«Այս օրենքով հայկական հեռուստաընկերությունների ապագան դրվում է վտանգի տակ»․ Դավիթ Հակոբյան

168 ժամը հարցազրույց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, ի՞նչ կարծիք ունեք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին, դրանք իրականում կարգավորո՞ւմ, թե՞ ավելի վատթարացնում են ոլորտը, որովհետև նման կարծիքներ էլ կան։

– Վերգետնյա հեռարձակողների մասին օրենքն արդեն հնացած է, որովհետև երբ դու ունես մի իրավիճակ, որտեղ մամուլը մուլտիմեդիա կերպար է ընդունում, հեռարձակվում է բոլոր հնարավոր տարբերակներով, այդ ժամանակ վերգետնյա հեռարձակումը դառնում է մամուլի հեռարձակման մի ձևը: Կա համացանց, կան նաև այլ միջոցներ տեղեկատվությունը տեղ հասցնելու համար, և այս հատվածն արդեն ոչ մի օրենքով կարգավորում չի ստանում:

Ի՞նչ ունեինք մենք մինչև հիմա:

Ընդհանրապես, հայկական վերգետնյա հեռարձակող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների զարգացման պատմությունը երկար չէ: Ինչպես գիտեք՝ ԽՍՀՄ տարիներին ունեցել ենք մեկ պետական հեռուստաընկերություն, հետո անկախության տարիների սկզբում կիսապետական ևս մեկը ունեցանք, հետո արդեն 90-ականների վերջից, 2000-ականների սկզբից սկսեցին ձևավորվել ներկայիս հեռուստաընկերությունների մեծամասնությունը։

Այս 20 տարվա ընթացքում հեռուստաընկերությունների զարգացման էվոլյուցիան բոլորի աչքի առաջ է եղել. նոր տարածքներ, նոր ստուդիաներ, նոր ձևաչափեր հաղորդումների, մոտավորապես 2000-ականներին սկսեցինք միջազգային ձևաչափեր ձեռք բերել, և եկանք այնտեղ, որտեղ հիմա կանք: Ունենք հեռուստաընկերություններ, բայց չունենք տնտեսություն, այսինքն՝ հեռուստաընկերության հիմնական ֆինանսական մուտքը գալիս է գովազդներից, հովանավորչությունից, նաև՝ որոշակի դրամաշնորհներից:

Երբ տնտեսության վիճակը վատանում է, բնականաբար, բոլոր հեռուստաընկերությունների կամ առհասարակ լրատվամիջոցների մոտ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս կարողանան իրենց տնտեսությունը պահել: Այստեղ արդեն ի հայտ են գալիս տարբեր բամբասանքներ՝ էս մեկը սրա լրատվամիջոցն է, այն մյուսը սրա կողմից է ֆինանսավորվում, այն մյուսը նրա կողմից է ֆինանսավորվում, և անհավասար պայմաններում մրցակցությունը դառնում է անտանելի:

Այսքան մանրամասն խոսեցի, որովհետև հեռուստաընկերություններն արդեն իսկ գոյատևման խնդիր ունեն։ Հեռուստաընկերությունները, ռադիոկայանները պետական մուլտիպլեքսի մեջ չեն, բայց պետության աջակցությամբ են հեռարձակվում։ Մասնավոր մուլտիպլեքս ստեղծելն ընդհանրապես ձեռնտու չի եղել, այլապես բոլորը մասնավոր մուլստիպլեքսի մեջ կլինեին։ Մասնավոր մուլտիպլեքսն ինքն իրենով նախ մեծ ներդրում է պահանջում, հետո, երբ ներդրում ես, պետք է հասկանաս՝ ունենալո՞ւ ես հաճախորդ, այսինքն՝ լրատվամիջոց, որը լինելու է այդ մուլտիպլեքսի մեջ: Մեր երկրի բնակչությունն այնքան մեծ չէ, որ ձեռնտու լինի մասնավոր, պետական և այլ մուլտիպլեքսներ ունենալ. այդ դեպքում մասնատվելու են և դառնան փոքր համայնքային մուլտիպլեքսներ, ամբողջ Հայաստանը չեն կարող ծածկել: Հայաստանի ռելիեֆն այնպիսին է, որ 200 կամ ավելի աշտարակներ պետք է տեղադրել, որ կարողանան ամբողջ տարածքը հավասար սփռումով ապահովել: Մասնավորապես, խոսքը հանրապետական ծածկույթ ունեցող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների մասին է:

Բացի դրանից, օրենքով մուլտիպլեքսի տարեկան պետական տուրքը, եթե չեմ սխալվում, 100 մլն դրամ է: Այսինքն՝ այդքան հսկայական ծախսեր, սպասարկման ծախսեր, դրան գումարած՝ տարեկան 100 մլն դրամ էլ պետք է վճարենք մասնավոր մուլտիպլեքսի համար: Ես չգիտեմ՝ ինչու է սա արվում, բայց այս պայմանններում գրեթե անհնար է, որ մասնավոր մուլտիպլեքս բացվի: Այլ հարց է, որ իջեցնեն այդ ծախսերը կամ ինչ-որ ձևով պետությունը փորձի աջակցել մասնավոր մուլտիպլեքսերին։ Այդ դեպքում, վստահ եմ, որ հանրային մուլտիպլեքսի մեջ ոչ ոք չի մնա, կգնան մասնավոր տիրույթ, որովհետև հիմա էլ պետական մուլտիպլեքսի մեջ մասնավորից ավելի շատ են վճարում։

– «Մեդիա պաշտպանն» այս օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ, երբ ամբողջ աշխարհում գնում է լրատվամիջոցների ազատականացման գործընթաց, տարակուսելի է հասարակական կազմակերպությունների միտումը՝ անհամադրելի առավելություններ ընձեռել պետական միջոցներով սնվող և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ «Այս հանգամանքը ոչ միայն հարցականի տակ կդնի մասնավոր հեռուստաընկերությունների մրցունակությունը, այլև կարող է տանել այս բիզնեսի վերացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

– Մի քիչ կոշտ է ասված, բայց նման հայտարարություններ վստահաբար լինելու են: Հույս ունենանք, որ սրա տակ չկան քաղաքական նպատակներ, բայց պարտադիր չլինելով նաև, որ շահագրգիռ կողմերը մասնակցեն օրենքի քննարկմանը, օրենքի նախաձեռնողները որևէ հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում ներսից ուսումնասիրություն չեն արել, ես հարցրել եմ իմ բոլոր գործընկերներին, չկա մի վերգետնյա հեռարձակող, որոնց հետ քննարկում եղած լինի, հարցնեն՝ ինչ խնդիրներ ենք մենք տեսնում: Մեզ մոտ ցանկացած պարագայում միանգամից մակերեսային անուն են դնում՝ սա այս մեկինն է, նա այն մեկինն է, և ավելի շատ քաղաքական հաշիվներ մաքրելու դաշտ է դառնում: Բայց հաշվի չեն առնում, որ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը, առնվազն, վտանգի տակ կարող է դրվել: Երևի սա է նկատի ունեցել «Մեդիա պաշտպանը»:

Առհասարակ, երբ այսօր նայում ենք առաջարկվող նախագիծը, գրեթե նույնն է, այն աննշան փոփոխությամբ, որ պետական հանրային մուլտիպլեքսը պետք է ծառայի պետության և հանրային շահին: Չեմ առարկում, բայց այն հսկայական ֆինանսական միջոցները, որ ծախսում ենք հանրային և պետական հեռարձակողների վրա, եթե փորձենք ազգային ծրագրերով, ոչ թե օրվա իշխանության ծրագրերով դարձնել, օրինակ՝ դրամաշնորհներ, ես վստահ եմ՝ պետությունը կունենա այս 16 հեռուստաընկերության տեսքով պետական հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ, որոնք կլուսաբանեն այն ծրագրերը, որոնք մեր ազգային արժեքների պահպանման համար են՝ նոր սերունդ, զինված ուժեր, կրթության համակարգ, բնապահպանական հարցեր:

– Իսկ օրենքի նախագիծը միտվա՞ծ է խոսքի ազատության սահմանափակմանը, ինչպես որոշ շրջանակներ պնդում են:

– Ոչ: Ընդհանրապես, խոսքի ազատությունը սահմանափակելն անհնար է նույնիսկ բռնատիրական երկրներում: Զգուշավոր մարդը չի խոսի, այն մարդը, ով սկզբունքային և գաղափարական մոտեցում ունի, կխոսի: Ի՞նչ է նշանակում՝ խոսքի ազատության սահմանափակում: Խոսքի ազատությունը Հայաստանում անկախությունից ի վեր երբեք չի կարողացել սահմանափակել որևէ մի իշխանություն: Վախի մթնոլորտ, կարող է, ստեղծվել է, բայց խոսքի ազատության սահմափակումն անհնար է:

– Ստացվում է՝ հիմնական խնդիրը, որ ստեղծվելու է ձեզ համար, մասնավոր մուլտիպլեքսի խնդի՞րն է։

– Երբ դու վերցնում ու ասում ես՝ ուզում ենք զարգացնել մասնավոր հեռուստատեսությունը, դրա համար մասնավոր մուլտիպլեքսի հնարավորություն տանք, ընկերներ, ճշտե՞լ եք՝ մասնավոր մուլտիպլեքսն ինչո՞ւ մինչև հիմա չի բացվել, կարո՞ղ է ձեռնտու չի եղել դրա բացումը: Եթե ձեռնտու լիներ, վստահ եղեք՝ կբացեին: Եթե չեն բացել, ուրեմն հաճախորդ չունեն, որ բացեն, որովհետև մենք ունենք փոքր բնակչություն: Մեր երկրին ձեռնտու չէ մի հատ պետական մուլտիպլեքս, մի հատ՝ մասնավոր, մանավանդ, որ ոսկե միջինը կարող ենք գտնել: Մենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ենք ստացել հսկայական հեռուստաաշտարակը, որը հիմա պետական փակ բաժնետիրական ընկերություն է. կարելի է կարգավորել այդ աշտարակի գործունեությունը, վճարովի ծառայություններն ավելացնել կամ պետության կողմից սուբսիդավորել, բայց այնպես լինի, որ հեռուևստաընկերությունները կարողանան աշխատել: Եթե հեռուստաընկերությունները, ռադիոընկերություններն ունեն լիցենզիայի որոշակի ժամանակահատված, այդ ոլորտի մեջ փորձեք մտցնել որոշակի վերահսկողություն: Եթե ես շահել եմ իմ կապուղին՝ ներկայացնելով մի ծրագիր, որը 5 տարվա ընթացքում ձևափոխել, սարքել եմ անհայտ մի ծրագիր, ասել եմ՝ այս չի ստացվում, մյուսն եմ արել, այդտեղ խնդիր ունեցեք տվյալ հեռուստաընկերության հետ՝ ճիշտ է աշխատել, թե սխալ: Բայց եթե դուք ընդհանրապես ուզում եք անել մի բան, որի արդյունքում մանր-մունր համայնքային մասնավոր հեռուստաընկերություններ և անհասկանալի հանրային 5 ալիք ունեցող հեռուստաընկերություն է ստեղծվելու, ապա ստացվում է՝ գնում ենք Կոմկուսի ժամանակներ:

Լավ, ենթադրենք՝ վարչապետը հիմա ժողովրդական մարդ է, նախկինները դիկտատոր էին, բա որ վաղը նորից դիկտատոր փոխվեց, այդ ժամանակ ի՞նչ է լինելու։ Այսինքն՝ եթե այսօր մի բան անում ենք՝ պետք է հաշվի առնենք ամեն ինչ:

Ընդհանրապես, հեռուստատեսությունը Հայաստանում այսօր ձեռնտու բիզնես չէ, մարդիկ, ովքեր հեռուստատեսային գործի մեջ են, հասկացել են, որ արագ զարգացող աշխարհում երիտասարդությունը համացանցից ավելի շատ է օգտվում, քան հեռուստաեթերից: Մենք սոցիոլոգիական հարցում ենք անցկացրել՝ եթերում այդ պահին ավելի քիչ մարդ է դիտում, քան, երբ նույն ծրագիրը հետագայում պտտվում է համացանցում: Մի քանի տարի հետո մարդիկ ընդհանրապես ժամանակ չեն ունենալու կամ իրենց հասանելի ձևերով են փորձելու հեռուստատեսության արտադրանքը նայել:

Ընդհանրապես, հեռուստատեսությունը դառնալու է արտադրամաս, որտեղ ուղղակի արտադրելու է, թե իր արտադրանքը ոնց է իրացնելու, դա այլ հարց է՝ իրեն հասանելի, մատչելի ձևով կփորձի դա անել: Օրինակ՝ նախկինում ո՞վ կմտածեր, որ ցանկացած մարդ կարող է ուղիղ հեռարձակել ցանկացած իրադարձություն, հետն էլ՝ խոսել: Մի ժամանակ հեռուսաընկերությունները ավտոբուսներով, հսկայական անձնակազմով էին գնում դեպքի վայր, որպեսզի ուղիղ եթեր ապահովեն: Այսինքն՝ մենք մի քանի տարի հետո ընդհանրապես ուրիշ տեղում ենք հայտնվելու:

– Հետևաբար՝ մեզ պետք է ավելի ժամանակակից օրենսդրական նախաձեռնություն։

– Այո, մեզ պետք է ավելի ժամանակակից օրենսդրական նախաձեռնություն, որը կվերաբերի ոչ թե վերգետնյա հեռարձակողներին, այլ աուդիո-վիդեո հեռարձակողներին: Այսինքն՝ կապ չունի՝ ինչպես ես հեռարձակում՝ վերգետնյա՞, թե՞ համացանցով, դու ամեն դեպքում պետք է ունենաս մի օրենք, որը համակարգի ամեն ինչը: Օրենքը նրա համար է, որ այդ դաշտում, ոլորտում աշխատող մարդիկ ավելի համակարգված աշխատեն:

– Իսկ եթե օրենքն այս տեսքով ընդունվի՞։

– Հայկական հեռուստաընկերությունների ապագան դրվում է վտանգի տակ։ Այսինքն՝ դառնում է մի պետական հեռուստաընկերություն։ Երբ նոր մտա հեռուստատեսության ոլորտ, այն ժամանակ մասնագետներ քիչ կային։ Հետո բոլոր հեռուստաընկերություններում ներքին կարգով դպրոցի նման բան սարքեցին, աշխատողներին բերում էին, պատրաստում կամ վերապատրաստում էին, հետո ընդունում աշխատանքի, որովհետև դրանից առաջ միայն Հ1-ի դպրոցը կար։ Հետո տարբեր հեռուստաընկերություններ, համաշխարհային փորձն ուսումնասիրելով, փորձեցին իրենց ձեռագրերն ունենալ. եթե հիմա նայեք, ապա հեռուստաընկերություններն իրենց գույնն ու ոճն ունեն։ Ներքին դպրոցի արդյունքում իրենց տարբերությունները եղան։ Հիմա այս ամենը փորձելու ենք ավերել ու հետ գնալ, նորից մի դպրոցի վրա հենվել։ Եթե քաղաքական տեսանկյունից նայենք, ապա հնարավոր է, որ բոլորն էլ պետք է փակենք, բայց այդ հաշվարկներն էլ են սխալ լինելու։

Այստեղ հարցն այն է, որ ընդհանրապես ոլորտից հասկացող մարդիկ, որոնք երկար տարիների հաշիվներ չունեն մաքրելու այդ ոլորտի հետ, պետք է հասկանան, որ այս ձևով մասնավոր հեռուստաընկերությունների դաշտը վտանգվում է։ Իսկ եթե նայեք հանրայինի անցնող տարիների գործունեությունը, այնտեղ էլ պրոֆեսիոնալ թիմ կա, բայց իր փոքր շենքով չի կարողանալու 5 ալիք սպասարկել։

Պետության վրա հնգակի թանկ է նստելու՝ նոր օրենքով սպասարկել հայկական հանրային հեռուստատեսությունը։ Կամ էլ պետք է անընդհատ հարցազրույցների վրա հիմնված տարբեր ալիքներ լինեն։ Հեռուստաընկերության տարածքները դրսում մի 5-6 անգամ ավելի մեծ են, քան մեզ մոտ։ Մենք մեր երկրի չափերով պետք է փորձենք մեր գործունեությունը ձևավորել, որովհետև սրա արդյունքում վաղը է՛լ ավելի մեծ բեռ է ընկնելու պետության վրա։ Կամ մենք ստիպված ընկնելու ենք տարբեր միջազգային ֆինանսական հոսքերի հետևից, իսկ մեր երկրին ո՞րն է օգուտ տալու, դա արդեն պետության օրվա պատասխանատուի պատասխանատվության հարցն է։ Հայաստանը բարդ աշխարհագրական դիրքում ու տարբեր պետությունների հետաքրքրության տիրույթում է գտնվում, եթե պետությունը չգիտակցի՝ այս ոլորտում ինչ է ուզում, ապա ուրիշ երկրներից անընդհատ կգիտակցեն։ Այսօր, եթե Հայաստանում փող չկա, ապա հյուսիսում, հարավում, արևելքում ու արևմուտքում լիքը փողեր կան, և այդ փողերն օգտագործվելու են մեր հասարակության վրա ազդեցություն գործելու համար, իսկ դրա համար ամենահարմար տարբերակը լրատվամիջոցն է։

դիտվել է 523 անգամ
Լրահոս
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am