Որքա՞ն կտեւի Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը շուրջ 5-6 ամիս կտեւի; Այս մասին այսօր՝ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
«Վենետեիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որպես կանոն 5-6 ամսում է տրվում, իսկ ՄԻԵԴ–ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու առումով այդ գործն ընդունի վարույթ, թե՝ ոչ , իսկ դրանից հետո քննությունը 5 ամիս է տեւում, իսկ նման իրավիճակում առավել քան տրամաբանական է, որ երկրորդ նախագահը չի կարող լինել կալանավորման ռեժիմում»,–ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ քննարկի խափանման միջոցի հարցը։