Վաշինգտոնի դեսանտը «Բատկային» հյուր․ պատմական այց

«Խառնաշփոթ». այսպես է Ալեքսանդր Լուկաշենկոն բնութագրում Բելառուսի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններում վերջին ժամանակահատվածում ստեղծված վիճակը: Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարեց պաշտոնական այցով Մինսկ ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլույի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք, իհարկե, պետք է կատարելագործենք մեր հարաբերությունների հիմքը` առևտրատնտեսական կապերը: Զարգացման նման հսկայական ներուժ ունեցող պետությունները, ինչպիսին են Թուրքիան և Բելառուսը, կարող են երկկողմ ապրանքաշրջանառության մի քանի անգամ ավելի մեծ ծավալներ ունենալ: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ այս հարցում այժմ որոշակի խառնաշփոթ է տիրում», - նշում էր Լուկաշենկոն, պնդելով, որ երկու երկրների դեսպանությունները և Թուրքիա-Բելառուս միջկառավարական հանձնաժողովը այս հարցում բավական պասիվ դիրքորոշում են որդեգրել:

Լուկաշենկոյի` Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած դժգոհություններն այնքան էլ անհիմն չէին: 2019-ի առաջին կիսամյակում Բելառուսի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի տեմպը զգալիորեն նվազել է` կազմելով մոտ 400 միլիոն ամերիկյան դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չի աճել Բելառուսում թուրքական ներդրումների ծավալը` կազմելով շուրջ 24 միլիոն դոլար:

2018-ին արձանագրված ցուցանիշները անհամեմատ ավելի հուսադրող էին: Ողջ տարվա կտրվածքով թուրք-բելառուսական ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը մոտ մեկ միլիարդ դոլար էր կազմում, որի 80 տոկոսը բաժին էր հասնում թուրքական ապրանքների ներկրմանը` հիմնականում տեքստիլ արդյունաբերության արտադրանք և մրգեր:

«Չնայած այն հանգամանքին, որ առևտրային հաշվեկշռի սալդոն Թուրքիայի օգտին է, մեզ դա այնքան էլ չի բավարարում: Հավասարակշռված առևտուրն անհամեմատ ավելի առողջ ու երկարաժամկետ օգուտներ ապահովող երևույթ է», - հայտարարում էր Չավուշօողլուն:

Լուկաշենկոյի համոզմամբ էլ երկկողմ առևտրի ծավալների աճը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել Բելառուսի և Թուրքիայի քաղաքական կապերը: «Համաձայնեք, եթե ապրանքաշրջանառությունը մեծ է, եթե մենք միմյանցից մեծ կախվածության մեջ ենք գտնվում, ապա որևէ մեկն այլևս չի կարողանա խաթարել այդ հարաբերությունները», - նշում էր Լուկաշենկոն:

Ըստ «Ազատության», թուրք-բելառուսական հարաբերությունների հերթական քննությունը լինելու է Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելու՝ Մինսկի դիմումի քննությունը: «Մենք ջերմեռանդորեն պաշտպանում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Բելառուսի ցանկությունը և հետագայում ևս շարունակելու ենք ձեր երկրին այդ հարցում աջակցություն ցուցաբերել», - դիմելով Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նշում էր Թուրքիայի արտգործնախարարը:
Միաժամանակ ուշագրավ մի այց տեղի ունեցավ․ այն կարելի է պատմական որակել։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մինսկ։

«Չնայած այն ողջ աղմուկին, որ տեղի է ունենում ձեր ուղևորության շուրջ, հատկապես Բելառուսի համար դրանում շատ դրական կողմեր ևս կան: Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների վատթարացման մեկնարկից ի վեր մենք մշտապես առաջարկում էինք փակել մեր պատմության այս բացասական էջը և մեր հարաբերությունները սկսել նոր էջից: Ձեր այցը, անկասկած, պատմական բնույթ է կրում, քանի որ նման նշանակալի և բարձրաստիճան պաշտոնյա Բելառուս վաղուց չէր այցելել», Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Դիվանագիտական մի շարք աղբյուրների տեղեկություններով Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ջոն Բոլթոնը առանձնազրույցը ծրագրվածից շատ ավելի երկար է տևել: Այս մասին այցի ավարտին, Մինսկի օդանավակայանում, «Ազատության» հետ զրույցում նշում էր նաև ինքը՝ Ջոն Բոլթոնը: Լուկաշենկոյի հետ իր զրույցը ամերիկացի պաշտոնյան բնութագրում էր որպես «խիստ հետաքրքրաշարժ»: «Ես ասացի նախագահ Լուկաշենկոյին և մյուս պաշտոնյաներին, որ մեր երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առկա, մասնավորաբար՝ մարդու իրավունքների պաշտպանության և սպառազինությունների չտարածման հարցերը: Բայց ես նաև կարծում եմ, որ աշխարհաքաղաքական այն մթնոլորտը, որ տիրում է Եվրոպայի այս հատվածում, ինչպես նաև աշխարհում առկա սպառնալիքները, մեզ պետք է դրդեն մի այնպիսի երկխոսության, որի ընթացքում պետք է հասկանանք, թե որտեղ են համընկնում Բելառուսի և Միացյալ Նահանգների շահերը: Լուկաշենկոյի հետ իմ զրույցի ընթացքում, որն անսպասելիորեն տևեց երկու ժամ և 15 րոպե, մենք բազմաթիվ թեմաների անդրադարձանք: Որևէ խնդրի լուծում այդ զրույցի ժամանակ մենք չեն գտել, կարող եմ ասել, որ ես նման ակնկալիքով չէ, որ Մինսկ էի ժամանել: Ամեն դեպքում մեր զրույցը խիստ հետաքրքական էր», - նշում էր Ջոն Բոլթոնը:

Այս հարցազրույցում Սպիտակ տան խորհրդականը հստակորեն չնշեց, արդյոք Լուկաշենկոյի հետ քննարկել է վերջին շրջանում ակտիվացած այն խոսակցությունները, որոնց համաձայն պաշտոնական Մոսկվան փորձում է նոր լիցք հաղորդել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, ինչը շատերի գնահատմամբ բելառուսական պետականության անկմանը կհանգեցնի: «Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց և [նախկին խորհրդային] հանրապետությունները անկախացան ես աշխատում էի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում: Այդ ժամանակաշրջանից ի վեր Միացյալ Նահանգները շատ հետևողական քաղաքականություն են որդեգրել այս հարցում` աջակցելով այդ պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը: Ակնհայտ է, որ այս հարցում ամեն մի երկիր ինքը պետք է որոշում կայացնի: Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ պետք է բխեն Բելառուսի ժողովրդի ցանկություններից», - հայտարարում էր Բոլթոնը:

Ի դեպ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականը Մինսկը լքեց նվերներով ծանրաբեռնված: Ալեքսանդր Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին Բոլթոնի միջոցով դաշույն ուղարկեց, Մելանիա Թրամփին` բելառուսական կտավից կարված սփռոց և անձեռոցիկներ: Ինքը` Բոլթոնը, Լուկաշենկոյից որպես նվեր սահմանափակ քանակությամբ արտադրված շոկոլադե կոնֆետների հավաքածու ստացավ: «Ձեր նախագահին փոխանցեք Բելառուս ժողովրդի ամենաջերմ շնորհավորանքները: Ի դեպ, նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների արմատները այստեղ են՝ Բելառուսում», - նշում էր Լուկաշենկոն:

Թամար Բագրատունի

դիտվել է 1357 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am