Առ այս պահը ես չեմ կարողացել հասկանալ, թե վեթինգ ասելով մեր իշխանությունը ինչ է ուզում անել. Նաիրա Զոհրաբյան
Առ այս պահը ես չեմ կարողացել հասկանալ, թե վեթինգ ասելով մեր իշխանությունը ինչ է ուզում անել՝ բոլորի՞ն են ուզում ծայրից ծայր վեթինգ անել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երբեմն հնչում էին հայտարարություններ, որ բերելու են նախագիծ, եւ քննարկելու են դատավորների նաեւ իրենց 5-րդ հարկում ապրող հարեւանի, վերջինիս Ջրվեժի առանձնատանն ապրող բարեկամի կապը տվյալ դատավորի հետ: Այսինքն մենք պետք է հասկանանք, թե իշխանությունն ինչ նկատի ունի վեթինգ ասելով: Ես երբեւէ ընկալունակության հետ խնդիր չեմ ունեցել, բայց հիմա համառորեն չեմ հասկանում, թե այս գործընթացը՝ վեթինգ, անցումային արդարադատություն, ինչպես է անցկացվելու: Մեկն ասում է՝ վեթինգ ասելով նկատի ունենք բարեվարքություն, մեկն ասում է՝ վեթինգ ասելով նկատի ունենք ինկվիզիցիա, մեկն ասում է՝ նկատի ունենք, որ հրապարակում շարելու ենք կախաղաններ եւ բոլորին կախելու ենք, որոնք ինչ-որ պատմություններումններգրավված են եղել: Ի դեպ, ես կողմ եմ, որ նրանց ենթարկեն վեթինգի, բայց ես կողմ չեմ, որ որեւէ մեկին կախեն կամ գնդակահարեն, որովհետեւ սա 1937 թվականը չէ»,-հայտարարեց Զոհրաբյանը: