Երկրաշարժի պատճառով Շիրակի մարզի Աշոցքի, Բավրայի Սիզավետի դպրոցներում դասապրոցեսը դադարեցված է
Երեկվա երկրաշարժի պատճառած վնասների ուսումնասիրման եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով դադարեցվել են Աշոցքի դպրոցի դասերը: Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանն էլ մեր զրույցում նշեց, որ դասերն այսօր ընդհատվել են Բավրայի ու Սիզավետի դպրոցներում եւս: Մասնագիտական հանձնաժողով է մեկնել համայքներ՝ տեղում կառույցների վիճակներին ծանոթանալու եւ ռիսկայնության գնահատման նպատակով: Մասնավորապես Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ դպրոցի որոշ հատվածներում ծեփոնների թափվելու վերաբերյալ: Մինչև հանձնաժողովը կաշխատի և կտա մասնագիտական եզրակացություն, որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել: Բավրայի համայնքապետ Պավլիկ Սումբուլյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն աշխատանքներն իրենց դպրոցում արդեն ավարտել է:
Չնայած կառույցը 1971 թվականին է կառուցված, լուրջ խնդիրներ՝ կապված երեկվա երկրաշարժի հետ, չեն հայտնաբերվել: Հնարավոր է՝ հենց վաղվանից էլ վերսկսեն դասերը:
Ուսումնասիրվում են նաեւ համայքների նախակրթարանները: