«Սա Վրաստանի և վրաց ժողովրդի խայտառակությունն է». Քադիրով
«Կովկասում տղամարդը նման խոսքեր չի արտաբերում անգամ արյունարբու թշնամու հասցեին: Գաբունիան ի ծնե վախկոտ է, սա վրաց ժողովրդի և Վրաստանի խայտառակությունն է:Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից և ժողովրդից: Պետք է քրեական գործ հարուցել Գաբումիայի դեմ »,- տելեգրամյան իր ալիքում Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, որում վերջինս հայհոյանքներ է տեղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Քադիրովի խոսքով՝ աշխարհում միլիոնավոր մարդիկ խոր հարգանք են տածում Վլադիմիր Պուտինի նկատմամբ, և Գաբունիային հարկավոր է փակել 7 կողպեքի տակ, հակառակ դեպքում «առաջին իսկ պատահածը կարող է նրա հետ անել այն, ինչին նա արժանի է»:
«Մենք չենք կարող մշապես ձևացնել, իբր չենք նկատում Վրաստանի ընդգծված թշնամական արարքները: Պետք է այդ երկրի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ սահմանենք, որոնք չեն վերաբերի Ռուսաստանի վրացի քաղաքացիներին: Այժմ մեզ փորձում են ներշնչել, թե Վրաստանը դատապարտել է այդ սրիկայի արարքը, սակայն այն պետք է ոչ թե քննադատել, այլ սրիկային հեռու պահել ուղիղ եթերից»,- եզրափակել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը: