամփի հետ, որը չնայած իր հռետորաբանական փորձառությանը, իրականում դեմ է դեպի օտար երկրներ ռազմական ներխուժում իրականացնելու քաղաքականությանը։

Բոլթոնին պաշտոնից Թրամփն ազատեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի դաշնակիցները մտահոգություն են արտահայտում վարչակազմում որոշ դեպքերում առկա անորոշությունների առնչությամբ։ Ինչպես Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Թոդ Բելթն է ասում, «Դաշնակիցներն ուզում են, որ ԱՄՆ-ի վարչակազմը խոսի մեկ լեզվով և այդ լեզվով խոսի շարունակ»։

Նկատենք, Բոլթոնը ազգային անվտանգության հարցերով երրորդ խորհրդականն է, որին Թրամփը հեռացրել է անցած երեք տարիների ընթացքում։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մետիսը Բոլթոնի հետ մի հանդիպման ժամանակ այսպես էր արտահայտվել՝ «Ճի՞շտ է, որ ձեզ բնորոշում են որպես սատանայի մարդկային մարմնացում...»

Թամար Բագրատունի

դիտվել է 2730 անգամ
Լրահոս
Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am