ՔՊ-ից Լոռու մարզպետին ճնշել են՝ կեղծ դիպլոմով խորհրդականին ազատել է աշխատանքից
Օրեր առաջ՝ հունիսի 24-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականներից մեկին՝ Լևոն Տեր-Սիմոնյանին։ Պարզվում է՝ որոշումը երկուստեք համաձայնությամբ չի եղել, պատճառը բոլորովին այլ է։
ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բանը նրանում է, որ խորհրդականը համապատասխան կրթություն չի ունեցել և աշխատանքի է ընդունված է եղել կեղծ դիպլոմով։
«Կեղծ դիպլոմով է անցել աշխատանքի, ինչի մասին մարզպետն ի սկզբանե իմացել է։ Սակայն տեղի ՔՊ-ականների ճնշումների ներքո մարզպետը ստիպված է եղել նրան ազատել աշխատանքից։ Երկուսն էլ օրենքի մեծ խախտում են արել»,- նշում է մեր աղբյուրը։
Մենք լուրի հավաստիությունը փորձեցինք ճշտել հենց Լոռու մարզպետից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ոչ էլ ֆեյսբուքյան հաղորդագրություններին։
Նկատենք, որ Լևոն Տեր-Սիմոնյանը մարզպետի 2-րդ խորհրդականն էր, որի ազատվելուց հետո մարզպետարանի կայքում նրա զբաղեցրած պաշտոնը դեռևս թափուր է։ Իսկ մարզպետի 1-ին խորհրդականի պաշտոնն էլ զբաղեցնում է 80-ամյա Լևոն Ասլանյանը։
Նշենք նաև, որ Լևոն Տեր-Սիմոնյանը ձեռներեց է, անկուսակցական: