Նոր հանդիպում՝ լարված մթնոլորտում. Բաքվի հիստերիան

Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արած վերջին հայտարարություններով անցել է կարմիր գիծը:

«Դրանից այն կողմ իրավիճակի հետագա սրացումն է և լարվածության աճը», - ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հավելելով․ - «Այսօրինակ հռետորաբանությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլև կարող է ջուրը գցել խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտում համահայկական խաղերի բացմանը, Փաշինյանը հայտարարել էր․ - «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում: Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

Ահա, պաշտոնական Բաքուն հաջորդ օրն իսկ դատապարտել էր Հայաստանի վարչապետի այս ելույթը՝ պնդելով, թե այն սադրիչ բնույթ ունի և տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», - նշել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:

Արտգործնախարարության խոսնակն էլ երեկ տեղեկացրել է, որ Բաքուն Փաշինյանի ելույթը քննադատող նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, Մինսկի խմբի անդամ երկրներին ու կազմակերպության մյուս անդամներին:
«Այդ նամակներում մենք հանգամանալից կերպով ներկայացրել ենք, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որ ստեղծվել է Փաշինյանի հայտարարությունների արդյունքում», - «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: Նա, սակայն, չի նշել, թե ինչպես են հասցեատերերը արձագանքել Բաքվի այդ մտահոգություններին:

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքելով Բաքվից հնչող քննադատությանը՝ ավելի վաղ պնդել էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ընկալել վարչապետ Փաշինյանի ելույթի համատեքստն ու բովանդակությունը: Ավելին, պաշտոնական Երևանն ասել էր, թե Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում:

Հայաստանի արտգործնախարարությանը նաև մեղադրել էր Բաքվին քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոնները խախտելու, անձնական բնույթի հարձակումների և հայ ժողովրդի հանդեպ անհանդուրժողականությունն ու ատելությունը հովանավորելու մեջ: Իսկ նախօրեին, պատասխանելով լրագրողների հարցին, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պնդել էր, որ Փաշինյանի ելույթին ավելացնելու բան չունի․ - «Այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որևէ նոր ավելացնելու բան չկա: Ամենը ասվեց Ստեփանակերտում»:

Նկատենք, որ այս լարված մթնոլորտում ակնկալվում է, որ երկու երկրների արտգործնախարարները առաջիկայում կրկին կնստեն բանակցային սեղանի շուրջ: «Ազատության» հավաստի աղբյուրների հաղորդմամբ, Մամեդյարով - Մնացականյան նոր հանդիպումը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում: Մինչ այդ նրանք վերջին անգամ հունիսին էին հանդիպել՝ կրկին Միացյալ Նահանգներում:

Վաշինգտոնյան այդ հանդիպումից առաջ իրավիճակը շփման գծում կտրուկ սրվել էր․ երկու շաբաթվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը երկու զոհ էր տվել, զինվորականները միմյանց մեղադրել էին հրադադարը ակտիվորեն խախտելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու մեջ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումից հետո նշել էր, որ հայկական կողմն առաջին հերթին հենց անվտանգության և խաղաղության մթնոլորտի պահպանման հարցն է բարձրացրել․ - «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումն ապագա չի ունենա: Եվ բազմիցս ասել ենք և կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու»:Երկու արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումից առաջ ևս իրավիճակը շփման գծում հանդարտ չէ․ հուլիսի վերջին հայկական կողմն ունեցավ մեկ զոհ և մեկ վիրավոր, ևս մեկ զինծառայող էլ վիրավորվեց այս շաբաթ Տավուշում: Անդրադառնալով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ադրբեջանցի գործընկերոջ հետ առաջիկա հանդիպմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասել էր․ - «Հայկական կողմի համար գերակա հարց է մնում Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակի հարցը»:

Թամար Բագրատունի

դիտվել է 7853 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am