Մարդիկ՝ ճաղերի հետևում

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճաղերի հետեւում պահել մարդկանց՝ իրենց հայացքների համար: Եթե այդ մարդկանց խախտված իրավունքների մասին աջակիցները ցանկանում են բողոքել՝ նրանք էլ զրկված են դրա հնարավորությունից:
Մոտ երկու տասնյակ ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել Բաքվում՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Ցույցը, սակայն, երկար չի տևել, մեկնարկից մոտ ութ րոպե անց արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հերթով բերման ենթարկել ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ ակցիան սկսվել էր Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի ամենահին ու կայացած կուսակցություններից մեկի՝ «Մուսավաթի» անդամ Ազադ Հուսեյնովի գործով դատական նիստից հետո: Ալիևի վարչակազմի դեմ պայքարող երիտասարդը կես տարի է՝ ճաղերի հետևում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, որը կտրականապես չի ընդունում: Հուսեյնովը պնդում է, որ թմրանյութն իր գրպանում է հայտնվել ոստիկանների անմիջական մասնակցությամբ, և դա է պատճառը, որ ձերբակալության պահին նրանք միանգամից հայտնաբերել ու առգրավել են այն:

Ամիսներ առաջ դեռ Հուսեյնովի փաստաբանը բողոք է ներկայացրել գործում առկա հակասությունների ու անճշտությունների վերաբերյալ, քննությունը, սակայն, մինչ օրս տեղից չի շարժվել: Այսօր պարզվել է, որ ոստիկանությունը ընդդիմադիր գործչի առաջադրած հարցադրումներին կրկին չի պատասխանել: Ի նշան բողոքի Հուսեյնովը մեկ շաբաթ է՝ հրաժարվել է հացից, օրերս նրա առողջական վիճակը վատացել է, իրավապահները տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

«Չնայած առողջական խնդիրներին՝ Ազադը հացադուլը դադարեցնելու միտք չունի», -այսօր հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: «Իշխանությունը միտումնավոր ձգձգում է դատական գործընթացը առանց որևէ բացատրության ու հիմնավորման․ Ազադ Հուսեյնովը ութերորդ օրն է՝ հացադուլի մեջ է, մենք այսօր հորդորեցինք նրան հրաժարվել ծայրահեղ այդ քայլից, սակայն նա վստահեցրեց, որ հաստատակամ է գնալ մինչև վերջ»:

Ազադ Հուսեյնովը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ սոցիալական ցանցերում սկսել էր քննադատել Ադրբեջանի իշխանություններին՝ համատարած կոռուպցիայի ու բռնաճնշումների համար: 2014-ին, իր դեմ սկսված քաղաքական հետապնդումներից հետո, ընդդիմադիր ակտիվիստը հարկադրված հեռացել էր հայրենիքից և քաղաքական ապաստան ստացել Լիտվայում: Անցած տարի, սակայն, նա վերադարձել էր Ադրբեջան՝ ծանր հիվանդությամբ տառապող հորը տեսակցելու, և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Ավելի քան վեց ամիս է՝ Հուսեյնովի գործով քննությունը դոփում է տեղում, դատական նիստն այսօր էլ չսկսված՝ ընդմիջվել է՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիրների զայրույթը:

«Ազադը որևէ հանցանք չի գործել, և այժմ ճաղերի հետևում է հայտնվել լոկ «Մուսավաթ» կուսակցությանն անդամակցելու, իշխանություններին քննադատելու և հանուն ժողովրդավարության պայքարելու համար: Մեր նպատակն է հասնել նրա և Ադրբեջանի մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը», ֊ ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: Եթե դատարանը հիմնավոր համարի առաջադրված մեղադրանքը, Հուսեյնովը կարող է 5-12 տարվա ազատազրկման դատապարտվել:

Տեղական ու արևմտյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքական են որակել նրա դեմ սկսված հետապնդումը: «Անցած տարիներին Ադրբեջանում հազարավոր մարդիկ ճաղերի հետևում են հայտնվել առանց որևէ հիմքի՝ ենթարկվելով կտտանքների», ֊ հայտարարել է Կտտանքների և բռնաճնշումների դեմ պայքարի կոմիտեն, մանրամասնելով՝ մի քանի տարվա ընթացքում առնվազն երեսուն մարդ կտտանքների զոհ է դարձել: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է՝ Ալիևի վարչակազմը ընդգծված վերաբերմունք ունի նաև Եվրոպայում կամ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն պատճառով ստիպված են լինում վերադառնալ Ադրբեջան:

«Անցած հոկտեմբերին հորը տեսակցելու համար Բաքու վերադարձած Ազադ Հուսեյնովը կես տարի է՝ ազատազրկված է շինծու մեղադրանքներով», -ասել է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով․ ֊«Դատախազությունը ապօրինությունների ու կեղծ մեղադրանքների մասին հաղորդումները քննելու փոխարեն ճնշումներ է գործադրում լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1424 անգամ
Լրահոս
Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am