Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում. Տաթևիկ Ռևազյան (video)
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց կատարված աշխատանքներն ու նպատակները:
«Հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ աջ ու ձախ կարողանանք փող ծախսել, շատ կարևոր է, որ մենք կարողանանք անվճար տեղեր գտնել տարբեր ավիացիոն դպրոցներում, համալսարաններում, ու այն արդյունքը, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ, ես կարողացել եմ ներգրավել շատ ուժեղ մասնագետներ Հայաստանում»,-նշեց Տաթևիկ Ռևազյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը մտադիր է Հայաստանը ճանաչելի դարձնել ողջ աշխարհին. «Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում, քաղավիացիայի ոլորտում հիմնականում, և շատ հպարտ եմ, որ հիմա քաղավիացիայի պետ չկա, որ Հայաստանի տեղի չգիտի»: