«Կոտայքի մարզպետը լավ կանի` հրաժարական տա». Էդմոն Մարուքյան (video)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությանը և հետընտրական գործընթացներին:
«Դեռևս մենք ունենք հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումը: Այլևս ոչ մի քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ, որովհետև երբ կապում ենք, հետո ասում են՝ ահա, տեսաք, որ կրվեց հեղափոխությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Աբովյանում հաղթել է քրեաօլիգարխիկ համակարգը, Մարուքյանն ասաց. «Մարզպետը, ընդհանրապես, իր պահվածքով, կարծում եմ, փչացրեց ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա: Բայց իրենց թիմն է որոշողը, իրենց թիմը թող որոշի: Կարծում եմ՝ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստով մոտենալ»: