Անցած տարվանից պետական մակարդակով «հակասևան» քարոզչություն են իրականացնում. Ակցիայի մասնակիցներ
Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Տնտեսվարողները բողոքում են, որ լճի կանաչման մասին լուրերից հետո այնտեղ հանգստացող քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է:
«Եթե թունավոր է, թող կարատին հայտարարեն, որպեսզի մարդիկ, ովքեր ջրառ են իրականացնում ու Արարատյան դաշտում պտուղ-բանջարեղեն աճեցնում, ջուր չտանեն: Իսկ եթե թունավոր չէ, թող ֆլեշմոբ իրականացնեն, գան լողան ու ցույց տան, որ ջուրը մաքուր է: Երևան-Սևան ճանապարհին վահանակների վրա գրված է, որ հրավիրում են Բաթումի, մի տեղ չկա Սևանի մասին գրած լինեն: Պետական մակարդակով հակասևան քարոզչություն է իրականացվում: Գալիս են մաքուր ջուրը տեսնում են, գնում են ճանապարհից դուրս ճահճացած վայրը նկարում են ու ցույց տալիս մարդկանց, թե այն թունավոր է»,- հայտարարել են նրանք:
Քաղաքացին հայտարարեց, որ «հակասևան» քարոզչությունը սկսվել է անցած տարվանից. «Մենք փող չենք մուրում, չենք ասում սառեցրեք վարկերը: Խնդրում ենք, որ թողեն աշխատենք»:
Այս պահին փողոցն արդեն բացել են, սակայն քաղաքացիները մտադիր են այն փակել Գագարին գյուղի մոտ: