Զորյանն ազատվել է պաշտոնից. մանրամասներ
Ազգային ժողովի աշխատակազմի ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանն ազատվել է աշխատանքից։
Զորյանը ‹‹Փաստինֆո››-ին հայտնեց, որ աշխատանքից ազատվելը պայմանավորված է Ազգային ժողովում կառուցվածքային փոփոխություններով։
«Վարչության պետի տեղակալի հաստիք այլևս գոյություն չունի գրեթե բոլոր վարչություններում։ Ես դրա մասին տեղեկացել եմ ամսի 9-ին»,- ասաց Զորյանը։
Նշենք, որ «Հրապարակ» թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Ըստ թերթի՝ նախօրեին այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։
Փորձեցինք Հրայր Զորյանից ճշտել նաև, արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ԱԺ-ում ‹‹ազատվում են›› անցանկալի կադրերից, սակայն Զորյանը խնդրեց այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ վարչությունից:
Հարցին, պատրաստվու՞մ է մասնակցել վարչության պետի համար մրցույթին, Զորյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կհասկանանք»։