Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։

-Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ հեղինակը տարրական պատկերացում չունի ո՛չ սահմանադրական նորմերի մեկնաբանման, ո՛չ էլ ընդհանրապես իրավունքի մասին։ Ու դրանով նա արդեն իսկ լուրջ կասկածի տակ է դրել բարձր մասնագիտական որակներ ունենալու հանգամանքը, որը պարտադիր է ՍԴ դատավորի համար։ Իրավանորմերի մեկնաբանումից ոչինչ չհասկացող մարդը չի կարող դատավոր լինել, այն էլ ՍԴ-ում։ ՍԴ-ն գիտնականների դատարան է։

-Սահմանադրական դատարանի անդամ եւ դատավոր տերմինների կիրառելիության խնդիր տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ տարբերությունը զուտ տերմինների՞ մեջ է, թե՞ կա նաեւ բովանդակային-գործառութային տարբերություն:

-Տարբերությունը միայն հասկացությունների մեջ է, լիազորությունների տեսանկյունից որևէ տարբերություն չկա։ Բացարձակապես անկարևոր է, թե ՍԴ անդամին կանվանենք դատավոր, թե հենց անդամ։ Երկուսն էլ նույն գործով են զբաղվում՝ իրականացնում են սահմանադրական արդարադատություն։ Ընդամենը 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող անդամները կոչվում են դատավորներ, իսկ դրանից առաջ նշանակվածները՝ անդամներ, որոնք Սահմանադրության պահանջով շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ ՍԴ դատավորներն էլ են ՍԴ անդամ, ինչպես որ պատգամավորները խորհրդարանի անդամներ են, իսկ նախարարները՝ կառավարության անդամներ։ Հետևաբար, «անդամ» հասկացությունը սեռային հասկացություն է։ Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է կարդալ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Եթե մենք «ՍԴ դատավոր» ու «ՍԴ անդամ» հասկացությունները չմեկնաբանենք իմ ասած իմաստով, ապա լուրջ պրոբլեմ կունենանք Սահմանադրության այլ նորմերի մեկնաբանման հարցում։ Օրինակ՝ Սահմանադրության․ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հաջորդ հոդվածում՝ 148-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանադիրն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Եթե նշված նորմերը մեկնաբանենք Վահե Գրիգորյանի ու նրա թիմակից փառահեղ իրավաբանների մեթոդով, ապա պիտի պնդենք, որ նշված երկու նորմերում հիշատակված սուբյեկտները նույնը չեն, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետները և նախարարները կառավարության անդամներ չեն, որովհետև չկա Սահմանադրության մեջ մի հատուկ դրույթ, որտեղ բառացի սահմանվում է, որ կառավարության անդամները նույն վարչապետը, փոխվարչապետները և նախարարներն են։ Ու նման մեկնաբանության հետևանքը կլինի այն, որ Սահմանադրության ընդհանուր տրամաբանությունը կաղավաղվի, ամեն ինչ կդառնա անհասկանալի մի շիլաշփոթ։ Հետո՞։ Բա իրեն հարգող իրավաբանը նման անհեթեթ բաներ կպնդի՞։ Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել։

Վահե Գրիգորյանը գիտությանն անհայտ իր այս մեթոդով էր մեկնաբանում Սահմանադրությունը նաև այն ժամանակ, երբ պնդում էր, թե Հանրապետության Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ ունենա առաջնային ժողովրդավարական լեգիտիմություն, բայց պաշտոնավարի այս Սահմանադրությամբ նախատեսված չնչին լիազորություններով։ Ու դրանից էլ հետևություն էր անում, թե Նախագահը ոչ լեգիտիմ է, բայց երեք անգամ դիմում էր այդ նույն Նախագահին՝ խնդրելով առաջարկել իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար։

-Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ 2018 թվականից առ այսօր ՍԴ բոլոր որոշումները կհամարվեն առ ոչինչ: Կստացվի, որ մեկ տարի շարունակ ՀՀ-ում չի գործել ՍԴ: Սա ի՞նչ կնշանակի, արդյո՞ք կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

-Ծիծաղելի է, չէ՞, պնդել, թե իբր մի տարի շարունակ երկրում Սահմանադրական դատարան չի եղել, բայց ոչ ոք չի իմացել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ու չէ՞ որ հենց 2015 թվականի Սահմանադրությունն է պահանջում, որ ՍԴ անդամները շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Նման կարգավորման գոյության պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, թե ՍԴ ադամները գործող Սահմանադրությամբ ոչ մի լիազորություն չունեն։ Բա 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ինչի՞ մասին է։ Ու շատ տգեղ է լուրջ դեմքով հիմար հայտարարություններ անելու միջոցով փորձել հիմարի տեղ դնել ամբողջ իրավաբանական համայնքին։ Իբր ամբողջ պետության մեջ մի հոգի է Սահմանդրությունից բան հասկանո՞ւմ։ Ոչ մի սահմանադրական ճգնաժամ չկա ու չի առաջանա, ամեն ինչ հստակ կարգավորված է գործող Սահմանադրությամբ, ամեն բան իր հունով ճիշտ գնում է։ Ընդամենը մեկի անհիմն մասնավոր կարծիքը չի կարող երկրում ճգնաժամ առաջացնել։

-Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա:

-Վահե Գրիգորյանի հայտարարությունը չունի որևէ պարտադիր ուժ որևէ մարդու՝ ներառյալ Հրայր Թովմասյանի համար։ Դա ընդամենը նրա կարծիքն է, այն էլ՝ ակնհայտ անհիմն ու սխալ։ Գիտակից քաղաքացիներն ուղղակի կարհամարհեն դա։Իսկ բողոքի ակցիաներ անցկացնելը յուրաքանչյուրի իրավունքն է ու պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Հրայր Թովմասյանը պետք է հանդուրժի դրանք։

-Ձեր՝ ՍԴ դատավոր չընտրվելու եւ այս հայտարարության միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք:

-Անմիջական կապ չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար արդեն հասկանալի է, որ ԱԺ մեծամասնությունը երկու իրավաբան գիտնականների ընտրությունը դիտավորյալ տապալեց այդ ոլորտում անպայման իր շահերն սպասարկող դիլետանտի ընտրությունն ապահովելու համար։

-Ի՞նչ կարելի է ակնկալել Վահե Գրիգորյանի եւ Հրայր Թովմասյանի օրերս կայացած հանդիպումից: Դուք ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Երբ, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն է այդպիսի հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս ու վերից վար խառնում բոլոր Սահմանադրություններն ու դրանց նորմերը, ամեն բան սարքում շիլաշփոթ, երբ լրագրողն է անընդհատ ուղղում նրան իրավունքի հարցերում, ապա կարելի ու ուղղակի ժպտալ ու առաջ անցնել․ դե հիմա իրավունքի մասին այդ մարդու պատկերացումն էլ այդքան է։ Կարելի է ըմբռնումով մոտենալ։ Բայց բոլորովին այլ է վիճակը, երբ Սահմանադրության հետ նույն կերպ վարվում է ՍԴ դատավորը։ ՍԴ դատավորը պիտի խորը հարգանք տածի երկրի Սահմանադրության նկատմամբ, այն մեկնաբանի ու կիրառի այնպես, որ դրա նորմերի միջև հակասություններ չառաջանան, այլ ոչ թե դիտավորյալ խեղաթյուրի այն։ Վահե Գրիգորյանի վերաբերմունքը մեր պետության Սահմանադրության նկատմամբ անթաքույց շատ բացասական ու արհամարհական է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում պաշտպանել այդ նույն Սահմանադրությունը։ Ակնհայտորեն նա ի վիճակի չէ կատարել ՍԴ դատավորի լիազորություններ։ Բացի այդ, նրա հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան։ Ուստի ես ակնկալում եմ ՍԴ-ից, որ նա համապատասխան դիմումի դեպքում գործող Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա որոշում կընդունի Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ նա թույլ է տվել ՍԴ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի էական խախտում»։

-Նույն փոփոխված Սահմանադրության անցումային դրույթով սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Ինչու՞ այս դեպքում էլ նշված չէ՝ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես անդամ կամ դատավոր։ Այս առումով որևէ բաց տեսնո՞ւմ եք։

-Սա համեմատելի չէ ՍԴ անդամների խնդրի հետ։ Գործող Սահմանադրությամբ այլևս գոյություն չունի Վերահսկիչ պալատ, այլ այն վերանվանվել է Հաշվեքննիչ պալատ։ Առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության պարզաբանման կարող էր հարց ծագել, թե ինչ է լինում Վերահսկիչ պալատի անդամների հետ, չէ որ Վերահսկիչ պալատ այլևս գոյություն չունի։ Նրանք այլևս չե՞ն աշխատելու, դադարո՞ւմ են նրանց լիազորությունները։ Սահմանադիրը նշված դրույթով ընդամենը հստակեցնում է, որ Վերահսկիչ պալատի անդամները մնում են անվանափոխված Հաշվեքննիչ պալատի անդամներ։ Անկեղծորեն ասեմ, որ առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության դրույթի էլ ողջամիտ մեկնաբանությամբ կստանայինք նույն արդյունքը։ Այնպես որ, գոնե ինձ համար այդ դրույթի առկայությունն ամենևին էլ պարդադիր չէր։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներին, ապա ՍԴ-ն ինքը՝ իբրև դատարան, ո՛չ վերացվել է նոր Սահամանադրությամբ, ո՛չ էլ անվանափոխվել։ ՍԴ անդամները ինչպես եղել են, նույն կերպ մնացել են ՍԴ անդամներ։ Այդ պատճառով էլ բավական է, որ սահմանադիրը 213-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ հստակեցրել է միայն նրանց պաշտոնավարման ժամկետների հարցը, քանի որ գործող Սահամանադրությամբ փոխվել է միայն դատավորների պաշտոնավարման ժամկետը, իսկ դատարանի ու դրա ադամների լիազորությունների հարցում ոչինչ չի փոխվել, ուստի այդ տեսանկյունից որևէ բան հստակեցնելու կարիք չկա։ Այս հանգամանքը նույնպես մի լրացուցիչ փաստարկ է այն մեկնաբանման օգտին, որ սահմանադրի համար ՍԴ դատավորի ու ՍԴ ադամի միջև լիազորությունների տեսանկյունից բացարձակ ոչ մի տարբերություն չկա։ Նրանց միջև միակ տարբերությունն անվանումն է ու պաշտոնավարման ժամկետը։

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am