Վահե Գրիգորյանը պատրաստվում է 9 կտոր դառնա՞լ

Վերջերս մի անեկդոտ էի կարդացել, որը շատ է դուրս եկել, հարց է տրվում. «Ո՞րն է դրախտը Եվրոպայում»: Պատասխան. «Դա այնպիսի իրականությունն է, երբ Եվրոպայի բոլոր խոհարարները ֆրանսիացիներ են, բոլոր ոստիկանները` բրիտանացիներ, բոլոր ինժեներները գերմանացիներ, բոլոր սիրեկանները` իտալացիներ եւ ամենքին ղեկավարում են շվեյցարացիները»:

Իսկ ո՞րն է դժոխքը Եվրոպայում․ «Օ՜, դա արդեն այն դեպքն է, երբ Եվրոպայի բոլոր խոհարարները բրիտանացի են, բոլոր ոստիկանները` գերմանացի, բոլոր ինժեներները` ֆրանսիացի, բոլոր սիրեկանները` շվեյցարացի, եւ ամենքին ղեկավարողը իտալացիներն են»:

Զվարճալի անեկդոտ է, նույնքան էլ խորն ու ճշմարիտ: Ինչպես հազարամյակների արեւելյան իմաստնությունն է սովորեցնում, որ նույն նյութը ե՛ւ դեղ է, ե՛ւ թույն, տարբերություն ստեղծում է միայն չափը, այնպես էլ մարդկանց դեպքում նույն մարդը մի դերում բարեգործ է, մեկ այլ դերում` չարիք: Վկա` Նիկոլ Փաշինյանը. որպես ընդդիմադիր պատգամավոր իր լավագույն ամպլուայի մեջ էր: Իհարկե, այնպես չէ, թե տպավորիչ կամ արժեքավոր օրինաստեղծ աշխատանք էր ծավալում, բայց հաջող խոսում էր` սրամիտ, քննադատական ոգով, ճշմարտացի, այդքանով էլ հրաշալի էր:

Մինչդեռ վարչապետի պաշտոնում կատարյալ թյուրիմացություն ու պատուհաս է դարձել, դրսում` ահաբեկված ու քծնող, գործադիրում` կառավարելու անկարող, հասարակության հետ հարաբերություններում` ամբոխավար ու անպատասխանատու:

Բայց արի ու տես, որ կյանքը իրոք չինական վարդի է նման. միշտ էլ մի նոր թերթիկ կարող է բացվել: Երեկ Փաշինյանի անկմանը գերազանցող եղավ: Որքան էլ դժվար է հավատալ, ճանաչված, ու գնահատված իրավաբան, փաստաբան Վահե Գրիգորյանը նախօրեին ՍԴ անդամ կամ դատավոր ընտրվելուց հետո այնպիսի սոփեստություն, դեմագոգիա ու ձեռնածություն ի ցույց դրեց, որ գերազանցեց Փաշինյանին: Ինչպե՞ս կարող է ՍԴ ինը դատավորներից կամ անդամներից ընդամենը մեկը ինքն իրեն միանձնյա ընտրել ՍԴ նախագահ:

Անվանափոխությունը գործառո՞ւյթ է դադարեցնում

Երեկվանից մեծ թվով իրավաբաններ վկայակոչում եւ մեջբերում են սահմանադրական այն կարգավորումը, որը երաշխավորում է ՀՀ սահմանադրական դատարանի անխափան գործունեությունը անկախ նրանից, թե Սահմանադրական դատարանի կազմում ընտրված անձինք ՍԴ անդամ են կոչվում, թե ՍԴ դատավոր: Այդ իրավական կարգավորումը սպառիչ ձեւակերպված եւ ամրագրված է ՀՀ գործող սահմանադրության 213 հոդվածում. «Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․

… Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը…»։

Եթե իրավունքի բարձր ոլորտից իջնենք կյանքի առօրյա իրականություն, ապա Վահե Գրիգորյանի բարձրաձայնած ցնորամտությունը, թե ՍԴ անդամը ՍԴ դատավոր չէ, քանի որ պաշտոնի անվանափոխություն է եղել, ավելի մեծ անհեթեթություն կթվա:
Անմեղսունակներից բացի, կգտնվի՞ այնպիսի մարդ, որը չգիտակցի, որ հիմնարկության կամ պաշտոնի անվանափոխության արդյունքում հիմնարկի կամ պաշտոնյայի աշխատանքը չի կարող դադարել: Դիցուք ՀՀ տրանսպորտի կամ արդյունաբերության նախարարությունները վերջին մեկ տարում քանի անգամ անվանափոխվեցին: Ըստ Վահե Գրիգորյանի տրամաբանության ամեն անգամ, երբ կառավարության որոշմամբ կատարվում է անվանափոխություն, նախարարությունը պետք է մի քանի շաբաթ կամ ամիս փակվի, բոլոր աշխատակիցները ինքնաբերաբար համարվեն աշխատանքից ազատված, հետո նոր մրցույթներով կամ արտամրցութային կարգով նշանակվեն անվանափոխված պաշտոններո՞ւմ: Վահե Գրիգորյանը կամ փաշինյանական դըմփ-դըմփ-հու-երը իրո՞ք այդպես են կարծում:

Այդ դեպքում թող փորձեն կյանքի կոչեն, տեսնենք դրանից հետո ինչ քաոս կստեղծվի եւ դըմփ-դըմփ-հու-երը որտեղ կհայտնվեն` հարազատ alma-mater-ում` փողոցում, թե՞ ավելի հեռու` Նուբարաշենի աղբանոցում: Իսկ եթե այնքան հեղհեղուկ ու հարափոփոխ գործադիր իշխանությունում կառույցների կամ պաշտոնների անվանափոխությունները չեն անդրադառնում պաշտոնատարների գործունեության շարունակականության վրա, ապա դատական համակարգում, ուր հազարամյակներով գործառույթ չի փոխվում, ինչպես կարո՞ղ են անդրադառնալ: Պարզից էլ պարզ է` ոչ մի կերպ:

Ինքնակտրատում Խաշոգջիի նմանությա՞մբ

Բայց եթե իրավունքի բարձր ոլորտներից իջնենք տարրական տրամաբանության հարթություն, ապա ավելի մեծ ապուշության հետ գործ ունենք։

Ի՞նչ է ասված ՀՀ սահմանադրությունում. ինչպե՞ս է ընտրվում ՀՀ ՍԴ նախագահը: Համաձայն սահմանադրության 166 հոդվածի 2-րդ մասի. «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»: Ասվածից հետեւում է, որ ՍԴ նախագահի ընտրության համար հարկավոր է նախ կազմված լինի Սահմանադրական դատարան, եւ համաձայն նույն 166 հոդվածի 1-ին մասի «1. …Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից…»:

Այժմ տրամաբանական կազուսը` եթե ըստ Վահե Գրիգորյանի ներկա պահին միայն ինքն է ՍԴ դատավոր, ապա իր մեկ ֆիզիկական անձից ինչպե՞ս է արտածում, գոյացնում եւ սեղանի շուրջ շարում եւս ութ ՍԴ դատավոր, որպեսզի կազմվի ՍԴ դատարան: Եթե Գրիգորյանը վճռական է իր մեկ անձից ինը հոգանոց սահմանադրական դատարան կազմավորելու մտադրությունում, ապա նման աբսուրդը իրականացնելու մի ուղի է երեւում` սեփական մարմինը կտրատել ինը մասի, դիցուք` անջատել վերին եւ ստորին վերջույթները, հետո դրանք էլ ծնկից ու արմունկից երկատել, շարել սեղանի շուրջ ու կոչել ՍԴ դատավորներ, սեփական գլխով եւ իրանով էլ ներկայանալ, որպես ՍԴ իններորդ դատավոր եւ այդպես կազմավորել Սահմանադրական դատարան:

Այդ դեպքում Վահե Գրիգորյանը կարող է նույնիսկ նամակ գրել Սաուդյան Արաբիայի արքայազն բին Սալմանին․ «Ձերդ Արքայական մեծություն, խոնարհաբար խնդրում եմ, այն սղոցը, որ օգտագործեցիք Ստամբուլի Ձեր հյուպատոսությունում լրագրող Ջեմալ Խաշոգջիին մասնատելիս, մի քանի օրով տրամադրեք ինձ` սեփական մարմինս մասնատելու եւ դրանցից սահմանադրական դատարան կազմավորելու համար»: Եւ ի դեմս Վահե Գրիգորյանի, հազարամյակների ընդմիջումից հետո հայտնված կլինի նոր անձ, որ գրեթե Հերոստրատի ու Ներոնի կողքին կկանգնի: Ամենայն լրջությամբ` քանի՞ մարդ է ապրել երկրագնդի վրա, որ սեփական մարմինը կտրատել էորպեսզի 9 հոգանոց դատարան կազմավորի եւ Ֆեմիդային ծառայի:

Իսկ եթե Վահե Գրիգորյանը չի պատրաստում այս աբսուրդի ժանրում շարադրված սցենարով շարժվել, ինքն իրեն կտրատել եւ սեփական մարմնի մասերից ՍԴ ձեւավորել, որն էլ իրեն ընտրի ՍԴ նախագահ, ապա պետք է ՍԴ-ի ներկա կազմից, իրավաբաններից եւ հասարակությունից ներողություն խնդրի երեկ բարձրաձայնած ցնորմտության համար, եւ ինչպես մեր ժամանակների մեծն օխլոկրատն է ասում. «հանգիստ նստի տեղը» որպես ՀՀ սահմանադրական դատարանի շարքային դատավոր։

Հ․ Գ․
Իհարկե, ՍԴ աշխատանքից ազատ ժամերին Վահե Գրիգորյանը կարող է գնալ եկեղեցի, մոմ վառել եւ խնդրել, որ Աստված ՍԴ նախագահ դառնալու իր ճանապարհից հեռացնի Հրայր Թովմասյանին: Կարծում եմ ապահովության համար` նաեւ ՍԴ մյուս դատավորներին կամ անդամներին, քանի որ երեկվա խելագար վարքից հետո հազիվ թե որեւէ մեկը ՍԴ-ում իրեն նախագահ կընտրի: Մինչդեռ կարող էին ինչ-որ ժամանակ հետո նաեւ ընտրել, եթե դատավոր ընտրվելուց անմիջապես հետո չխելագարվեր:

hraparak.am

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am