Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Այսօր մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը եւ մինչ բուն օրակարգի քննարկման անցնելը՝ կցանկանայի անել մի քանի շեշտադրումներ:

Ընդհանրապես, ինչո՞ւմ է կայացել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը: Խնդիրը եղել է այն, որ, ըստ էության, մշտապես, անընդհատ, բազմիցս, մեծածավալ այդ մասին խոսվել է, բայց իրականությունը դրանից չի փոխվել: Դրա համար եղել են բազմաթիվ պատճառներ, եւ այդ բազմաթիվ պատճառներից ամենակարեւորը, իմ գնահատմամբ, քաղաքական կամքի բացակայությունն է եղել, եւ երբեք Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը եւ հակակոռուպցիոն մեխանիզմները չեն համապատասխանել դրա վերաբերյալ խոսակցության ծավալներին եւ բովանդակությանը:

Այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Իրավիճակն այսպիսին է, հիմա արդեն կարող ենք ասել, առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: Իհարկե, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, այստեղ պետք է նաեւ համակարգային պատճառները չանտեսել, այդ թվում` որոշակի համակարգային հնարավոր դիմադրությունը չի կարելի անտեսել, եւ այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը եւ՛ կանխարգելման իմաստով, եւ՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս եւ ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը:

Իհարկե, այս համատեքստում մենք ունենք նաեւ որոշակի մարտահրավերներ, որոնցից կարեւորագույնն անձամբ ինձ համար հետեւյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձեւերով եւ կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որեւէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին եւ ժողովրդավարական իրականությանը:

Սրանք նույնպես շատ կարեւոր խնդիրներ են, որոնք մենք մեր առաջ դնում ենք եւ պետք է դնենք, բայց մի բան ակնհայտ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձեւերով պայքար մղելը: Ընդ որում, շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաեւ ընթացիկ եւ, որ շատ ավելի կարեւոր է, ապագա կոռուպցիան: Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետեւ, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի եւ ժողովրդի ճակատագրի համար: Եվ ուրեմն մենք պետք է արագ, բայց անշտապ եւ առանց չմտածված քայլերի կարողանանք երաշխիքներ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան չի կարող ունենալ այն ծավալները եւ ազդեցությունը, որ երբեւէ ունեցել է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր այս գործընթացի մեջ ներգրավված են ոչ թե ի պաշտոնե, այլ համաձայնությամբ եւ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս համատեղ աշխատանքը դարձնել իրապես արդյունավետ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաեւ շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ է սահմանվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետեւողական կենսագործումը բոլոր անհրաժեշտ ուղղություններով: Այդ նպատակին հասնելու համար առաջադրվել են հետեւյալ խնդիրները՝ անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում եւ զարգացում, հանրային ծառայողի օրինավոր եւ բարեխիղճ կերպարի ձեւավորում, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների նվազեցում, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության եւ մասնակցայնության գործիքների շարունակական ներդրում, իրավական եւ գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետություն եւ այլն: Ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ հակակոռուպցիոն կրթություն եւ իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախարարը նաեւ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի եւ կներկայացվի հանրային քննարկման:

Օրակարգի երկրորդ հարցով արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ (2019 թ. հոկտեմբեր-2020 թ. հոկտեմբեր), եւ երկարաժամկետ (2020թ. հոկտեմբեր-2023թ. դեկտեմբեր): Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը եւ նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը եւ նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը, երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը եւ ներդրումը 2019-2023 թթ., այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը եւ արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը եւ այլն:

Արդարադատության նախարարի զեկուցումից հետո ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության շրջանակին, կարգավիճակին, գործառույթներին, կադրային համալրմանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններին, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարագրման համակարգին, հակակոռուպցիոն պայքարի արդյունքների մոնիթորինգին, դատավորների բարեվարքությանը, պաշտոնատար անձանց ունեցվածքին, եկամուտների թափանցիկության եւ նրանց բարեվարքության ստուգման մեխանիզմների հստակեցմանը վերաբերող եւ այլ հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ շահագրգիռ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ ներկայացված առաջարկների շուրջ եւ լրամշակված նախագիծը ներկայացնել Խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am